Լրահոս

08.09.2009 10:05


ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահը նշանակվեց

ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահը նշանակվեց

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել Խորվաթիայում ամերիկյան առաքելության նախկին ղեկավար, դեսպան Ռոբերտ Բրադկեին։

«Ռոբերտ Բրադկեն ստանձնում է այս պաշտոնը՝ արտաքին քաղաքականության ոլորտում ավելի քան 36 տարվա աշխատանքից և եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում ակտիվ փորձառությունից հետո»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

Ռոբերտ Բրադկեն այս տարվա հուլիսին ավարտել է Խորվաթիայում ամերիկյան առաքելության եռամյա ղեկավարությունը, իսկ դրանից առաջ՝ 2001-2004 թվականներին եղել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականը, եվրոպական և եվրասիական հարցերով՝ ՆԱՏՕի և ԵԱՀԿ հարցերով պատասխանատուն։

«Միացյալ Նահանգները հասկանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային կարևորությունը և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև վերջին դրական երկխոսությունը»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրությունում։

«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մատնանշել է երկու նախագահներին իր խորը հետաքրքրվածությունը Մինսկի խմբի հետագա ջանքերում՝ հակամարտությունն արդյունավետ հանգրվանի բերելու վերաբերյալ, և Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստակամ է անել ամեն հնարավորը՝ այդ նպատակին աջակցելու համար»։

«Մենք տեղեկացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին դեսպան Բրադկեի նշանակման մասին»,-հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը և նշում, որ ամերիկացի նոր համանախագահն անհամբեր սպասում է իր առաջին այցին տարածաշրջան, որ տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։

Ռոբերտ Բրադկեն այս պաշտոնում փոխարինում է ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզային, ով, ըստ հաղորդումների, ստանձնելու է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը