Լրահոս

09.09.2009 15:12


Գյումրիի քաղաքապետարան. «Ոմանց կողմից շրջանառության մեջ են դրվել լկտի սուտ պարունակող տեղեկություններ»

Գյումրիի քաղաքապետարան. «Ոմանց կողմից շրջանառության մեջ են դրվել լկտի սուտ պարունակող տեղեկություններ»

Վերջին օրերին Գյումրիում լուրեր են պտտվում, որ կտրուկ վատացել է այս պահին արտասահմանում գտնվող Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, և նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նշենք, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողներին հայտնել էր, որ իր առողջականը վատ է, և ինքը մեկնում է Մոսկվա՝ բուժվելու:

Շրջանառվող տարբեր  լուրերի համաձայն՝ Վարդան Ղուկասյանը գտնվում է Ֆրանսիայում, մեկ այլ աղբյուրի պնդմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում: Համաձայն լուրերի՝ Գյումրիի քաղաքապետը վիրահատվել է երեկ:  Այսօր Գյումրիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որով հերքում է Գյումրիում տարածված լուրերի իսկությունը:

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

                            Գյումրիի քաղաքապետարանի հայտարարությունը

Վերջին շրջանում ոմանց կողմից ինտենսիվորեն շրջանառության մեջ են դրվել ոչ միայն լկտի սուտ պարունակող, այլև ակնհայտ անգրագետ տեղեկություններ, որոնք առնչվում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակին։

Ցավալի է, որ նմանօրինակ պատվիրված և հիվանդաբեր լուրերը մամուլի համար դառնում են լրահավաք ինչ-որ աղբյուրներ։

Գյումրիի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ Գյումրիի ընտրյալ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գտնվում է հերթական արձակուրդում, և նրա առողջական վիճակը նորմալ է։ Սփռվող բոլոր լուրերն ընդամենը մայթեզրային խոսակցությունների արգասիք են։

Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար՝ Լ. Աղեկյան

Այս խորագրի վերջին նյութերը