Լրահոս

09.09.2009 17:31


Գուրգեն Արսենյան. «ՀՀ ՊՆ թիկունքի ծառայությունը ոչ մի կապ չունի մարտյան իրադարձությունների հետ»

Գուրգեն Արսենյան. «ՀՀ ՊՆ թիկունքի ծառայությունը ոչ մի կապ չունի մարտյան իրադարձությունների հետ»

2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարեց իր հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ  Սեդա Սաֆարյանի և Անդրանիկ Քոչարյանի՝ հանձնաժողովին ներկայացրած զեկույցի մեջ նշված փաստերի հավաստիությունը  ճշտելու նպատակով Գուրգեն Արսենյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համապատասխան ուսումնասիրություն է կատարել վերոնշյալ փաստերի վերաբերյալ:

Աշխատանքային խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանը, այնուհետև անդամներ Արտյուշ Շահբազյանը և Արամ Հարությունյանը հանգանամալից ներկայացրին իրենց ուսումնասիրության արդյունքները:

Նրանք տեղեկացրին, որ նախքան համապատասխան զորամաս մեկնելը իրենք առաջարկել են զեկույցի հեղինակներ Սեդա Սաֆարյանին և Անդրանիկ Քոչարյանին՝ միանալու աշխատանքային խմբին, սակայն նրանք հրաժարվել են՝ ասելով, որ եթե աշխատանքային խումբը ինչ-որ բան կհայտնաբերի, իրենք պատրաստ են իրենց մասնագիտական կարողություններով աջակցել խմբին:

Ըստ պարոն Արսենյանի՝  աշխատանքային խումբը նախ հանդիպել է ՊՆ թիկունքի ծառայության պետ Տիգրան Ասպարյանին, որը, ի պատասխան իրենց հարցադրմանը, տեղեկացրել է, որ փաստահավաք խմբի անդամների մուտքը իրային պահեստ արգելվել է, քանի որ նրանք վերադաս մարմնի համապատասխան թույլտվություն չունեին, իսկ սպաների ներկայությունը բացատրել նրանով, որ այդ օրը ստուգումներ էին կատարվում բանակի 8, այդ թվում նաև այդ ստորաբաժանման տարածքում:

Աշխատանքային խումբը այնուհետև մեկնել է ՀՀ ՊՆ թիկունքի իրային պահեստ, հանդիպել այդ զինվորական մասի ղեկավար փոխգնդապետ Տոնոյանի հետ, ճշտել, որ պահեստից  իրային շարժքը իրականացվում է էլեկտրոնային կրիչների և գրանցամատյանների միջոցով և ծանոթացել դրանց հետ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ օրերին նման իրային շարժք չի եղել, ինչը ներկայացված է զեկույցում, իսկ այն զորամասը, որին վերագրվում էր  զինվորական հագուստների ստացումը, անհիմն է, քանի որ նրանք փետրվարի 24-ին ստացել են սրբիչներ, իսկ մարտի 4-ին՝ մահճակալներ: Մարտի 1-ին ապրանքների շարժք տեղի չի ունեցել, քանի որ այդ օրը պահեստում հաշվառում է կատարվել. նման հաշվառումներ կատարվում են 10 օրը մեկ անգամ:

Ա. Շահբազյանը նկատեց, որ եթե կեղծված լիներ գրանցամատյանը, պետք է փոխվեին կարգադրագրերը և հարյուրավոր սպաներ նորից ստորագրեին գրանցամատյանում, ինչը բացառվում է. յուրաքանչյուր իրային շարժքի դեպքում ստորագրում են երեք սպաներ, իսկ չորրորդը ստորագրում է հանդերձանքն ստացող զորամասի ներկայացուցիչը:

Գ. Արսենյանի գնահատմամբ՝ ուսումնասիրության արդյունքները պարզեցին, որ ՀՀ ՊՆ թիկունքի ծառայությունը ոչ մի կապ չունի մարտյան իրադարձությունների հետ: Նա տեղեկացրեց նաև, որ աշխատանքային խումբն ունի գրանցամատյանի պատճեններն ու աշխատանքային քննարկման ձայնագրությունները, որոնց  կարող են ծանոթանալ  հանձնաժողովի անդամները և լրատվամիջոցների ներկայացուցիչները:

ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը