Տնտեսական

09.09.2009 15:19


Վարդան Այվազյան. «Կարող եմ ասել, որ մենք հարկային փաթեթը շատ հանգիստ կարող ենք ընդունել»

Վարդան Այվազյան. «Կարող եմ ասել, որ մենք հարկային փաթեթը շատ հանգիստ կարող ենք ընդունել»

Մամուլի ազգային ակումբում Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրագրողներին տեղեկացրել է, որ կառավարության կողմից քննարկվել և վերջնական տեսքի է բերվել հարկային փաթեթը, և վերջնականապես հստակեցվել է մոտ 4 մլրդ դրամ շրջանառություն ունեցող կազմակերպությունների նկատմամբ վարչարարության նոր ձևը։ Նրա խոսքերով՝ հարկային գործակալների ներմուծումը՝ որպես վարչարարության էլեմենտ, առաջ է բերելու բյուջետային մոտ 30 մլրդ-ի լրացուցիչ մուտքեր։

-Ես այսօր կարող եմ ասել, որ մենք այդ փաստաթուղթը շատ հանգիստ կարող ենք ընդունել, առանց մտահոգությունների։ Հարկային տեսուչը կարող է վերահսկել ընդամենը 3 գործոն՝ ի՞նչ քանակությամբ ապրանք է բաց թողնվում, ո՞ւմ է բաց թողնվում և ի՞նչ գնով։ Հիշեցնեմ նաև, որ խոսքը վերաբերում է 4 մլրդ շրջանառություն ունեցող կազմակերպություններին, ենթաակցիզային ապրանքներ արտադրող որոշակի խմբի, 500 մլն դրամ եռամսյակային ներմուծում ունեցողներին, ինչպես նաև՝ 100 մլն խախտում արձանագրած կազմակերպություններին։

Նա նաև նշել է, որ ՀՆԱ-ի անկումը Հայաստանում գրանցվում է որպես շատ բարձր ցուցանիշ, և դրա հաղթահարման համար կառավարությունը հակաճգնաժամային մի շարք գործառույթներ է իրականացնում մասնավորապես վերջին ժամանակահատվածում տրամադրված գումարային միջոցները նպատակային ուղղվածությամբ ծախսելու ուղղությամբ։

Ազգային ժողովի գործառույթներից է հանրային և բազմաբնակարանային շինարարության համաֆինանսավորման ծրագիրը և հարկային արտոնությունների մի շարք մեխանիզմների տրամադրումը նոր շինարարություն իրականացնող տարբեր ձեռնարկություններին։

-Սա նշանակում է, որ ՀՀ-ում 3 մլրդ դրամի շինարարություն իրականացնող կազմակերպություններին կառավարությունը տրամադրում է ավելացված արժեքի և կենսաթոշակային հիմնադրամի բոլոր վճարումների համաֆինանսավորում, այսինքն՝ ազատում է այդ հարկատեսակներից։ Դա արտադրական ուղղվածությամբ մի շարք ներկրումների ազատումն է ավելացված արժեքի հարկից և մաքսատուրքից,-ասել է Վ.Այվազյանը։

Ընդհանուր առմամբ, կառավարության ծրագրերը Վարդան Այվազյանը նորմալ է գնահատել՝ նշելով, որ կառավարությունը միայնակ չի իրականացնում դրանք, և, վերջին հաշվով, կառավարությունն ու Ազգային ժողովը մեկ մարմին են։ Նրա կարծիքով կառավարության գործունեության արդյունքը չի, որ Հայաստանը տնտեսական ճգնաժամի մեջ է, և, «ի ուրախություն մեզ, կառավարությունը բավական օպերատիվ է գործում։

Ինչ վերաբերում է բյուջեի վերանայման անհրաժեշտությանը, նա պատասխանել է.

Բյուջեի վերանայման խնդիր կա, բայց ե՞րբ։ Տարվա վերջում կնայենք, կտեսնենք՝ ծախսերն ու եկամուտներն ինչքան են, և ըստ դրա կնախատեսենք մյուս բյուջեն։ Սեկվեստրի կարիք ես առայժմ չեմ տեսնում։

Արփի Բեգլարյան

 

Այս խորագրի վերջին նյութերը