Լրահոս

09.09.2009 09:44


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը հայ-խորվաթական գործարար համաժողովի ժամանակ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը հայ-խորվաթական գործարար համաժողովի ժամանակ

Հարգարժա՛ն Նախագահ Մեսիչ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Նախ մեկ անգամ ևս շնորհակալական խոսք եմ ուղղում Խոր­վաթիայի հարգարժան Նախագահ պարոն Մեսիչին' ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար:

Ողջունում եմ հայ-խորվաթական գործարար համաժողովի մասնակիցներին: Սա Հայաստանի և Խորվաթիայի գործարարների մասնակցությամբ առաջին հա­մատեղ համաժողովն է: Այն լավ հնարավորություն է ստեղծում մեր երկու պետու­թյունների գործարարների համար' կապեր հաստատելու և հետագա համա­գոր­ծակցության ուրվագծերը նախանշելու համար: Կարևոր է նաև, որ հա­մաժողովը տեղի է ունենում գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայ­ման­ներում, որն առավել մեծացնում է նրա հնարավոր արդյունքների նշանակությունը:

Նման համաժողովների պարբերաբար կազմակերպումն էապես կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը և տնտեսական օղակների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանը:

Հայաստանն ու Խորվաթիան պատմականորեն բնականոն հարա­բե­րու­թյուն­ներ և տնտեսական համագործակցության լուրջ ներուժ ունեցող երկրներ են: Դարե­րի խորքից է գալիս երկու ժողովուրդների' միմյանց ճանաչելու և համա­գործակցելու ցանկությունը, ինչի համար վերջին տարիներին ստեղծվել են ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսական համագոր­ծակցության հա­մար նպաստավոր պայմաններ:

Անկախ Հայաստանն ու Խորվաթիան ժառանգել են բազ­մա­ճյուղ և գիտատար տնտեսություն, և հարգարժան Նախագահի հետ իմ շփումները փաստում են, որ մենք նաև ունենք համանման հավակնություններ մեր տնտե­սության զարգացման ա­պա­գայի հարցում: Այդ իրողությունը մեր գործարարների համար լայն հնարա­վորություններ է ընձեռում ծավալել փոխշահավետ գործու­նեություն տնտեսության ամե­նատարբեր ոլորտներում:

Հայաստանի ավանդույթները, գիտական և տեխնոլոգիական ներուժը զար­գացման նախադրյալներ են ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտ­րոնիկայի, դեղագործության և քիմիական արդյունաբերության ոլորտների համար: Այսօր, այցելելով Զագրեբի աստղադիտարան և ծանոթանալով Տիեզերական միջավայրի ուսումնասիրության նորաստեղծ ցանցին, մենք հնարավորություն կունենանք համոզվելու, որ հայ ֆիզիկոսները ներկայում էլ մրցունակ են:

Հայաստանը լուրջ ներուժ ունի նաև գյուղատնտեսական արդյունաբերության, շինարարության, թեթև արդյունաբերության, ոսկերչության, զբոսաշրջության, էներ­գետիկայի զարգացման ոլորտներում: Սրանք հայտարարված են որպես գերա­կա ոլորտներ և մեր կառավարությունը հաստատուն ջանքեր է գործադրում գործարար մի­ջա­վայրի զարգացման համար' նպատակ ունենալով կայացնել մեծ □արժեք ավե­լաց­նող□, արտահանմանն ուղղված և միջազգայնորեն մրցունակ տնտե­սություն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և՛ Հայաստանում, և՛ Խորվա­թիա­յում պետական մակարդակով հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, և երկու երկրներն էլ ունեն բավականին նվաճումներ այդ ոլորտում: Հայաս­տանի կառա­վարությունը կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների զար­գացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլև որպես ոլորտի արտադրանքի և ծա­ռայությունների կիրառ­ման միջոցով Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջ­ընթացին ուղղված գործիք: Այս առումով քննարկել ենք □Էրիքսոն□ ֆիրմայի խոր­վաթական մասնաճյուղի հետ համագործակցության հնա­րավո­րությունները' էլեկտ­րոնային առողջապահության համակարգի ներդրման ուղղու­թյամբ:

Հարգարժան Նախագահի հետ քննարկել ենք նաև զբոսաշրջության բնա­գա­վառում չօգտագործված հնարավորությունները: Մասնավորապես, Խորվաթ­իայի փոր­ձի ուսում­նա­սիրումը և զբասաշրջության գործի մասնագետների պատ­րաստման խորվաթական հնարավո­րությունների օգտա­գործումը կարող են նոր և լայն հեռա­նկարներ բացել այս ոլորտի գործարարների համար:

Երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում նաև Հայաս­տա­նում ներկայումս արագ զարգացող ենթակառուցվածքային ոլորտում' □Հյուսիս-Հարավ□ մայրուղու, երկաթգծի և ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագ­րերի շրջանակներում: Դրանք մի քանի միլիարդանոց ծրագրեր են և լայն հնա­րավորություն են ստեղծում խորվաթական ընկերությունների համար:

Հայաստանը կարող է ապահովել ներդրումների արդյունավետ ելք ֆինան­սական շուկաների միջոցով: Մասնավորապես, բանկային համակարգում գերիշխում են միջազգային ճանաչում ունեցող բանկեր տարբեր մշակույթներ ունեցող երկրնե­րից, իսկ ֆոնդային բորսան «OMX NASDAQ»-ի սեփականությունն է: Նախա­տե­սում ենք ներդնել նոր կենսաթոշակային համակարգ, որը կնպաստի կեն­սա­թոշա­կային հիմնադրամների ստեղծմանը: Պարտադիր կուտակային համա­կարգի կա­ռուց­վածքը շատ նման է Խորվաթիայում գործող համա­կարգին, որի հնարա­վո­րու­թյունները, կարծում եմ, արդեն իսկ առկա փորձից ելնելով, չեք թերագնահատի:

Խորվաթիայի Հանրապետության Նախագահ մեծարգո պարոն Մեսիչի' ս.թ. մայիսին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում մենք պայ­մանավորվեցինք ջանք չխնայել մեր երկու ժողովուրդների միջև փոխշահավետ կա­պերի ստեղծման և զարգացման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության նախագահի մամլո գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը