Լրահոս

08.09.2009 15:22


Գագիկ Բեգլարյան. «Շեքսպիրյան «լինե՞լ, թե՞ չլինել»–ը միշտ արդիական է»

Երևանի քաղաքապետարանում տրվեց Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական երկրորդ փառատոնի մեկնարկը: Փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա էին համաշխարհային հռչակ վայելող թատերարվեստի անվանի ներկայացուցիչներ' Ռուսաստանի Դաշնության թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը, հայտնի թատերագետներ Իրինա Բրուկը, Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անժի Ժիրովսկին, վրացի հայտնի ռեժիսոր ու դրամատուրգ Ռոբերտ Ստուրուան և այլք:
«Շեքսպիրյան «լինե՞լ, թե՞ չլինել»-ը միշտ արդիական է եղել ամենուր և բոլոր ժամանակներում, և պատահական չէ, որ այս հարցադրումը պատկանում է մի մարդու, ով շատերի պնդմամբ' «երբեք գոյություն չունեցող մարդկանցից ամենահայտնին է»,--փառատոնի հանդիսավոր բացման ողջույնի խոսքում նշել է Երևանի քաղաքապետ, Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի կազմկոմիտեի նախագահ Գագիկ Բեգլարյանը:
«Ամենուր Շեքսպիրյան փառատոներն ընթանում են քաղաքապետարանների հովանավորությամբ, և եթե չլիներ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գործուն աջակցությունը, Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն այսպիսի ընդգրկվածություն չէր ունենա»,- իր խոսքում շեշտել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:  
Վստահություն հայտնելով, որ փառատոնի շնորհիվ ավելի լավ կհասկանանք միմյանց և Շեքսպիրին, Երևանի քաղաքապետը նշել է, որ առաջիկա երկու շաբաթներում երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կփորձեն բացահայտել Շեքսպիրին՝ տարբեր ազգերի ու մարդկանց մեջ:
Ի դեպ, այս տարվանից երևանյան փառատոնը կրելու է Վ. Շեքսպիրի ստեղծած կերպարների լավագույն մարմնավորողներից մեկի՝ Վահրամ Փափազյանի անունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և  հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Այս խորագրի վերջին նյութերը