Հարցազրույց

17.09.2014 13:10


Վարդան Բոստանջյան.

Վարդան Բոստանջյան.

Հարցազրույց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ

Ո՞րն է Սահմանադրությունը փոխելու իշխանության բուն նպատակը։

–Իրականում նպատակն այնքան ակնհայտ է, որ մինչև անգամ խելքից պակասի համար է ակնհայտ՝ սահմանադրական փոփոխություններով իշխանությունը վերարտադրվելու խնդիր է լուծում։

–Իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է նախագահի և վարչապետի պաշտոնում չառաջադրվելու մասին, հետևաբար վերարտադրվելու ցանկությունը բացառվում է։

–Ամբողջ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը գործող Սահմանադրությամբ չէր էլ կարող ուզենալ երրորդ անգամ նախագահ առաջադրվել։ Իհարկե, վարչապետ կարող է դառնալ, բայց այդ քայլին չգնալու մասին բարձրաձայնելն ինքնըստինքյան մատնում է նրա հիմնական նպատակները։ Կարևոր չէ՝ նախագահ, վարչապետ, թե այլ, այսինքն՝ ուզում ես դառնալ մեկը, ով միանձնյա ձևով մեկ կետից կկառավարի իշխանական բուրգը։ Բայց դա հիմք չէ Սահմանադրությունը փոխելու համար։ Իսկ եթե իրականում ուզում են մի լավ բան անել, ուրեմն առնվազն թող «քառյակի» ներկայացրած 12 կետերը կատարեն, ոչ թե Սահմանադրություն փոխեն։ Այդ 12 կետերը ներկայացնում են հասարակության պահանջը, որն ասում է՝ հերի՛ք է՝ թալանեք, հերի՛ք է՝ գողություն անեք։

–«Քառյակի» հանրահավաքից ի՞նչ ակնկալիքներ ունեք. հնարավո՞ր է՝ վերածվի իշխանափոխության գործընթացի։

–Բնական է, որ գործող իշխանությունն ուզում է հավերժ իշխել, ընդդիմությունն էլ պետք է դրա դեմն առնի։ Կա՛մ կարող է առնել, կա՛մ չի կարող։ Արդեն ակնհայտ է, որ, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերից մեկը ճեղքվածք է տալիս։ Ուրեմն, երևի թե խոստացել են, որ տորթին մոտիկ տեղավորվելու հնարավորություն կտրվի։ Իհարկե, պետք է ընդունել, որ ամեն մեկը կարող է շարժվել այնպես, ինչպես իր միտքն է թելադրում, բայց, ամեն դեպքում, պետք է այդպիսի մարդիկ մտածեն, որ կին ունեն, երեխաներ, ազգ, և, վերջապես, հասարակություն կա։ Իրենք պետք է մտնեն այդ հասարակության մեջ, ընտանիք և կմտնեն պատվից լրիվ զրկված։ Միայն խոշոր կոնսոլիդացիայի, միասնականության միջոցով է հնարավոր հասնել իշխանափոխության։ Ողջ հասարակությունը պետք է իշխանությանն ասի՝ ո՛չ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը