Հարցազրույց

21.07.2014 13:20


Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանի ձեռքին չի՛ կարելի մոմ տալ»

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանի ձեռքին չի՛ կարելի մոմ տալ»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ: Արդյոք Հայաստանի քաղաքացիներին այդ փոփոխություններն անհրաժե՞շտ են։ Եվ ընդհանրապես, ի՞նչն առաջին հերթին պետք է փոխվի երկրում։

–Միանգամից ասեմ՝ այսպիսի խոսք կա՝ մոմի լույսի տակ մեկը գիրք է կարդում, մյուսը՝ ստորագրություն կեղծում։ Հիմա այդ նույն «բարեփոխումների» տակ, բնականաբար, իշխանությունները փորձում են մեխանիզմներ ստեղծել վերարտադրման համար։ Ես, իհարկե, հարգում եմ Գագիկ Հարությունյանի պրոֆեսիոնալիզմը, բայց եթե ինքն ասում է՝ մարդակենտրոն Սահմանադրություն է պետք ստեղծել, ապա Հայաստանում այդ մարդակենտրոնը, այդ մարդը կդառնա Սերժ Սարգսյանը, որն այդ մեխանիզմով կվերարտադրվի, և այսօր Հայաստանում իրոք դրա անհրաժեշտությունը չկա։ Եվ ընդամենը Հայաստանում անհապաղ իշխանափոխության խնդիր կա, որպեսզի մենք ոչ միայն մեր ներքին խնդիրները լուծենք, այլև անկախությունը չկորցնենք։ Ուրիշ տարբերակ չկա։ Եվ այդ մոմի օրինակով ասեմ՝ Սերժ Սարգսյանի ձեռքին չի՛ կարելի մոմ տալ։

–Այնուամենայնիվ, եթե Սերժ Սարգսյանը շարունակի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնած գործընթացը, ինչի՞ դա կհանգեցնի։

–Ես համոզված եմ, որ դրանով սկիզբ կդրվի իշխանափոխության գործընթացին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, որովհետև իրենք որքան էլ փորձեն հանդիպումներ անել՝ պատրանքներով, իբր, քննարկումներ են գնում, բոլորը հասկանում են, որ դա վերածվելու է իշխանափոխության գործընթացի։ Ես համոզված եմ՝ քաղաքական ուժերը, սկսած «քառյակից», էլ չեմ ասում՝ արտախորհրդարանականները, անընդհատ ազդեցություն են ունենալու քաղաքական գործընթացների վրա։ Մարդիկ, համոզված եմ, կմիավորվեն, և այդ դեպքում գործընթացը կվերածվի իշխանափոխության գործընթացի։ Ժողովուրդն այլևս համբերություն չունի. համբերության բաժակը լցվել է։ Այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը երեք ամսով հետաձգեց գործընթացը, պատճառը դա էր։ Իհարկե, դրանով նրանք փորձում էին ամառային–արձակուրդային շրջանում, երբ քաղաքական ուժերը կարծես հանգստի ռեժիմի մեջ են, փորձել, ասենք, հանրային քննարկումների ֆոն ստեղծել, բայց կրկնեմ՝ ոչինչ չի հաջողվելու, որովհետև իշխանությունը որևէ ռեսուրս չունի դիմադրելու։ Այդ հանրաքվեն վերածվելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթացի։

–Նշեցիք «քառյակ» և ոչ իշխանական ուժեր գործոնների մասին։ Որո՞նք պետք է լինեն նրանց հետագա քայլերը։

–Կարծում եմ, որ պետք է ֆորմատն ընդլայնվի, որովհետև «քառյակը» վաղուց պետք է ընդլայնված լիներ և ստեղծեր Ազգային համաձայնության դաշինք, որովհետև մենք գիտենք, որ պառլամենտը չի արտացոլում ժողովրդի քաղաքական նախասիրությունների ողջ ներկապնակը։ «Քառյակը» պետք է ընդլայնվի, և որքան շուտ դա արվի, այնքան ավելի գործընթացը կարագանա։ Համոզված եմ՝ եթե հարթակում՝ Ազատության հրապարակում, իշխանությունները տեսնեն ընդդիմադիրներին՝ համախմբված ուժ, ապա իշխանության օրերը հաշված են։ Իշխանությունը փողոցում գցած է, պարզապես վերցնողներին փորձում են խանգարել տարբեր մարդիկ, հաճախորդներ, որոնք կարծես ընդդիմադիր դաշտում են, բայց դրանք ավելի շատ զբաղված են «քառյակի» կամ, ասենք, Քոչարյանի քննադատությամբ և այլն, և այլն։ Դա արդեն նշանակում է, որ այդ մարդիկ պատվեր են կատարում, բայց արդեն բացահայտված են Հայաստանում։ Սերժ Սարգսյանին հաջողվեց այդ ընթացքում բացահայտել բոլորին, փչացնել, պաշտոն տալ։ Մի մասին էլ, ճիշտ է, նորից մեջտեղ են գցել, բայց դա ոչինչ չի փոխի։ Մեկ անգամ ասել եմ՝ այն մարդիկ, որոնք, բացի Սերժ Սարգսյանից, կքննադատեն մեկին, Բաղրամյան 26-ի պատվերն են կատարում։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը