Տնտեսական

23.08.2014 12:07


Լարսի փակվելու պատճառով ՀՀ-ում մնացած ավտոմեքենաների տերերը տուգանքներից խուսափելու համար պետք է դիմեն ֆիննախ

Լարսի փակվելու պատճառով ՀՀ-ում մնացած ավտոմեքենաների տերերը տուգանքներից խուսափելու համար պետք է դիմեն ֆիննախ

Վերին Լարսի անցակետը փակվելու պատճառով Հայաստանից ավտոմեքենայով դուրս մեկնելու հնարավորություն չունեցող քաղաքացիները տուգանքներից խուսափելու համար պետք է դիմեն ֆինանսների նախարարություն:

Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 20-ին երկարատև և հորդառատ անձրևների հետևանքով փակվել է Վրաստանը Ռուսաստանին կապող Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը (այն երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար): Այս օրերին Հայաստանում գտնվող հազարավոր, հիմնականում` Ռուսաստանից ժամանած մարդիկ, որոնք ժամանել են սեփական ավտոմեքենաներով, փորձում են վերադառնալու ճանապարհ գտնել: Բանն այն է, որ «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Հայաստանում գտնվող ավտոմեքենաների` ժամկետից ավելի Հայաստանում գտնվելու պարագայում դրանց տերերը ստիպված են առնվազն 50 հազար դրամ տուգանք մուծել:

iLur.am-ի հարցմանն ի պատասխան ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ, կապված Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարի հետ, նախարարությունը իր մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է վարչական վարույթ չսկսել ժամկետները խախտած ավտոմեքենաների տերերի նկատմամբ, իսկ արդեն սկսած վարչական վարույթները` կարճել: Ֆիննախը ընդգծում է, սակայն, որ տուգանքներից խուսափելու համար այդ անձինք պետք է մինչեւ Հայաստանում մնալու ժամկետը լրանալը դիմեն ՀՀ մաքսային մարմիններին:

Ավելի վաղ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ Լարսի անցակետը բաց կլինի մինչեւ օգոստոսի վերջ:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը