Տնտեսական

04.08.2014 13:18


2014-ի հունիսի համեմատ՝ հուլիսին դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է մոտ 30 տոկոսով

2014-ի հունիսի համեմատ՝ հուլիսին դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է  մոտ 30 տոկոսով

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2014-ի 1-ին կիսամյակում իրականացվել է 1232 օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ ուղղված առանց ուղեկցող փաստաթղթերի կամ առաքման գրքերում չգրանցված՝ ուղեկցող փաստաթղթերով ապրանքների առաքման կամ տեղափոխման հայտնաբերմանը: Արդյունքում կազմվել է 581,4մլն դրամի 1191 վարչական ակտ, մինչդեռ 2013-ի նույն ժամանակաշրջանում իրականացվել է 1066 այդպիսի միջոցառում, կազմվել է 1018 վարչական ակտ՝ 374.5մլն դրամի չափով: ՕՀՎ 4-րդ բանի պետ Աշոտ Զաքարյանի խոսքով` հայտնաբերված գումարը 95%-ով վերականգնվել է պետական բյուջե: Իսկ ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով 2014-ի 1-ին կիսամյակում իրականացվել է 164 օպերատիվ-հետախուզական միջոցառում, արդյունքում կազմվել է 158 վարչական ակտ՝ ավելի քան 43մլն դրամ գումարով՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի 260-ի դիմաց: Այսինքն, այս տարվա 6 ամսում ապօրինի ձեռնարկատիրության դեպքերը նվազել են 96-ով:

Հուլիսի 1-ից մեկնարկած վարչարարական նոր գործընթացի շրջանակում, ֆինանսների նախարարի հանձնարարությամբ, ՕՀՎ կողմից մի շարք միջոցառումներ են իրականացվում առավել ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ.«Միջոցառումների նպատակն է՝ ուժեղացնել հարկային հաշիվների դուրս գրման հսկողությունը: Ընդ որում, հսկողությունն իրականացվում է ոչ միայն հարկային հաշիվների քանակի, այլև դրանցում արտացոլված ապրանքների տեսականու, քանակի և միավորի գնի նկատմամբ»,-տեղեկացրել է Աշոտ Զաքարյանը: Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացված աշխատանքի արդյունքում արդեն իսկ հուլիսի ընթացքում ակնառու առաջընթաց է արձանագրվել: Ըստ ՕՀՎ 4-րդ բաժնի պետի, 2014-ի հուլիսին դուրս է գրվել մոտ 992 հազար հարկային հաշիվ՝ 2013-ի նույն ժամանակահատվածի շուրջ 706 հազարի դիմաց, համեմատական աճը կազմել է 40.5 տոկոս, ընդ որում, հարկային հաշիվներում արտացոլված ապրանքների ընդհանուր գումարը 2014-ի հուլիսին կազմել է ավելի քան 203մլրդ դրամ՝ 2013-ի նույն ժամանակաշրջանի 170մլրդ դրամի դիմաց, աճը` շուրջ 20 տոկոս: Իսկ 2014-ի հուլիսին` նախորդ ամսվա համեմատ դուրս գրված հարկային հաշիվների քանակը համապատասխանաբար կազմել է՝ շուրջ 992 հազար և ավելի քան 766 հազար, աճը` մոտ 30 տոկոս: Արտացոլված գումարը համապատասխանաբար կազմել է հուլիսին՝ ավելի քան 203մլրդ դրամ, հունիսին՝ ավելի քան 184մլրդ դրամ, աճը՝ 10.5 տոկոս: ՕՀՎ-ի կողմից հուլիսի 1-ից թիրախային 45 տնտեսվարող սուբյեկտների մոտ (հիմնականում ներմուծող և արտադրող), իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում զգալի ավելացել է դուրս գրվող հարկային հաշիվների քանակը. 2014-ի հուլիսին դուրս է գրվել ավելի քան 256 հազար հարկային հաշիվ, մինչդեռ հունիսին՝ մոտ 164 հազար, աճը կազմելով 52.6 տոկոս: Նույն տնտեսվարողների կողմից 2014-ի հուլիսին դուրս գրված հարկային հաշիվների աճը 2013-ի հուլիսի համեմատ կազմել է 155.7 տոկոս: Եվս 193 սուբյեկտների մոտ նորից իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման և տեղափոխման դեպքերը կանխելու և բացահայտելու նպատակով, ինչպես նաև 172 տնտեսվարողների նկատմամբ կազմվել են ընդհանուր 67.7մլն դրամ գումարի վարչական ակտեր: Հարկային տեսչություններում հուլիսին իրականացված վերլուծություններով 235 հարկ վճարողներ գնահատվել են որպես առավել ոչ բարեխիղճ: Այս պահին այդ ցանկերում ընդգրկված 38 տնտեսվարողների մոտ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ: («Դեյմոս», «Գայսաթ», «Րաբունի» ՍՊԸ-ների վերաբերյալ նյութերը գտնվում են քննչական մարմիններում): Ներկայում հսկողական աշխատանքներ են իրականացվում նաև ԼՂՀ-ում գրանցված և ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնող «Պարգև» և «Շուլուխ» ՍՊԸ-ների նկատմամբ. ընկերությունները մեծածախ առևտուր են իրականացնում ՀՀ-ում՝ հիմնականում ԼՂՀ-ում գրանցված ՀԴՄ- ներով, որի ժամանակ հնարավոր չէ ճշտել ոչ միան գնորդ կողմն, այլև վաճառքի իրական գները: Առանձնակի հսկողություն է իրականացվում նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից արդեն իսկ դուրս գրված հարկային հաշիվների չեղյալ ճանաչելու և անվավեր համարելու դեպքերի նկատմամբ. 10 տնտեսվարողներ 2014-ի ընթացքում դուրս գրած հարկային հաշիվներից ավելի քան 200-ը չեղյալ են ճանաչել, իսկ 34 տնտեսվարող սուբյեկտներ անվավեր են համարել ավելի քան 200-ը: Աշոտ Զաքարյանի տեղեկացմամբ` ներկայում այդ ընկերություններում ՕՀՎ կողմից համապատասխան միջոցառումներ են իրականացվում՝ պարզելու դրանց պատճառները:

ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը