Հարցազրույց

15.07.2014 14:09


Փայլակ Հայրապետյան. Ուր էլ գնա Տիգրան Սարգսյանը, պատասխանատվությունից չի խուսափի

Փայլակ Հայրապետյան. Ուր էլ գնա Տիգրան Սարգսյանը, պատասխանատվությունից չի խուսափի

Հարցազրույց ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանի հետ

–Արժանահավատ համարո՞ւմ եք «օֆշորային սկանդալի» գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանի հավաստիացումները, թե ՀՀ նախկին վարչապետ, այժմ արդեն՝ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրություններն ի՛նքն է կեղծել։

–Իրեն, երևի, ստիպել են, որ կեղծի։ Դա այնքան վախկոտ մարդ է, տղամարդ չի ուղղակի, խաբեբա է, ժուլիկ, ո՞նց կհամարձակվեր՝ կեղծեր։ Չեմ հավատում, ինքն էդպիսի ռիսկ չէր անի, որ առանց նրանց թույլտվության՝ կեղծեր ստորագրությունները։ Մանավանդ որ Աշոտի հետ Կճոյանը երկու անգամ գնացել է օֆշորային գոտի՝ Կիպրոս։ Մի անգամ ես եմ ճանապարհել օդանավակայանում, մի անգամ էլ Կճոյանն առանձին է գնացել։

–Գնում էին հատուկ այդ գործարքը կնքելո՞ւ համար։

–Բա իհա՛րկե, ուրիշ էլ ինչի՞ էին գնում։ Միասին 15 օր գնացին, եկան, բա ի՞նչ էին անում էնտեղ։ Դրանք Սարգսյանի և Կճոյանի ստորագրություններն են։ Եթե իրենցը չլինեին, կհրապարակեին։ Մի օր եկեք, առանց անձնագրի մի հատ գնանք, ասենք՝ հաշիվ բացեք։ Թեկուզ հենց Հայաստանում։ Կասեն՝ անձնագի՛րդ տուր, արի՛, ստորագրի՛, լիազորագի՛ր բեր։ Բացի այդ, Կիպրոսում բացված այդ հաշիվներից մեկի վրա նստել է 7մլն, մյուսի վրա՝ 350 հազ., մյուսի վրա էլ՝ 2 մլն։ Էդ գումարները հետ են եկել։ Առանց իրենց իմանալու՝ այդ գումարները չէին թույլատրի, որ հետ գան, առանց իրենց իմանալու՝ այստեղից գումար չի կարող գնալ։ Ի՞նչ հեքիաթներ են պատմում։ Էլ չեմ ասում, որ Հայաստանից գնացած այդ գումարի մասին պետք է իմանար ՀՀ ԱԱԾ–ն, չէ՞ որ Հայաստանից դեպի աֆրիկական երկիր 10 մլն գումար էր դուրս գալիս։ Մեր երկիրը հո անտե՞ր չի. դատախազություն ունի, ԱԱԾ ունի, այլ կառույցներ ունի, փաստաթուղթ պիտի լինի, հարցում պիտի արած լինեն։ Իսկ եթե հարցում չեն արել, ուրեմն վարչապետ Տիգրան Սարգսյանն ի՛ր ուժերն է օգտագործել, ասել է՝ փոխանցե՛ք ու վե՛րջ։ Դե մի հատ գնացեք, ասեք՝ Աֆրիկա օֆշորային գոտով ուզում ենք 500 դոլար փոխանցենք։ Կնստացնեն էնտեղ, մինչև ԱԱԾ–ն ստուգի՝ դու ո՞վ ես, ո՞ւր ես ուղարկում, ի՞նչ ես անում։ Ախր, մենք, ի վերջո, պետության հետ գործ ունենք։

–Ի դեպ, Աշոտ Սուքիասյանը պնդում է, թե Տիգրան Սարգսյանի և Կճոյանի ստորագրությունները կեղծել է իր բիզնեսն ապահովագրելու համար։ Անգամ եթե հավատանք դրան, փաստորեն, ստացվում է՝ նրանք հայ գործարարներին «տանի՞ք» են կանգնում։

Աշոտ Սուքիասյանի հայտարարությունն ավելի վատ է թե՛ իր համար, թե՛ Կճոյանի ու Սարգսյանի։ Եթե իրենք հանցագործի բիզնեսին «կռիշ» են կանգնում, որ ձեռքից չխլեն, ուրեմն իրենք էլ են կա՛մ գողեր, կա՛մ չգիտեմ՝ ինչ։ Ի դեպ, «կռիշ» կանգնելու հոդվածն ավելի ծանր է, քան գողությունը։ Պաշտոնական դիրքի չարաշահո՛ւմ է այդ հանցագործին ստվերում պահելը։

–Այսօր արդեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է Տիգրան Սարգսյանին և բարձր գնահատել նրա փորձը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը։

–Տիգրան Սարգսյանն արևմտամետ գործիչ էր, իրենց մարդն էր, կընդուներ, ի՞նչ է եղել։ ԱՄՆ–ն այսօր ամբողջ Ուկրաինան, աշխարհը դրել, քանդում է։ Աշխարհում ժողովորդավարությունը կեղծ կատեգորիա է, գոյություն չունի։

–Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԱՄՆ–ի հովանավորությունը վայելող և դիվանագիտական անձեռնմխելիություն ստացած Տիգրան Սարգսյանը պատասխանատվության կանչվի։

–Տեսեք, թե քանի երկրում անգամ նախագահին են մեղադրանք առաջադրել։ Ֆրանսիայի, Իտալիայի պես երկրներում նախագահին մեղադրանք առաջադրեցին։ Եթե մեղադրանքն ապացուցվեց, ով ուզում է՝ լինի, ինչո՞ւ չպետք է պատասխանատվության ենթարկեն։ Պաշտոնը ժամանակավոր բնույթ է կրում։ Ով ուզում է՝ լինի, պատասխանատվությունից չի՛ խուսափի։ Հետո, մի հատ էլ վերևն Աստված կա. եթե ստեղից անցնի, էնտեղից չի՛ կարա անցնի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը