Լրահոս

26.01.2011 14:21


Ստորագրվել են երեք վարկային համաձայնագրեր

Հունվարի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին ստորագրեցին ՀԲ երկրի գործընկերության ռազմավարության զարգացման քաղաքականության վարկային 2009-12թթ փաթեթի երեք վարկային համաձայնագրեր' «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիրը», «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիրը» և «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինան­սավորում (APL-2)»-ը:

«Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի" շրջանակներում ՀՀ կառավա­րության կողմից իրականացվել են ՀԲ-ի հետ համաձայնեցված մի շարք նախապայմաններ'  աղքատության կրճատման և տնտեսության խթանման ուղղությամբ, որի արդյունքում ՀԲ-ն ՀՀ կառավարությանը տրամադրելու է 25 մլն դոլարին համար­ժեք բյուջե­տային վարկ, որից 21 մլն-ը արտոնյալ պայմաններով (20 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, 0,75 տոկոս), իսկ 4-ը առևտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը' վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):

«Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի» համար կհատկացվի 24 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ' մրցակցային էլեկտրոնային հասարակության և ձեռնարկությունների նորարարության առկա խոչընդոտները վերացնելու' բազային ենթակառուցվածքները հզորացնելու և նպաստավոր միջավայր ստեղծելու նպատա­կով: Ծրագիրը բաղկացած է երեք մասերից. Էլեկտրոնային հասարակության ենթակառուց­վածք­­ների զարգացում, ձեռնարկությունների նորարարության խթանում և ծրագրի կառավա­րում: Վարկը տրամադրվում է առևտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը' վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):

«Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագրի լրացուցիչ ֆինան­սա­­վորում (APL-2)» ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել ՀՀ առողջապա­հության նախարարության կարողությունները' համակարգի ավելի արդյունավետ կառավար­ման համար, ընդլայնել ընտանեկան բժշկության վրա հիմնված առողջության առաջնային պահ­պան­ման համակարգը և ընտրված մարզերում արդիականացնել առողջա­պա­հական ծառայությունների մատուցման ընտրված ցանցերը/ենթակառուցվածքները' բնակ­չութ­յանն առողջապահական ավելի մատչելի, որակյալ և կայուն ծառայություններ մատու­ցելու համար: Ծրագրի իրականացման համար հատկացվելու է 19 մլն ԱՄՆ դոլարին համարժեք  գումար: Վարկը տրամադրվում է առևտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը' վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը