Հարցազրույց

16.09.2014 15:17


Վահե Հովհաննիսյան. «Ծառուկյանին հաջողվեց հաղթահարել հասարակական հուսալքության այդ դժվար փուլը»

Վահե Հովհաննիսյան. «Ծառուկյանին հաջողվեց հաղթահարել հասարակական հուսալքության այդ դժվար փուլը»

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ
- Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը մեծ արձագանք է գտել եւ շարունակվում է քննարկման առարկա լինել քաղաքական շրջանակներում: Դուք նման զարգացում սպասո՞ւմ էիք եւ որո՞նք են դրա պատճառները:
- Մի կողմ թողնենք քաղաքական դաշտը: Անկեղծ ասած՝ ինձ ամենից շատ ուրախացնում է այն հանգամանքը, որ Ծառուկյանի հարցազրույցը լայնորեն քննարկում է ժողովուրդը՝ հասարակության տարբեր շերտերում: Խանութներում, սրճարաններում, տոնավաճառներում, աշխատասենյակներում, ընտանեկան հավաքների ժամանակ մարդիկ խոսում են, կարծիք են հայտնում, աջակցություն են հայտնում, հավանություն են տալիս, վիճում են այս կամ այն մտքի շուրջ: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիներն անտարբեր չեն երկրի խնդիրների, իրենց խնդիրների, հասարակության խնդիրների հանդեպ: Ամենադժվարը, հավանաբար, մարդկանց մոտ վերջին տարիներին տիրող` որեւէ բան փոխելու անհնարինության այդ զգացումը վերացնելն էր: Անտարբերությունը եւ հուսալքությունը հաղթահարելուց հետո դեպի փոփոխություններ ճանապարհը զգալիորեն կրճատվում է: Փաստենք, որ Ծառուկյանին հաջողվեց հաղթահարել հասարակական հուսալքության այդ դժվար փուլը:

- Հարցազրույցը շոշափում էր բազմաթիվ հարցեր. Դուք անձամբ ո՞ր կետերը կկարևորեք:

- Ես կառանձնացնեի երեք կետ. առաջին` տնտեսական անհապաղ բարեփոխումների անհրաժեշտությունը, որովհետև մեր երկիրը գտնվում է ծանր տնտեսական վիճակում և երկար սպասելու ժամանակ արդեն չկա: Մրցակցության և արդար խաղի կանոնների` ոչ բավարար լինելը, որոշների կողմից դրանց արհամարհումը հասցրել է տնտեսական կոլապսի: Սրան գումարենք նաև Տ. Սարգսյանի սխալ տնտեսական քաղաքականության հետևանքները, և պատկերը կամբողջականանա: Երկրորդ կետը. ես շատ կարևորում եմ, որ Ծառուկյանը խոսեց երկրի երեք նախագահների հանդեպ երբեմն տեսանելի թունավոր մթնոլորտի մասին: Ծառուկյանն ունեցավ խիզախություն` այս խնդրի մասին բարձրաձայնելու: Շատ կարևոր է, որ երեք նախագահները միմյանց հանդեպ պահեն ընդգծված կոռեկտության և զսպվածության նշաձողը: Դա միայն պատիվ կբերի և կբարձրացնի նախագահի ինստիտուտի հանդեպ հարգանքն ընդհանրապես: Ի վերջո, երկրի նախագահը` կլինի ներկա, թե նախկին, տիրապետում է երկրի մասին առանցքային ինֆորմացիայի, կայացրել է ողջ երկրի համար կենսական նշանակության որոշումներ, և նրանց միջև առողջ հաղորդակցությունը, երկրի կարևորագույն խնդիրների շուրջ քննարկումները կարող էին օգուտ բերել պետությանը, հատկապես` այս ծանր տնտեսական ու քաղաքական փուլում: Աշխարհում նման օրինակներ բազմաթիվ կան. սա է ընդունված ավանդույթը: Իսկ ինչո՞ւ մեզ մոտ հնարավոր չէ:
Եվ երրորդ խնդիրը, որը ես կարևորում եմ, վերաբերում է ԲՀԿ-ի ներսում կառուցվածքային կազմակերպչական փոփոխությունների ակնարկին, որի նպատակը կուսակցության էլ ավելի ուժեղացումն է:

- Կա տեսակետ, որ կուսակցության վերնախավում կան տարբեր թիմեր, որոնք տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ և պատկերացումներ ունեն: Ո՞րն է իրականությունը:

- Իրականությունն այն է, որ կուսակցությունում ձևավորվել է հարցերը ազատ, բաց քննարկելու ավանդույթ: Որոշումները կայացվում են բաց քննարկումներից հետո, որտեղ միաձայն քվեարկելը, սովետական ոգով միաձայն հավանություն տալը բացառվում է: Ծառուկյանն իր հարցազրույցում դա հատուկ կարևորել է: Ասեմ անկեղծ. չլիներ այդպես` ես ու իմ շատ ընկերներ պարզապես չէինք լինի ԲՀԿ-ում: Ինչ վերաբերում է թիմերին. նույնիսկ տեսականորեն նման բան հնարավոր չէ: Եւ ԲՀԿ խմբակցության բոլոր հայտնի դեմքերը, այդ թվում` ես, քաղաքական կյանքում չենք անում որևէ կարևոր քայլ` առանց Ծառուկյանի նախապես իմացության կամ առնվազն քայլից հետո նրան տեղյակ պահելով: Սա ամենապարզ և ամենաանկեղծ պատասխանն է:

Աղբյուրը` top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը