Լրահոս

11.09.2009 15:50


Հովհաննես Իգիթյան. «Ես համաձայն չեմ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ...»

Հովհաննես Իգիթյան. «Ես համաձայն չեմ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ...»

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը «Հայելի» ակումբում հայտարարել է, որ ԼՂ-ի խնդիրը փոխկապակցվել է հայ-թուրքական հարաբերությունների և, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացման հետ, ինչը բացասական է։

Հ. Իգիթյանը նաև նշել է, որ 9 տարի ՀՀ խորհրդարանական աշխատանքի շնորհիվ և միջազգային ու եվրոպական կառույցներում ձեռք բերած անձնական ծանոթությունների միջոցով դեռևս 6 ամիս առաջ՝ ապրիլին, տեղյակ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների գոյության մասին, և այդ ժամանակ նույնն իմացել է նաև Լևոն Տեր-Պտերոսյանը։ Լրագրողները հարցրել են, թե այդքանն իմանալով՝ ինչպե՞ս և ինչո՞ւ մեկ ամիս հետո՝ մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ, Լևոն Տեր-Պտերոսյանը հայտարարեց.

«Այս ամենով հանդերձ՝ թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող են ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։ Դրական պետք է համարել նաև դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջև պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»։

Ի պատասխան՝ Հ. Իգիթյանը նախ ասել է, որ ինքը չի լսել Լևոն Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը, սակայն եթե իրոք նման բան է ասել, ապա համամիտ չէ.

-Ես համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, եթե ինքն այդպես է ասել։ Ես քաղաքական գործիչ եմ, ունեմ ի՛մ կարծիքը, իսկ իմ կարծիքը հետևյալն է՝ երբ Թուրքիան ասում է, որ ես սահմանը կբացեմ և դիվանագիտական հարաբերություններ կհաստատեմ միմիայն ԼՂ-ի հարցի լուծումից հետո, ես վտանգավոր եմ դա համարում,- նշել է ՀՀՇ վարչության անդամը՝ շարունակելով,-ինչո՞ւ եք մտածում, որ ես անպայման պետքէ վերցնեմ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, և ինչպես հանրապետականները Սերժ Սարգսյանի խոսքն ամեն տեղ համարում են որպես Աստծո խոսք...մենք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կարող է ունենանք նաև տարբեր կարծիքներ։ Որևէ խնդիր ես չեմ տեսնում։ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահ և ոչ նախագահ լինելու ժամանակ ես երբեք քծնանքի կամ իր խոսքը միանշանակ ընդունելու հարց չեմ դրել իմ առջև։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը