Հարցազրույց

06.08.2014 01:15


Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը թքած ունի, թե քանի հոգի կզոհվի սահմանին. իր համար կարևորը իշխանությունը պահելն է»

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը թքած ունի, թե քանի հոգի կզոհվի սահմանին. իր համար կարևորը իշխանությունը պահելն է»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է։ Թե՛ ԼՂՀ ղեկավարությունը և թե՛ օտարերկրյա դիվանագետներն ու անգամ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն այս կամ այն ձևով անդրադարձել են դրան։ Սերժ Սարգսյանը, սակայն, լռում է. այլ առիթներով միայն շնորհավորական և ցավակցական ուղերձներ է հղում։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս լռությունը։

–Իհարկե, շատ ցավալի է, որ մենք բավականին կորուստներ ունեցանք, չնայած՝ իրենք էլ ունեցան, բայց, ամեն դեպքում, մեր ամեն մի կորուստ ողբերգություն է։ Այսօր հասարակ զինվորը երկիրն է պահում, բայց գերագույն գլխավոր հրամանատարը բացակա է, ինչը կարելի է դասալքություն համարել։ Ժողովուրդը, զինվոր կորցրած մայրը, պետության յուրաքանչյուր քաղաքացի պիտի լսեր նրա խոսքը, որովհետև գերագույն գլխավոր հրամանատարի դերը հենց այնպես սահմանադրական պաշտոն չէ։ Բայց մենք տարիներ շարունակ գլխավոր հրամանատար չունենք, ինչը Սերժ Սարգսյանը ցույց է տվել և՛ դիվանագիտական դաշտում, և՛ այլ ոլորտներում։

–Իսկ ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը։

–Լռում է, որովհետև ասելիք չունի, կամ, միգուցե, այս պահին սահմանային այդ սրացումները Հայաստանի իշխանություններին ձեռնտու են. իշխանությունը պահելու համար ընդդիմությանը զսպելու միջոց է։ Որքան էլ վատ հնչի, բայց այսօրվա սահմանային խախտումները, զոհերը, պատերազմի վտանգը ձեռնտու են միա՛յն Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին։ Ի դեպ, եթե որպես պարտված պետություն՝ Ադրբեջանն, այսպիսով, փորձում է ցույց տալ, որ ի վիճակի է հետ վերցնելու կորցրածը, ապա Հայաստանի իշխանությունների համար միակ խնդիրը փող աշխատելն է ու այդ նպատակի համար իշխանության մնալը։

Ոչ միայն Սերժ Սարգսյանի ցավը չտեսանք, այլ այս օրերին «վերևների լակոտները», երբ իրենց հասակակիցները սահմանին զոհվում էին, Հյուսիսային պողոտայում, Երևանի կենտրոնում մինչև ուշ գիշեր շարունակում էին իրենց խրախճանքը։ Իշխանությունն էլ չէր հրաժարվում իր գործելաոճից. բոլորս գիտենք, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է զոհաբերելու ցանկացածին, անգամ եթե այդ մարդը նրա ընտրաշարվի ժամանակ զոհողությունների է գնացել։ Մենք տեսնում ենք «Հին Էրիվանի» պատմությունը. փորձում են խլել այն սեփականատիրոջից, որն օգնել է Սերժ Սարգսյանին ընտրվել։ Քաղաքում խոսում են՝ Սերժի Վաչիկ կամ Վաչիկի տղա, բայց բոլորը հասկանում են, որ վերևում կանգնած է Սերժ Սարգսյանը, ով անգամ սահմանին լարվածության այդ օրերին զբաղված էր սեփականության բաշխմամբ։ Յուրային, ոչ յուրային իրենց համար նշանակություն չունի։ Բնական է, որ նման մտածելակերպ ունեցող մարդը թքած ունի, թե քանի հոգի կզոհվի սահմանին. իր համար կարևորը իշխանությունը պահելն է։

–Ինչո՞վ եք պայմանավորում հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը։

–Այս իշխանությունների վարած արտաքին դիվանագիտությունը հանգեցրեց Հայաստանի նսեմացմանը, և այսօր Ադրբեջանը հնարավորություն է ստացել և՛ իր ուժը ցուցադրել, և՛ իր գինը բարձրացնել։ Մենք, առանց պայման դնելու՝ մտնելով Մաքսային միություն և Ռուսաստանի ոտքերի տակ ընկնելով, այնպես արեցինք, որ Ռուսաստանն այժմ, Հայաստանին օգտագործելով, փորձում է Ադրբեջանին բերել իր տիրույթ։ Ադրբեջանն էլ օգտվում է այն իրավիճակից, որ Հայաստանը թույլ է և, ըստ էության, անտեր՝ բոլորի առաջ նսեմացած։ Այսինքն, սահմանին առաջացած լարվածության պատճառը դիրքային հավասարակշռության փոխվելն է։

–Հայաստանում իշխանափոխությունն արդյոք կնպաստի՞ սահմանին իրավիճակի կայունացմանը։

–Միակ ելքն այսօր իշխանափոխությունն է։ Ընդ որում, օ՛ր առաջ պետք է այս իշխանություններից ազատվել։ Դրանից նաև ժողովրդի ոգին կվերականգնվի, քանի որ ժողովուրդը ոչ մի հույս չի կապում այս իշխանությունների հետ։ Ձեր կայքում ճիշտ էր գրված, որ խաղաղության ժամանակ պարտված իշխանությունը չի կարող պատերազմներ առաջնորդել։ Առավել ևս՝ եթե ադրբեջանցիների մտադրությունները լուրջ են, բնական է, որ պետք է Հայաստանում լինի լեգիտիմ իշխանություն, և միայն լեգիտիմ իշխանությունը կարող է առաջնորդել պատերազմը։ Իսկ եթե անգամ պատերազմ չի լինելու, միևնույն է, պետք է այս իշխանությունից շատ արագ ազատվել և չտրվել պատերազմի սպառնալիքին, որը իշխանությունը միշտ կարող է «խաղացնել»։ Այսօր էլ մենք տեսնում ենք, որ իշխանական քարոզչամեքենան փորձում է կեղծ մթնոլորտ ստեղծել՝ իբր այս վիճակում չի կարելի ընդդիմադիր դիրքերից հանդես գալ։ Դա Սերժ Սարգսյանի ձեռագիրն է. եթե հիշում եք, 2008–ին էլ սահմանային խախտումներ եղան։

Պետք է հասկանանք, որ այս իշխանությունով ոչ միայն խաղաղ գոյակցության ժամանակ հեռանկար չկա, այլ նաև՝ պատերազմի։ Միակ ելքն իշխանափոխությունն է, և «քառյակը» պետք է շատ արագ հասնի այդ նպատակին։ Օրակարգը պետք է լինի մեկը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, և բանը չպիտի հասնի կեղծ օրակարգերին՝ կլինի սահմանադրական փոփոխություն, թե պատերազմի սպառնալիք, թե նոր վարչապետ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը