Լրահոս

26.01.2011 14:22


Գեղամ Բաղդասարյան. «Արցախը դադարել է սուբյեկտ լինելուց և վերածվել է օբյեկտի»

Գեղամ Բաղդասարյան. «Արցախը դադարել է սուբյեկտ լինելուց և վերածվել է օբյեկտի»

-Շատ ավելի կարևոր է այս պահին ղարաբաղյան գործոնի ճանաչումը։ Ես դա ավելի կարևոր եմ համարում, քան պարզապես ԼՂՀ ճանաչումը, որովհետև վերջին տասնամյակում պարզապես վերացել է ղարաբաղյան գործոնը։ Ղարաբաղը գործոն չէ ոչ միայն բանակցային գործընթացում, այլ նաև համահայկական հարթության մեջ,-այսօր լրագրողներին է ասել ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, փորձագետ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։

Փորձագետը նշել է, որ նախքան միջազգային հանրության կողմից ԼՂՀ ճանաչումը՝ հայկական հանրությունը պետք է նպաստի ղարաբաղյան գործոնի ճանաչմանը, այսինքն Ղարաբաղը պետք է իր խոսքն ունենա իրեն վերաբերող ցանկացած հարցում։ Սակայն նա նաև ափսոսանքով հայտնել է, որ բոլոր գործընթացներում Ղարաբաղը դադարել է սուբյեկտ լինելուց և վերածվել է օբյեկտի։

-Սա բացատրվում է նրանով, որ ԼՂՀ իշխանություններն ինքնուրույն քաղաքականություն վարելու քիչ ռեսուրս ունեն և քիչ ցանկություն, և սա լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂՀ իշխանությունները ձևավորվում են Հայաստանի իշխանությունների միջամտությամբ,-ասել է նա՝ հավելելով, որ Արցախի ժողովրդավարացման հարցը միշտ էլ «լուրջ անտարբերության է հանդիպել Հայաստանում»՝ թե՛ իշխանությունների (քանի որ արցախյան այսօրվա միաբևեռ վիճակը նրանք համարում են իրենց իշխանության պահպանման լծակներից մեկը), և թե՛ հասարակության կողմից, ինչը, սակայն,  բանախոսի համար անհասկանալի է։

Այս խորագրի վերջին նյութերը