Հարցազրույց

19.07.2014 10:44


Հայկ Խանումյան. «Արցախցիներին խուճապը հատուկ չէ»

Հայկ Խանումյան. «Արցախցիներին խուճապը հատուկ չէ»

Հարցազրույց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ

Այս օրերին Արցախում ինչպիսի՞ տրամադրություններ են։

Ադրբեջանական հետախուզական խմբի թափանցումը և նրանց կողմից Արցախի տարածքում խաղաղ բնակիչների սպանությունը մտահոգությունների տեղիք տվեցին: Սակայն խուճապի մասին խոսելը չափազանցված կլինի. արցախցիներին խուճապը հատուկ չէ: Այնուամենայնիվ, բազմաթիվ հարցեր առաջացան, որոնց պատասխաններին դեռ սպասում է հասարակությունը: Մասնավորապես, այն, որ բազմաթիվ տեղեկություններ կային նախկինում ևս ադրբեջանցիների թափանցման մասին, սակայն համապատասխան մարմինները դրան հատուկ ուշադրություն չէին դարձրել:

Որքանո՞վ եք հնարավոր համարում պատերազմի վերսկսումը։

–Ակտիվ պատերազմական գործողություններն ամեն վայրկյան էլ կարող են սկսել: Ես չեմ կարծում, որ այժմ դա բխում է ադրբեջանական ռեժիմի շահերից, և, նմանապես, չեմ էլ կարծում, թե հայկական կողմերն այս պահին Արդբեջանի տարածքում լայն ռազմական գործողություններ վարելու մտադրություն ունեն: Այնուամենայնիվ, ակտիվացած հետախուզությունը, ռազմամթերքի կուտակումը, ռազմարդյունաբերական համալիրների ստեղծումը ցուցիչներ են, որ կողմերը պատերազմի են պատրաստվում: Այս փուլում կարևորում եմ բանակում ակտիվ բարեփոխումները, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ամենաբարձր պաշտոնյաների փոխարինումն ավելի արդյունավետ ռազմական գործիչներով, առաջնագծի զինումը տեխնիկական նոր միջոցներով և, ամենակարևորը, թերբնակեցված շրջանների վերաբնակեցումը:

–Իսկ ինչո՞վ եք պայմանավորում հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորումը։

–Լևոն Հայրապետյանի կալանավորումն ու ձերբակալումն ինձ համար տարօրինակ են. առաջադրվող մեղադրանքը նման է շինծու գործերի մեղադրանքներին: Բավարար ինֆորմացիա չունենալով՝ չեմ կարող վարկածներ առաջ քաշել, սակայն Արկադի Տեր-Թադևոսյանի առաջ քաշած վարկածը՝ ադրբեջանական պատվերի շուրջ, արժանահավատ է թվում:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը