Հարցազրույց

16.07.2014 12:44


Վահե Հովհաննիսյան. «Հայաստանը կարիք ունի ներքին և արտաքին արժանապատվության վերականգնման»

Վահե Հովհաննիսյան. «Հայաստանը կարիք ունի ներքին և արտաքին արժանապատվության վերականգնման»

Zham.am-ի հարցազրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ.
- Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման, ինչպես նաև ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մեծաքանակ զենք-զինամթերքի վաճառքի ֆոնին հասարակության մեջ ուժգնացել են պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները: Ի՞նչ եք կարծում, կա՞ որևէ հիմք անհանգստության համար:
-Ես ներկայացնում եմ քաղաքական ուժ, ես զբաղվում եմ քաղաքականությամբ և այս թեմայով դատողություններ անելիս չափազանց զգույշ եմ իմ ձևակերպումներում. ընդհանրապես աշխատում եմ այս թեմայով պատեհ-անպատեհ չխոսել: Նույնն առաջարկում եմ իր գործընկերներին: Սա այն հարցը չէ, երբ` ով ուզի և ինչ ուզի կարող է ցանկացած պահի ասել: Խոսքի արժեքը այս հարցում առավել քան երբևէ թանկ է: Հայաստանի քաղաքական ուժերի, քաղաքական իշխանության խնդիրն է` անել ամեն հնարավորը` պատերազմ թույլ չտալու համար: Սա է խնդիրը, որի շուրջ պետք է մտածել ու կոնկրետ քայլեր անել:
-Այնուհանդերձ` տարբեր գործիչներ, հասարակությանը հայտնի մարդիկ, պարբերաբար հայտարարում են, որ պատերազմի դեպքում իրենք կմեկնեն առաջին գիծ` հայրենիքը պաշտպանելու:
- Ցավոք, կամուֆլյաժային հերոսությունը հիմա ծաղկման փուլում է: Ժամանակին ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Սամվել Բաբայանը, ոչ Վազգեն Սարգսյանը ոչ մի բան չեն հայտարարել: Ուղղակի արել են այն, ինչի պատմական անհրաժեշտությունն այդ պահին եղել է: Ես ուզում եմ, որ ԶԼՄ-ները նույնպես տուրք չտան վաղահաս հերոսություններին: Գիտեք, պատերազմի ժամանակ գործում է այլ հիերարխիա, այլ չափանիշներ: Պատերազմի ժամանակ վերանում է քաղաքականությունը, կուսակցական պատկանելությունը: Կա Գերագույն գլխավոր հրամատար, կա Պաշտպանության նախարար, կան համապատասխան կառույցներ և գործում են ռազմական դրության օրենքի դրույթները: Գուցե պարզունակ թվա, բայց այդ պայմաններում ամենանախընտրելի հերոսությունն օրենքին և հրամաններին անվերապահ ենթարկվելն է:
- Բայց հիմա` խաղաղ պայմաններում, նույնպես կրակում են, և հակառակորդը ստեղծում է բազմաթիվ անհարմարություններ խաղաղ բնակչության համար:
- Սկսենք նրանից, որ ձեր նշած խաղաղությունը հարաբերական է: Երկրորդ` մեր բանակը վերահսկում է իրավիճակը և պարբերաբար ստիպում է հակառակորդին` լռել: Իսկ թշնամու կրակահերթի տակ ապրող խաղաղ բնակչությունն իրոք կարիք ունի ամենօրա ուշադրության և կոնկրետ քայլերի: Այս տարի “Ծառուկյան” հիմնադրամից զգալի միջոցներ են հատկացվել և հատկացվելու սահմանամերձ գյուղերին: Օրեր առաջ սահմանամերձ գյուղերին տոննաներով ալյուր ուղարկելու` Ծառուկյանի հանձնարարականից մինչև իրագործում ընդամենը 24 ժամ պահանջվեց: Ես այս օրինակը բերում եմ որպես մեկ հիմնադրամի աշխատանքի արդյունք: Եթե նույն էֆեկտիվությամբ աշխատեն այլ կառույցներ ևս, այդ թվում` պետական, ապա իրավիճակը շատ արագ կփոխվի:
- Գաղտնիք չէ, որ հասարակության մեջ կան որոշակի դժգոհություններ բանակից: Ո՞րն է սրա լուծումը:
- Գիտեք, բանակն ուրիշինը չէ, որ կողքից նայենք ու դժգոհենք կամ գովենք:: Բանակը մերն է:Այսօր ամենամեծ դավաճանությունը բանակի և հասարակության միջև օտարացում սերմանելն է: Բանակը կանգնած է մեր սահմանին, բանակում ծառայում են մեր որդիները, եղբայրները, ընկերները և, վերջապես, բանակը պաշտպանում է մեր հայրենիքը և մեզ: Մենք չպետք է Սեյրան Օհանյանին նայենք որպես հերթական մի պաշտոնյայի, որը մեկուսացած է ինքն իր ոլորտում: Ոչ, Սեյրան Օհանյանի ոլորտը մեր երկրի ու մեր բոլորի անվտանգությունն է: Այստեղ կուսակցական պատկանելությունը որևէ նշանակություն չպետք է ունենա: Մենք բոլորս պարտավոր ենք մեր գործունեության որոշակի մի հատված տրամադրել բանակին: Մենք պարտավոր ենք նախ Սեյրան Օհանյանին առաջարկել մեր օգնությունը, հետո նոր` դատողություններ անել: Ես այդպես եմ պատկերացնում: Բանակը մերն է ու ոչ մի օտարացում չի կարելի թույլ տալ: Դա, իհարկե, չի նշանակում, որ ում խելքին ինչ փչի կարող է ասել և անել: Առավել ևս` չի նշանակում, որ խնդիրներ չկան: Իհարկե կան, ու դրանք մեր բոլորի խնդիրներն են, քանի որ դա մեր բոլորի բանակն է: Վստահ եմ` կարելիէ գտնել շատ ռացիոնալ ու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ` Պաշտպանության նախարարության և բանակի հետ:
-Եվ վերջին հարցը. ո՞րն է քաղաքական ուժերի և իշխանության հիմնական անելիքը տարածաշրջանում ստեղծված նոր մարտահրավերների ֆոնին:
-Խնդիրը շատ հստակ է` թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումը: Խոսքս վերաբերում է տնտեսությանը, արտագաղթին և հասարակության ընդհանուր բարոյահոգեբանական վիճակին: Երկիրը, եթե կուզեք, կարիք ունի ներքին և արտաքին արժանապատվության վերականգնման: Անհրաժեշտ է հստակ ճանապարհային քարտեզով բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը: Ինչ վերաբերում է ռուսական զենքին, սրան պետք է նայել որպես փաստ: Եվ մեր քայլերը պետք է արվեն այս փաստը հաշվի առնելով` քայլեր, որոնք ուղղված կլինեն հավասարակշռությունը վերակագնելուն , և ինչու չէ մեր բանակի` տեխնոլոգիական առավելություն ստանալուն: Անվերջ նվնվալով խնդիրը չի լուծվելու: Ռուսները մեր նվնվոցից հետ չեն վերցնելու Ադրբեջանից իրենց զենքը:

Այս խորագրի վերջին նյութերը