Հարցազրույց

23.07.2014 15:22


Հայկ Ավետիսյան. «Խնդիրները չեն կարող արմատական լուծումներ ստանալ ներկայիս իշխանության պայմաններում»

Հայկ Ավետիսյան. «Խնդիրները չեն կարող արմատական լուծումներ ստանալ ներկայիս իշխանության պայմաններում»

Հարցազրույց «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանի հետ

–Օգոստոս ամսին «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի որևէ գործողություն նախատեսե՞լ է։

–Ոչ. օգոստոսի համար բողոքի ակցիա պլանավորված չէ։ Միգուցե կազմակերպվեն քաղաքացիական շարժումների մասին կինոդիտումներ կամ նմանատիպ միջոցառումներ։ Բայց բողոքի ակցիա նախատեսված չէ՝ հաշվի առնելով արձակուրդային շրջանը և շատ մարդկանց՝ քաղաքում չլինելը։

Մտավախություն չունե՞ք, որ թեկուզ ժամանակավոր այդ դադարը օգուտ է միմիայն իշխանությանը։

–Անկեղծ ասած, նման մտավախություն չկա, քանի որ ոչ մի շարժում, կարծում եմ, չի կարող անվերջ ու անդադար բողոքի ակցիաներ և ցույցեր անել։ Ամենակարևոր խնդիրը շատ մարդկանց ներգրավելն է պայքարի մեջ։

–Բայց չէ՞ որ այդ դադարից շարժման ալիքը կմարի։

–Նույնիսկ ամառվա սկզբին արդեն իսկ նկատվում էր, որ շարժման ակտիվիստների քանակը բավականին քչացել է, քանի որ նրանցից շատերի աշխատավարձերից պահումներ չէին անում։ Այսինքն, հիմա մենք մարդկանց քանակի ավելացման խնդիր ունենք։ Մարդկանց պետք է հասցնենք այն գաղափարը, որ իրե՛նք են իրենց պայքարով փոխելու մեր երկիրը։ Չպետք է ստացվի այնպես, որ միայն շատ քիչ տոկոս մասնակցի պայքարին և բողոքի ակցիաներին, և այդ քիչ մասսան անընդհատ պայքարի այն մնացած մարդկանց համար, ովքեր որևէ ձևով չեն մասնակցում պայքարին։ Իմ կարծիքով հիմա պետք է պայքարն այնպես կազմակերպել, որպեսզի շատ–շատ մարդ մասնակցի դրան։ Այսինքն, զուտ միայն պայքարի ալիքը չմարելու համար բողոքի ակցիա անելը նպատակահարմար չէ։

–Աշնանը ներքաղաքական լուրջ գործընթացներ են ակնկալվում, հատկապես ոչիշխանական ուժերի պահանջների համատեքստում։ «ԴԵՄ ԵՄ»–ն ի՞նչ մասնակցություն կունենա այդ գործողություններին, և արդյոք արդեն ժամանա՞կը չէ՝ ուժերը համախմբելու և հասնելու խնդիրների քաղաքակա՛ն լուծման։

–Այդ հարցին ոչ «ԴԵՄ ԵՄ»–ի, ոչ էլ իմ անունից, անկեղծ ասած, որևէ ձևով չեմ կարող հիմա պատասխան տալ։ Մի քիչ պետք է հստակություն լինի, տեսնենք, թե ինչ է կատարվում, նոր հասկանանք մեր հետագա անելիքները։

–Ձեր պայքարի մինչ այժմ արձանագրած կամ չարձանագրած արդյունքներից եզրակացության չե՞ք եկել, որ խնդիրներն իրականում հենց քաղաքակա՛ն հարթության մեջ են, ու դրանք հնարավոր է լուծել միմիայն քաղաքական պայքարի միջոցով։

–Իհա՛րկե, Հայաստանի Հանրապետության խնդիրները չեն կարող արմատական լուծումներ ստանալ ներկայիս իշխանության պայմաններում։ Բայց նաև պետք է ժողովուրդն ի՛նքը դառնա պահանջատեր ցանկացած իշխանության դեպքում, որպեսզի որևէ իշխանություն այլևս չհամարի, որ ինքն ինչ ուզենա՝ կանի։ Մի բան էլ ավելացնեմ՝ ինձ համար ինքնին իշխանափոխությունը նպատակ չէ։ Գերագույն նպատակն այն է, որ Հայաստանում լինի արդար ընտրությունների մեխանիզմ։ Զուտ իշխանափոխությունն ընդամենը քայլերից մեկն է՝ իմ մատնանշած նպատակին հասնելու միջոց։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը