Հարցազրույց

14.08.2014 14:41


Արմեն Գևորգյան. «Սերժ Սարգսյանի ռեսուրսը, սկսած 2008 թվականի մարտի 1-ից, եղել և մնում է բիրտ ուժը»

Արմեն Գևորգյան. «Սերժ Սարգսյանի ռեսուրսը, սկսած 2008 թվականի մարտի 1-ից, եղել և մնում է բիրտ ուժը»

Հարցազրույց «Armenlur»-ի խմբագիր Արմեն Գևորգյանի հետ

-Ստղեծված իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանն ակնհայտ ձախողվում է նաև ԼՂ հարցում, որքանո՞վ է իրատեսական, որ նա կգնա իր համար այդքան ցանկալի սահմանադրական փոփոխությունների իրականացմանը:

-Այս իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իրավիճակային իշխանություններ են։ Այսինքն, վստահ են, որ հաջորդ պահին իրենց իշխանության ղեկից վռնդելու են, վստահ ու համոզված են, որ իրենք թաղված են ամենախոշորից մինչև ամենամանր հանցագործությունների մեջ, ուստի նրանց տրամաբանությունը ինքնապահպանման բնազդն է: Իսկ ինքնապահպանման բնազդը երբեք չի կարող ծրագիր լինել, որքան էլ որ պետական քարոչամեքենայով այն փորձեն խցկել մարդկանց ուղեղները։ Սահմանադրական փոփոխությունները՝ որպես իշխանությունների ինքնապահպանման բնազդի արգասիք, նրանք մի հարմար պահի պետք է փորձեն իրականացնել։ Առաջին հարմար պահը, որն, իշխանությունների կարծիքով, այս ամառն էր, չստացվեց, իսկ թվացյալ երկրորդ հարմար պահը, որն ընտրվել է հոկտեմբեր ամսին, իրականում ամենևին էլ հարմար պահ չէ. այն պարզապես ուղղված է ոչիշխանական ուժերի 12+1 պահանջների դեմ։ Կստացվի՞ շեղել ոչիշխանականներին ու հասարակությանը 12+1 պահանջների իրագործումից՝ կդրվի և սահմանադրական փոփոխություններն իրականացնելու հարցը, չի՞ ստացվի՝ ստիպված են լինելու մի նոր բան մոգոնել, թե ինչու են հետաձգվում փոփոխությունները։ Սահմանադրական փոփոխություններից բացի՝ այս իշխանությունները ինքնավերարտադրման այլ հարմար բան չունեն գտած։

-Եթե, այնուհանդերձ, իշխանությունը, վերարտադրվելու նպատակով, որոշի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, ի՞նչ ներքաղաքական զարգացումներ են Ձեր կարծիքով հնարավոր:

-Իշխանություններն անպայման փորձելու են իրականացնել սահմանադրական փոփոխությունները, քանի որ, ինչպես վերևում նշեցի, դա նրանց համար ինքնապահպանման բնազդն է: Ուստի՝ նաև ինքնավերարտադրման խնդիր։ Երբ բանը հասավ նրան, որ արդեն այդ փոփոխությունները մտնեն իրականացվելու փուլ, ուրեմն սահմանադրական փոփոխությունները կկատարվեն: Հենց դա չպետք է թույլ տալ: Միայն «Ո՛չ սահմանադրական փոփոխություններին» ժողովրդին կոչով ոտքի չես հանի։ Սեպտեմբերի 30-ին ժողովուրդը կարող է ոտքի ելնել ոչ թե ոչիշխանական ուժերի 12+1 պահանջները կատարված տեսնելու նպատակով, այլ միայն նրա համար, որ, ի վերջո, կայանա ոչիշխանական ուժերի միասնությունը իշխանությունների հրաժարականի պահանջի շուրջ։ Ոչիշխանական ուժերը եթե չմիավորվեն իշխանափոխության գաղափարի շուրջ, չեն ունենա հասարակության աջակցությունը և այլևս չեն կարող իշխանությունների առջև 12 կամ 22 կամ թեկուզ 102 պահանջներ դնելով՝ ունենալ օր առաջ փոփոխության սպասող մարդկանց վստահությունը։ Ժողովուրդը ոչիշխանական ուժերին վստահելու է իշխանափոխություն իրականացնելու հավատով։ Եթե քաղաքական զարգացումներն այդ հունով չընթանան, ոչիշխանականների դաշինքը կդադարի գոյություն ունենալ, ինչը կնշանակի, որ Հայաստանում արդեն 2-րդ անգամ (2007 թվականի ԱԺ ընտրություններից հետո) ընդդիմությունը կոչնչանա, իսկ մեր ժողովուրդն, իմ կարծիքով, չունի երկրորդ Լևոն Տեր-Պետրոսյան՝ ստեղծելու նոր ընդդիմություն։ Դրանով նաև կանաչ ճանապարհ կբացվի Սերժ Սարգսյանի վերարտադրման սահմանադրական փոփոխություններ օպերացիայի իրականացման համար։

-Ի վերջո, ո՞րն է Սերժ Սարգսյանի ռեսուրսը:

-Սերժ Սարգսյանի ռեսուրսը, սկսած 2008 թվականի մարտի 1-ից, եղել և մնում է բիրտ ուժը: Այլ ռեսուրս Սերժ Սարգսյանը երբևէ չի էլ ունեցել։ Հանրապետական կոչվող կուսակցությունը՝ որպես քաղաքական ուժ կամ Սերժ Սարգսյանի ռեսուրս, իրականում գոյություն չունի. իրականում այն բուտաֆորիա է։

Հարցազրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը