Լրահոս

12.09.2009 14:37


«Կայունություն» հ/շ համանախագահ. «Ֆուտբոլային դիվանագիտությունը բավականին մեծ կամք ունեցող ղեկավարի քայլ էր»

«Կայունություն» հ/շ համանախագահ. «Ֆուտբոլային դիվանագիտությունը բավականին մեծ կամք ունեցող ղեկավարի քայլ էր»

Սեպտեմբերի 26-ին 54 հ/կ-ներից բաղկացած «Կայունություն» հասարակական շարժումը համաժողով կհրավիրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես կգա: Իսկ մինչ այդ «Կայունություն» հասարակական շարժման համանախագահ Սարգիս Հարությունյանը «Հայացք» ակումբում «7օր»-ին ասել է.

-Հանրապետության նախագահի կատարած քայլը՝ «ֆուտբոլային դիվանագիտությունը», բավականին մեծ կամք ունեցող ղեկավարի քայլ էր։

Նա դրական է համարում, որ ՀՀ-ն իր բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենա։ Միաժամանակ, սակայն, Ս. Հարությունյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք վտանգներ է տեսնում, որոնցից մեկն էլ Արցախի խնդրի կարգավորումն է հօգուտ Ադրբեջանի.

-Ամբողջ աշխարհին է հայտնի, որ Ադրբեջանը Ղարաբաղի հարցում Թուրքիային ընդունում է որպես մեծ եղբոր, և, բնականաբար, Թուրքիան՝ իր թուրքական դիվանագիտությամբ, այնպիսի քայլ չի անի, որը, Ղարաբաղի հարցի հետ կապված, վնասի Ադրբեջանին։

«Կայունություն» հ/շ համանախագահը նաև կողմ է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափը չփոխվի, և այնտեղ Թուրքիան չընդգրկվի։

«Սակայն չե՞ք կարծում, որ Թուրքիային առաջարկելով օժանդակել ԼՂ-ի խնդրի կարգավորմանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքը Թուրքիային Արցախի խնդրի կարգավորմանը միջամտելու իրավունք տվեց»,- Ս. Հարությունյանին հարցրել են լրագրողները։

-Կարծում եմ, որ այդ օժանդակությունը չի կարող լինել այնպես, որ Ադրբեջանը, զգալով իր թիկունքում Թուրքիայի միջամտությունը, լուծի Ղարաբաղի հարցը հօգուտ Ադրբեջանի։ Հանրապետության նախագահն այդպիսի ակնարկ չի կարող անել։ Համոզված եմ, որ նման ակնարկ՝ այդ կոնտեքստով, եթե որևէ մեկը կարող է հասկանալ, բացառված է, որ  ՀՀ նախագահն արած լինի,- պատասխանել է Ս. Հարությունյանը՝ հավելելով, որ նման համոզմունք է հայտնում՝ քաջատեղյակ լինելով Սերժ Սարգսյանի «անցած ճանապարհին ու քաղաքական մտքի թռիչքին»։

Սակայն թե իրականում ո՞ր ենթատեքստով է ՀՀ նախագահը Թուրքիային նման առաջարկ արել, «Կայունություն» հ/շ համանախագահը չի կարողացել պատասխանել՝ առաջարկելով այդ հարցն ուղղել Սերժ Սարգսյանին։

Ս. Հարությունյանը նաև հավելել է, որ թեև իրենք հիշաչար չեն, բայց լավ հիշողություն ունեն.

-Ով Ցեղասպանությունը մոռանա, ինձ հետ խնդիր ունի,- ասել է նա՝ ավելացնելով, որ 100 տարի էլ անցնի, միևնույն է, հայերի և թուրքերի հարաբերությունները եղբայրական լինել չեն կարող։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը