Հարցազրույց

02.09.2014 16:02


Երվանդ Բոզոյան. «Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցում է զուտ Ռուսաստանի խաթր»

Երվանդ Բոզոյան. «Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցում է զուտ Ռուսաստանի խաթր»

NewsBook-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

-Պարո՛ն Բոզոյան, քաղաքական տեսանկյունից կվերլուծե՞ք ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևիˋ Հայաստան կատարվելիք այցի չեղյալ համարումը, Մինսկում Ղազախստանի նախագահ Նազարբաևի արած հայտարարությունըˋ ԵՏՄ-ի վերաբերյալ, ինչպես նաև Պուտինի պատասխան հայտարարությունն այն մասին, որ Ղազախստանը` որպես պետություն գոյություն չի ունեցել: Ի՞նչ ազդեցություն կունենա դա Հայաստանիˋ ԵՏՄ-ին անդամակցության վրա:

- Նախ Մեդվեդևի այցի մասին ասեմ: Գիտեք` միջազգային հարաբերություններում նմանատիպ այցերը երկրորդական դեր են կատարում: Մենք փորձում ենք այդ այցերն ավելի շեշտադրել, և երբ չեղյալ է հայտարարվում, սկսում ենք մեծ հետևություններ անել: Մեծ հաշվով, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին Մեդվեդևի այցից կախված չէ: Իսկ Նազարբաևի և Պուտինի հայտարարությունների մասով կարող եմ ասել, որ շատ էմոցիոնալ իրավիճակ էր, երբ Պուտինը Սելիգերում, փորձելով ռևերանս անել Նազարբաևին, հայտարարեց, որ Ղազախստանը, որպես պետություն, երբևիցե չի եղել և պատկերացրեքˋ ինչքան լավ ու եզակի անձնավորություն է Նազարբաևը, որ կարողացել է այսպիսի հսկայական երկիր ստեղծել: Գրեթե, նույն արձագանքն արեց Ժիրինովսկին` հայտարարելով, որ Ղազախստանը դատարկ տեղը ստացավ հսկայական տարածք այն դեպքում, երբ հին ազգեր կան, օրինակˋ հայերը, որոնք այնքան փոքր տարածք ունեն, որ նույնիսկ դեպի ծով ելք չկա: Այսինքն` ուզում եմ ասել, որ էմոցիոնալ ձևակերպումներ են, որոնք ավելի շուտ արտացոլում են ԵՏՄ-ում այսօր առկա մթնոլորտը: Բայց այս ամենից լուրջ հետևություններ անել պետք չէ, որ ԵՏՄ-ն կփլուզվի, Հայաստանը չի անդամակցի և այլն: Որևէ տնտեսական միության անդամակցության մասին խոսելիս, պետք է հաշվի առնել այլ` ավելի կարևոր գործոններ:

- Ի՞նչ գործոնների մասին է խոսքը:

- Ես բավականին մեծ ծավալով գրել եմ, թե ինչ է հարկավոր Եվրասիական տարածքում երկրների լիարժեք ինտեգրացիայի համար: Կարծում եմ, որպեսզի Եվրասիական տարածքում լիարժեք ինտեգրացիա լինի, նախևառաջ ընդհանուր գաղափար պետք է լինի: Օրինակˋ Ռուսաստանն այսօրվա դրությամբ իր համախառն ներքին արդյունքով, գազի և նավթի վաճառքով, զգալի դեր է կատարում միջազգային շուկայում: Գրեթե, նույն դերն է կատարում Ղազախստանն: Այսինքն` Ղազախստանն ու Ռուսաստանը, մեծ հաշվով, միջազգային շուկայում մրցակիցներ ենˋ նավթի և գազի վաճառքով: Լինելով մրցակիցներˋ իրենք որոշել են ինչ-որ ձև համաձայնեցնել իրենց պայմանները, որպեսզի կարողանան ինչ-որ գնով վաճառեն դրսում: Այլ ինտեգրացիոն թափանցումներ այդ երկրների մեջ չկա: Ինտեգրացիոն պրոցեսներն իրենց մոտ գնում է տասնյակ տարիներˋ սկսած երկրորդ համաշխարհային պատերազմից: Ըստ էության, որպեսզի մենք էլ այդ ճանապարհով գնանք, նախնական պետք է ձևավորեինք ռեալ արդյունաբերություն: Մենք պետք է ունենայինք մեր արդյունաբերությունը, Ռուսաստաննˋ իր, Ղազախստանն էլ իր արդյունաբերությունը, որպեսզի ռեալ ինտեգրացիա տեղի ունենար, ոչ թե թղթի վրա: Իսկ ի՞նչ է պետք ռեալ արդյունաբերություն ունենալու համար: Մենք պետք է ձևավորենք փոքր և միջին բիզնեսը, թուլացնենք օլիգարխիկ շրջանակը, մրցակցություն ստեղծենք, ռեալ ինտեգրվենք ռուսական տնտեսությանը: Մեկ խոսքով ասածˋ Եվրասիական տնտեսական ինտեգրացիան արհեստական է, որտեղ Ռուսաստանը փորձում է հակադրել Եվրամիության քաղաքականությանը: Ռուսաստանը, փորձելով հակադրվել եվրոպական քաղաքականությանը, ստեղծել է ԵՏՄ-ն, այսինքնˋ մի արհեստական գաղափար, որպեսզի զուտ հակադրվի Եվրամիությանը, իսկ Եվրամիությունն ընդլայնվում է արևելքում ոչ միայն տնտեսապես, այլև քաղաքականապես և ռազմապես, ինչն էլ վտանգում է Ռուսաստանի անվտանգությունը: Եվրամիությունն, ընդլայնվելով արևելքում, փորձում է գրգռել Ռուսաստանին, վերջինս էլ ստիպված գնում է արհեստական քայլերի՝ փորձում է պաշտպանվել:

- Իսկ Հայաստանի դերը ո՞րն է այդ միությունում:

- Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցում է զուտ Ռուսաստանի խաթր, որպեսզի ձևակերպվի որպես Ռուսաստանի դաշնակից, ոչ թե արևմուտքի:

Հարցազրույցը` Քրիստինա Աղալարյանի

Մանրամասները` Newsbook.am-ում

Այս խորագրի վերջին նյութերը