Հարցազրույց

11.09.2014 20:10


Խաչատուր Քոքոբելյան. Այսօր սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա

Խաչատուր Քոքոբելյան.  Այսօր սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ

–Պարո՛ն Քոքոբելյան, կո՞ղմ եք իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։

–Նախ՝ ասեմ, որ Սահմանադրությունը թաշկինակ չէ, որն անընդհատ կարելի է փոխել։ Մենք դեմ ենք եղել նաև 2005թ. իրականացված փոփոխություններին։ Նաև դեմ ենք կիսանախագահական– կիսապառլամենտական, ընդհանրապես, կիսատ–պռատ բաներին, որովհետև կիսատ–պռատ երեխա չի ծնվում։ Բայց այն, որ Հայաստանում տիրող այսօրվա իրավիճակի պատճառը Սահմանադրությունը չէ, յուրաքանչյուր աչալուրջ քաղաքացու, առավել ևս՝ քաղաքական գործչի համար ակնհայտ է։ Այն, որ այսօր Հայաստանում չկա օրենքի գերակայություն, փոխարենը կան ահռելի արտագաղթ, մրցակցության բացարձակ բացակայություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դաշտում, պատճառը Սահմանադրությունը (թեկուզ՝ կիսատ–պռատ) չէ։

Այսինքն, ոչ թե պետք է Սահմանադրությունը փոխել, այլ դրա դրույթներն իրականացնելու քաղաքական կա՞մք ունենալ և զբաղվել ավելի հրատա՞պ խնդիրներով։

–Հայաստանի այսօրվա թիվ մեկ խնդիրը ոչ թե գտնվում է Սահմանադրության փոփոխության, այլ համակարգային իշխանափոխության և քաղաքական դաշտի առողջացման մեջ։ Բայց, միևնույն ժամանակ, ինձ համար հասկանալի չեն իմ այն գործընկերների մոտեցումները, ովքեր միարժեքորեն կարծիքներ են հայտնում մի փաստաթղթի մասին, որից մենք տեղեկություն չունենք էլ։ Ցանկացած փաստաթուղթ, առավել ևս՝ սահմանադրական փոփոխությունները, պետք է հասկանալ, թե ինչ մոտիվացիայով են իրականացվում։ Այսինքն, ինչի՞ց ելնելով է իշխանությունն ուզում փոխել Սահմանադրությունը։

–Եվ, ինչի՞ց ելնելով։

–Ինձ հավատ չի ներշնչում, որ իշխանությունները փոփոխությունների են գնում իրավական դաշտի առողջացման համար, որովհետև գործող օրենքներով էլ կարող են դա անել։ Մենք կարծում ենք, որ այսօր սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ Կոնկրետ ես դեմ եմ, իսկ կուսակցության դիրքորոշման առումով ասեմ, որ առաջիկայում նիստ ենք հրավիրելու, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև դա։ Ես՝ որպես Խաչատուր Քոքոբելյան, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ ՀՀ–ում ժողովրդի կողմից ընտրված իշխանության ձևավորումը։

–Հետևաբար, ո՞րն է երկրի մայր օրենքը փոխելու իշխանության բուն մոտիվացիան. արդյոք իշխանության և հատկապես Սերժ Սարգսյանի վերարտադրությունը չէ՞։

–Ինձ համար ակնհայտ է, որ իշխանությունն այդ փոփոխություններին գնում է քաղաքական դաշտն իրեն ավելի հարմարեցնելու և իր վերարտադրությունն ապահովելու համար։ Բայց, միևնույն ժամանակ, կուզենայի, որ բոլոր քաղաքական ուժերը խնդիրը դիտարկեին ոչ միայն իրենց, այլ ՀՀ շահին հետամուտ լինելով։

–Այն ուժերը, որոնք կողմ են արտահայտվում կամ կարտահայտվեն իշխանության նախաձեռնած այս սահմանադրական փոփոխություններին, արդյոք նպաստո՞ւմ են և կնպաստե՞ն Սերժ Սարգսյանի վերարտադրությանը։

–Նայած, թե ինչպիսի փաստաթուղթ կլինի։ Եթե, օրինակ, այնպիսի փաստաթուղթ ներկայացվի, որ հստակ գրված կլինի՝ վարչապետի և նախագահի պաշտնում եղած անձն իրավունք չունի ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ վարչապետի, ոչ էլ նախագահի պաշտոնում երկու անգամից ավելի առաջադրվել, այդ դեպքում ես այդպես չեմ մտածի։ Իսկ եթե այնպիսի Սահմանադրություն կբերեն, որով մեկ անձը կամ մի խումբ անընդհատ կկարողանան իշխանությունը տրանսֆորմացնել և տնօրինել, ակնհայտ է, որ կնպաստեն վերարտադրությանը։ Ցանկացած մարդ և քաղաքական ուժ, որը կօժանդակի այդ պրոցեսին, իհարկե, կօժանդակի նաև այսօրվա իշխանության վերարտադրմանը։

–Հայեցակարգի նախնական տարբերակը ներկայացված է, և վերջնարդյունքում դժվար թե դրանից շատ հեռու գնա իշխանությունը։

–Մինչև այսօր տեղի ունեցող որևիցե պրոցեսի մեջ ես չեմ տեսել որևէ լուրջ փոփոխություն, որը նպաստելու է բացառապես ՀՀ–ում նոր իշխանությունների ձևավորմանը։ Հակառակը՝ տեսնում եմ, որ ստեղծվում են իշխանության վերարտադրության համար հնարավորություններ։ Բայց դոգմատիկ մոտենալ այդ փաստաթղթին ևս ընդունելի չէ։ Օրինակ՝ ինձ համար շատ դժվար է հիմնավորել՝ նախագահակա՞ն համակարգն է արդյունավետ, թե՞ խորհրդարանական։ Նույնիսկ սահմանադրագետների համար է դա բարդ հարց, բայց ինձ համար ակնհայտ է, որ պետք է ունենանք այնպիսի իշխանություն, որը կընտրվի ժողովրդի կողմից, և պետություն, որտեղ գերակա կլինեն օրենքները։ Ամենալավ օրենքներն առ ոչինչ են, եթե չեն գործում։ Այսօր ՀՀ–ում օրենքները գործում են բացառապես ընտրովի և կամայական։ Կարևոր է նաև՝ ոչ թե ինչ կառավարման, այլ ինչ քաղաքական մշակույթ և զարգացման մոդել ենք ընտրում՝ արևմտյան արժեքների վրա խարսխվա՞ծ, թե՞ ոչ։ ՀՀ–ի այսօրվա թիվ մեկ խնդիրն այն է, թե դեպի ուր ենք ուզում տանել երկիրը, և ինձ համար ակնհայտ է, որ ցանկացած մարդ, ով իր տեսակով այդ մոդելի կրողը չէ, չի կարող դրական փոփոխություններ բերել։ Չեմ տեսնում, որ այսօրվա իշխանությունները ՀՀ–ի զարգացման որևէ մոդելի կողմնակից են։

–Կարծո՞ւմ եք, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարն, ի վերջո, հնարավոր է՝ հանգեցնի իշխանափոխության։

–Ես այն կարծիքին եմ, որ սահմանադրական փոփոխություններն ընդհանրապես քաղաքական ուժերի, իսկ, առավել ևս, ընդդիմության համար իրենց մոտեցումները հասարակության լայն շրջանակներին հասանելի դարձնելու հնարավորություն են։ Եվ միշտ կարելի է դա վերածել համընդհանուր քաղաքական լուրջ գործընթացի։ Այսօր ՀՀ քաղաքական դաշտն այնպիսի կազմալուծված վիճակում է, որ ցանկացած կայծ կարող է վերածվել նոր փոփոխության հանգեցնող որակական պրոցեսի։ Որպես ազատական ուժ՝ մենք կողմնակից ենք կյանքի որակի փոփոխության, և այսօր ՀՀ–ում չկա մի քաղաքացի, որը չի երազում դրա մասին։ Բայց արդյոք Սահմանդրությո՞ւնն է, որ այդ խնդիրը պետք է լուծի։ Կարծում եմ՝ շատ մոտ ապագայում Հայաստանում կձևավորվի համախմբված այն բևեռը, որն ի զորու կլինի տանել իրական փոփոփությունների, այնպիսի փոփոխությունների, որոնք հարմարեցված չեն լինի քաղաքական ուժերի լիդերներին, այլ կբխեն հասարակ քաղաքացու շահերից։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը