Հարցազրույց

26.08.2014 16:18


Վահան Բաբայան. «Երբ այդ պահը հասունանա, ոչ ոք չի նայի՝ աշո՞ւն է, ձմե՞ռ, թե՞ գարուն»

Վահան Բաբայան. «Երբ այդ պահը հասունանա, ոչ ոք չի նայի՝ աշո՞ւն է, ձմե՞ռ, թե՞ գարուն»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ

–Իշխանություններն իրենց լրատվամիջոցներով ակտիվորեն քարոզում են, որ ոչ մի թեժ աշուն էլ չի սպասվում։ Նրանց այս «ներշնչանքն» ինչի՞ մասին է վկայում։

–Վերջին շրջանում քաղաքական ակտիվությունը Հայաստանում ակնհայտ է, սակայն բոլորը կարծես սպասում են ինչ-որ գերակտիվացման՝ հասկանալի պատճառներով: Հայաստանի քաղաքացին ցանկանում է զգալ շոշափելի փոփոխություններ իր կյանքում։ Քաղաքական պրոցեսները չեն լինում սեզոնային, և թեժ աշուն կամ գարուն սպասելու փոխարեն՝ բոլորս պետք է պայքարենք ամե՛ն օր, որ Հայաստանը դառնա տնտեսապես ուժեղ պետություն, որ Հայաստանում օրենքի գերակայությունը վեր լինի անձնական և հատվածական շահերից։ Իշխանական լրատվամիջոցները գոյատևում են նման լուրերի տարածումների շնորհիվ, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հանձնարարականներ կստանան։ Պարզից էլ պարզ է, որ նպատակը մեկն է՝ անել ամեն ինչ ժողովրդի ուշադրությունը օրակարգային հարցերից շեղելու համար։

Աշնանը սպասվող ներքաղաքական գործընթացները կարո՞ղ են համակարգային փոփոխությունների սկիզբ դառնալ։

–Հայաստանում համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է համաժողովրդական պայքար, որը պետք է հասունանա, պետք է բոլոր առողջ ուժերը միանան և Հայաստանը դուրս բերեն այս աղետալի վիճակից։ Իսկ երբ այդ պահը հասունանա, ոչ ոք չի նայի՝ աշո՞ւն է, ձմե՞ռ, թե՞ գարուն:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը