Հարցազրույց

08.09.2014 16:24


Տիգրան Ուրիխանյան. «Բացի վերարտադրությունից՝ այլ իրատեսական հիմնավորում ողջամիտ ուղեղը չի տեսնում»

Տիգրան Ուրիխանյան. «Բացի վերարտադրությունից՝ այլ իրատեսական հիմնավորում ողջամիտ ուղեղը չի տեսնում»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ

–Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը կրկին անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին՝ նշելով, որ բերվող «հիմա դրա ժամանակը չէ» հակափաստարկն իր համար անհասկանալի է։ Ինչո՞ւ հիմա ժամանակը չէ։

–Ոչիշխանական ուժերն ընդհանարապես և «Բարգավաճ Հայաստանը»՝ մասնավորապես, արդեն տարիներ շարունակ քաղաքական հարթություն են բերում հանրային պատվեր հանդիսացող, ժողովրդին հուզող խնդիրներ։ Այս ձևակերպումը ևս հանրային պատվերի շրջանակներում է։ Մարդի՛կ են ասում, որ մենք արտագաղթում ենք, մենք 40%–ի աղքատության շեմին ենք հասել, մենք տնտեսական աճի տեմպերի ոչ թե անկում, այլ խայտառակ բացակայություն ունենք, մեր երկրում սոցիալական վիճակը ճգնաժամային է։ Եվ այս պայմաններում վատնել ահռելի ֆինանսական և քաղաքական, մարդկային կազմակերպչական ռեսուրս հանրաքվեի կազմակերպման և որևէ բարեփոխում իրականացնելու համար, մեղմ ասած, աննպատակահարմար է։ Սա՛ է ասում ՀՀ քաղաքացին, և այն, ինչ մենք արտահայտում ենք քաղաքական հարթակում, ՀՀ քաղաքացու պատվերն է։ Մի՞թե սա փաստարկ չէ, մի՞թե սա հիմնավորում չէ, մի՞թե սրանով ամեն բան ասված չէ։ Իսկ ինչ վերաբերում է ընտրակարգ փոխելուն կամ որոշ այլ բարեփոխումներին, դրանք կարելի է իրականացնել օրենսգրքի փոփոխության միջոցով։ Հանրաքվեի վրա ծախսվող ռեսուրսը, եթե այն իրոք հետապնդում է հռչակվող փոփոխությունների նպատակ, համադրելի չէ արդյունքի հետ։

–Բազմաթիվ հիմնավորումներ կան, որ իշխանությունը սահմանադրական փոփոխությունների է գնում վերարտադրվելու համար։ Համամի՞տ եք, որ Սահմանադրությունը փոխում են ոչ թե համակարգի բարեփոխման, այլ իշխանության վերարտադրության նպատակով։

–Դուք ինքներդ հարցադրմամբ կապակցեցիք մեկը մյուսի հետ, որովհետև այլ իրատեսական հիմնավորում ողջամիտ ուղեղը չի տեսնում։

Ի՞նչ պետք է անի մասնավորապես «քառյակը» իշխանության վերարտադրվելու ցանկությունը ձախողելու համար։

–Մարտավարությունը՝ տարբեր իրավիճակների հետ կապված, ընդ որում՝ ոչիշխանական տարբեր ուժերի մատուցմամբ, կարող է տարբերվել, բայց ռազմավարությունը պիտի լինի մեկը. ընդ որում, վերջնական նպատակակետը քաղաքացու կյանքի փոփոխությունն է։ Հետևաբար, եթե որևէ բան խանգարելու է քաղաքացու կյանքի փոփոխությանը, ապա ամեն կերպ, բոլոր հնարավոր միջոցներով դրան պետք է դիմագրավել։ Իսկ հանրային աջակցությունից առավել ազդեցիկ գործոն ես չեմ տեսնում։

–Մենք բազմիցս ականատես ենք եղել, որ այս իշխանության համար հանրության կարծիքը զրոյական նշանակություն ունի։ Վառ օրինակը կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությունն է։ Սերժ Սարգսյանն ի՛նքը խոստովանեց, որ հանրության 80%–ը դեմ է դրան, բայց օրենքը, միևենույն է, փոխվելու է։ Ի՞նչը կկանգնեցի իշխանությանը և կդրդի ականջալուր լինել հանրության կարծիքին։

–Եթե պարզապես դեմ լինելու մասին խոսենք, այո՛, իշխանությունը հաշվի չի առնի հանրության հենց այնպես, տեսական դեմ լինելը։ Գործնակա՛ն դեմ լինելը՝ դիմագրավելու պատրաստակամություն հայտնած քաղաքական ուժերին սատարելով հանդերձ, արդեն շատ լուրջ ազդեցություն կունենա։ Մենք կարող ենք ընդամենը մեկ օրինակ վերցնել՝ տրանսպորտի սակագնի փոփոխությունը և դրա արդյունքում տեղի ունեցած շարժումը։

–Այսինքն, այս իշխանությունը տեղի կտա միմիայն ուժ տեսնելու դեպքում։

–Բոլոր ժամանակներում էլ որոշիչ է եղել զանգվածային, հանրային, միասնական կամքի արտահայտումը։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ լայն զանգվածները կկանգնեն ոչիշխանական ուժերի թիկունքում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը