Հարցազրույց

16.09.2014 13:56


Դավիթ Հարությունյան. «Սահմանադրական փոփոխություններին մենք դեմ ենք»

Դավիթ Հարությունյան. «Սահմանադրական փոփոխություններին մենք դեմ ենք»

Հարցազրույց «Լիբերալ–ժողովրդական կուսակցության» նախագահ Դավիթ Հարությունյանի հետ

–Ո՞րն է Ձեր և ձեր կուսակցության դիրքորոշումն այնպիսի քաղաքական խնդրի վերաբերյալ, ինչպիսին Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխություններն են։

–Սահմանադրական փոփոխություններն առհասարակ այս պահին հարմար չեն, որովհետև երկրում կուտակվել են բազում խնդիրներ, սահմանին մարդիկ են զոհվում, երիտասարդները թողնում գնում են երկրից, ճգնաժամ, գործազրկություն։ Դրանից հետո ի՞նչ սահմանադրական փոփոխություններ. սահմանադրական «բարեփոխումներ» անում են այն ժամանակ, երբ երկիրը քիչ թե շատ լավ վիճակում է։ Հիմա պարզապես աբսուրդ է դրա մասին խոսելը։ Չեմ հասկանում գաղափարը, սահմանադրական փոփոխությունների իմաստը։

–Ընդդիմությունը պնդում է՝ վերարտադրությունը...

–Երևի հենց վերարտադրությունն է։ Ինչքանո՞վ են իրենք վստահ, որ հետագայում էլ են լինելու իշխանության, որ հիմա էլ վերարտադրվում են։

–Ո՞րն է լինելու այդ դեպքում ձեր ղեկավարած կուսակցության պայքարի ուղին դրա դեմ։

–Ես իմ և կուսակցության դիրքորոշումները շատ եմ հայտնել։ Նույն «քառյակն» է պայքարում սահմանադրական փոփոխությունների դեմ... Մենք հիմա՝ այս պահի դրությամբ, սկսել ենք էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ աշխատել՝ չմոռանալով նաև մյուս կարևորագույն խնդիրները։ Ասեմ, որ սահմանադրական փոփոխություններին մենք դեմ ենք, և մեր քայլերն ուղղված են լինելու երկրի խնդիրները լուծելուն, նաև ինչ–որ պայքար պարտադիր պետք է անենք մինչև սահմանադրական փոփոխությունները։

–Այսինքն, դուք կողմնակից եք, որ հարցը չհասնի սահմանադրական հանրաքվեի։

–Իհա՛րկե։ Որովհետև դա աբսուրդ է։ Երկրում այսպիսի սոցիալ–տնտեսական ծանր պայմաններում ի՞նչ սահմանադրական փոփոխությունների մասին կարելի է խոսել։ Տնտեսությո՛ւն զարգացրեք։ Այնպես մի՛ արեք, որ ժողովուրդը գնա։ Ուսման վարձերը հասցրել են եսիմ՝ ուր, այդ խնդիրները լուծե՛ք, թանկացումներն ու ամեն ինչը, հետո նոր մտածեք սահմանադրական «բարեփոխումների» մասին։ Մի հատ էլ, երևի, թագուհի ընտրեն ու ասեն՝ սահմանադրական միապետություն ենք։

–Դուք նշեցիք, որ «քառյակը» պայքարում է դրա դեմ։ Միավորողը գաղափարն է՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը, դուք կմիանա՞ք խորհրդարանական ոչիշխանական ուժերին այդ հարցում։ Առավել ևս, որ շեշտում եք միասնականության անհրաժեշտությունը։

–Եթե հարցը հասնի դրան, միանշանակ մենք կողմ ենք նորմալ, ազնիվ, բարի նպատակներին... Եթե լուրջ ինչ–որ խնդիր լինի, որը կապված է մեր երկրի հետ, առողջ համագործակցություն, նորմալ համագործակցություն, ոչ թե ավանդական, երբ իրար վրա ցեխ են շպրտում կամ էլ սայլն այս ու այն կողմ քաշում։ Առաջին տարբերակին համաձայն ենք։ Իսկ եթե պետք է մտնենք համագործակցության մեջ, ու սկսեն շահարկել, ուրիշ միտումներով շարժվել, հստակ կարող եմ ասել, որ այդպիսի համագործակցությանն ընդհանրապես կողմ չենք։

–Առաջիկայում հանրահավաքներ են սպասվում, կուսակցությունը կմիանա՞։

–Տեսնենք. ժամանակը ցույց կտա։

Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը