Հարցազրույց

31.07.2014 13:06


Գագիկ Մակարյան. «ԱՄՆ–ը գործարարներին և պաշտոնյաներին հօգո՛ւտ Հայաստանի է նախազգուշացրել, ոչ թե ի վնաս»

Գագիկ Մակարյան. «ԱՄՆ–ը գործարարներին և պաշտոնյաներին հօգո՛ւտ Հայաստանի է նախազգուշացրել, ոչ թե ի վնաս»

Հարցազրույց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ

–ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Հայաստանի կառավարությանը և գործարարներին հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում: Այս նախազգուշացումն ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրի տնտեսության վրա։

–Անկեղծ ասած, ես շատ անհանգիստ չեմ Հայաստանի տնտեսության մասով։ Բանկերն այստեղ հիմնականում փող են աշխատում վարկեր տրամադրելով կամ քաղաքացիների ավանդները վերցնելով։ Եվ եթե «Գազպրոմբանկը» կամ «ՎՏԲ»–ն որոշեն հայաստանյան մասնաճյուղը վերացնել կամ սահամնափակել, ապա այդ բացը կլրացնեն մյուս բանկերը։ Այսօր բանկերում փողի ավելցուկ կա, փոխարենը՝ լավ հաճախորդների դեֆիցիտ ունեն։

–Իսկ ներդրումների առումով անհանգստություն չունե՞ք։

–Ներդրումների առումով հնարավոր է՝ նույնիսկ հակառակ էֆեկտը լինի, այսինքն՝ ԱՄՆ–ի այդ նախազգուշացումներն օգնեն Հայաստանում ներդրումներ կատարելուն։ Ռուսաստանում բիզնես ունեցող հայերը, տեսնելով, որ այնտեղ ռիսկը մեծացել է, կարող է՝ փորձեն իրենց բիզնեսը դիվերսիֆիկացնել և հայրենի երկրում (ինչպես տուն կամ բնակարան են դեռևս պահպանում՝ հետադարձ կապը չկտրելով) բիզնեսի մի մասը հիմնեն և ալտերնատիվ բիզնես ունենան։ Այսինքն, կարող է այնպես ստացվել, որ ընդդեմ Ռուսաստանի կիրառվող պատժամիջոցների հետևանքով Հայաստանում ներդրումներն ավելանան Ռուսաստանի՛ հայերի միջոցով։

–Դեսպանատան նախազգուշացումը հուշում է, որ այդ պատժամիջոցներն անդրադառնալու են ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի՛ վրա։

–Ո՛չ, ո՛չ։ ՌԴ քաղաքացի հայը եթե իր հայրենիքում ներդրումներ է կատարում, ինչո՞ւ պետք է իրեն ճնշեն։

–Բայց չեն էլ կարող ներփակված մնալ Հայաստանում։ Իսկ իրենց արտադրանքն արտահանելու ժամանակ արդեն կբախվեն այդ պատժամիջոցներին։

–Մենք ներմուծում ենք մոտ 4մլրդ–ի տարբեր ապրանքներ, դրա մոտ կեսը սննդի ոլորտն է։ Փաստորեն, մենք հսկայական քանակի սնունդ ենք ներմուծում և տեղում էլ սպառում ենք, այսինքն՝ շուկայի խնդիր չունենք։ Հիմա, եթե պատկերացնենք, որ ներդրումներ են կատարելու նմանատիպ սնունդ տեղո՛ւմ արտադրելու համար, օրինակ՝ կարագի, կաթնամթերքի կամ շոկոլադի արտադրության գործարան, ապա 2,5մլրդ–ի ապրանք արտադրելու համար մինիմում 500մլն–ից մինչև 1մլն դոլարի ներդրում կպահանջվի։ Իսկ դա Հայաստանի համար հոյակապ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի ընդամենը 250մլն–ի ներդրում է եղել։ Հայաստանի բնակիչների համար այդ ապրանքները հենց այստեղ կարտադրվեն, իսկ մեր երկրի նկատմամբ ԱՄՆ–ը պատժամիջոցներ չի կիրառում։ Հայաստանը, ենթադրաբար, կարող է տնտեսապես տուժել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը շատ սուզվի, և մեր երկիր տրանսֆերտները պակասեն, հայերն աշխատանք չունենան։ Կամ եթե դեպի Ռուսաստան, օրինակ, խմիչքների արտահանումը պակասի։ Բայց այստեղ էլ խնդիր չկա, որովհետև մոտ 270մլն–ի արտահանում ունենք դեպի Ռուսաստան, որի կեսը ալկոհոլային խմիչքներ են։ Ես չեմ կարծում, որ ռուսները կդադարեն խմել. դա երկար տարիների խնդիր է։ Իսկ մնացածը մրգեր և բանաջարեղեն են, որոնք էլի կենցաղում օգտագործվող են։ Այսինքն, Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքներն արդյունաբերական չեն, որ եթե ՌԴ տնտեսությունը խորտակվի, դրանք այլևս չներմուծվեն։ Ինչ որ մենք առաքում ենք, ժողովուրդն է օգտագործում, իսկ ժողովուրդը դեռ երկար ժամանակ կունենա փող և պոտենցիալ՝ գնումներ կատարելու։

–Այդուհանդերձ, պարզ է՝ ԱՄՆ դեսպանատունը մեզ լավություն անելու համար չէ այսպիսի նախազգուշացումով հանդես եկել։

–ԱՄՆ–ն այդպիսով զգուշության է բերում հայերին։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությունից պահանջեց պարսկական «Մելլաթբանկ»–ով արտասահման փողեր փոխանցելու իրավունքը վերացնել, և ՀՀ կենտրոնական բանկը խելոք, հնազանդորեն կատարեց այդ պահանջը։ Բայց դրանից հետո մեզ մոտ առանձնապես խնդիրներ չառաջացան։ Նույն կերպ հիմա ԱՄՆ–ը զգուշացնում է Հայաստանին՝ նաև կանխարգելիչ նպատակ հետապնդելով։

–Այսինքն, ի՞նչն է ուզում կանխել։

–Հայերին ասում է՝ Ռուսաստանում ներդրում մի արեք, կամ Ռուսաստանի վրա շատ հույս մի դրեք, կամ էլ եթե այնտեղ ունեք ինչ–որ բաներ, փորձեք զգուշանալ կամ հետ բերել։

–Ուզում եք ասել՝ այս նախազգուշացմամբ ԱՄՆ–ը ցանկանում է վատություն անել Ռուսաստանի՛ն, ոչ թե Հայաստանին։

–Այո՛, շատ ճիշտ է, վատություն անել կամ մեկուսացնել Ռուսաստանին։

–Իսկ ԱՄՆ–ի այս նախազգուշացումը Հայաստանի ներկայիս իշխանության վարած «և՛,և՛»–ի արտաքին քաղաքանության հետ որևէ կերպ չե՞ք պայմանավորում։

–Ամերիկայի դերակատարումը հետաքրքիր է. մենք եթե գնում ենք դեպի Եվրոպա կամ Ռուսաստան՝ Մաքսային միություն, ապա երկու դեպքում էլ ԱՄՆ–ը մեզ համար որոշակի հավասարակշռություն պահող երկիր է. բալանսավորում է։ Փաստորեն, մենք եռակո՛ղմ համակարգի մեջ ենք՝ Ամերիկա, Եվրամիություն և Մաքսային միություն։ ԱՄՆ–ն այստեղ հավասարակշռություն է պահում, որովհետև շարունակում է Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Իսկ նպատակն այն է, որ Հայաստանին չթողնի ընկնել թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի շատ մեծ ազդեցության տակ։ Այսպիսով, ԱՄՆ–ը միշտ իր ձեռքը պահում է Հայաստանի վրա. եթե հետ քաշի, Հայաստանը կհայտնվի միայն Եվրոպայի կամ Ռուսաստանի ազդեցության տակ։ Հիմա՛ էլ է ԱՄՆ–ը բալանսավորում և այս խնդիրների մեջ փորձում է Հայաստանին հեռահար ձևով զգուշացնել ու հավասարակշռել իրավիճակը հօգո՛ւտ Հայաստանի, ոչ թե ի վնաս։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը