Լրահոս

10.09.2009 16:08


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարությանը, դրա ներդրման 2010-2015թթ. գործողությունների ծրագրին և 2010-2012թթ. գործողությունների ծրագրին՝ ֆինանսական գնահատմամբ։ Փաստաթղթի ներդրմամբ ակնկալվում է համապարփակ լուծում տալ մի շարք խնդիրների, որոնցից են երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավումը, տարիքին համապատասխան աճի և զարգացման ապահովումը, պատվաստումով ընդգրկվածության բարձրացումը և հիվանդության կանխարգելումը, երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցումը, հաշմանդամության կանխարգելումը և այլն։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ պետական հատվածի կառավարման և վարչական բարեփոխման հայեցակարգին», որի հիմնական նպատակը հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով պետական կառավարման արդյունավետության և հանրային հատվածի աշխատանքի արդյունավետության բարձրացումն է։ Կառավարության հավանությանն են արժանացել նաև «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Դրանց էությունն այն է, որ հարկային և մաքսային մարմիններն իրավասություն ունենան պարզաբանումներ տրամադրել օրենսդրության կիրառման վերաբերյալ և հարկային ու մաքսային օրենսդրության դրույթների մեկնաբանման մատչելի և պարզ ընթացակարգերի սահմանման միջոցով ապահովել հարկ վճարողների իրազեկվածության և օրենսդրության կիրառման միասնականության բարձր մակարդակը։ Հավանության է արժանացել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որը, ինչպես նշել է ՀՀ վարչապետը, ուղղված է մեր երկրի շահերի պաշտպանությանը և հարկ վճարողների համար ստեղծում է հավասար պայմաններ։ Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Սույն օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

 

Այս խորագրի վերջին նյութերը