Լրահոս

04.09.2009 14:29


Համլետ Հովսեփյան. «Մենք այս արձանագրությունները հայ–թուրքական հարաբերությունների առումով կես քայլ առաջ ենք համարում»

Համլետ Հովսեփյան. «Մենք այս արձանագրությունները հայ–թուրքական հարաբերությունների առումով կես քայլ առաջ ենք համարում»

-Արձանագրությունը դեռ իրավական փաստաթուղթ չէ. դրանք լոկ համաձայնության եկած հարցերն են, որոնք ուղղակի տրվել են թղթին,- «Արցախ» ակումբում ասել է  Ազատամարտի վետերանների միության պատվավոր նախագահ, ՀՀ վարչապետի իրավական հարցերով խորհրդական Համլետ Հովսեփյանը։

 Արձանագրությունների վերաբերյալ միության դիրքորոշումը ներկայացնելիս՝ նա ասել է.

-Մենք մտածում ենք, որ քանի որ արցախյան հարցն այդ արձանագրություններում չի շոշափվում, չի շոշափվում նաև Ցեղասպանության ուրացման հարցը, և նման նախապայմաններ չկան, ապա մենք այդ արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների առումով կես քայլ առաջ ենք համարում։

Նա նշել է, որ եթե երկրի նախագահն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ այնտեղ այդ նախապայմանները չկան, ուրեմն ինքն ուզում է հավատալ դրան։

Ինչ վերաբերում է պատմական հարցերն ուսումնասիրող հանձնաժողովին, ապա, նրա կարծիքով, չի կարելի մտածել, որ որևէ հայ պատմաբան կարող է գնալ այդ հանձնաժողովում Ցեղասպանության հարցը քննարկելու. այդտեղ կարող են քննարկվել բազմաթիվ հարցեր։

«Կվավերացնի՞ Թուրքիայի խորհրդարանը նախաստորագրված արձանագրությունները, թե՞ ոչ» հարցին Հ.Հովսեեփյանը պատասխանել է.

-Բնական է, որ բանավեճեր այդ հարցի շուրջ կլինեն։ Սակայն ինչպես մեր խորհրդարանում, այնպես էլ Թուրքիայի մեջլիսում իշխող կուսակցությունը մեծամասնություն է։ Եթե իշխող կուսակցությունը փաստաթուղթ է նախաստորագրում և գալիս է խորհրդարան՝ այն ներկայացնելու, կարծում եմ՝ ինքը պետք է ջանքեր թափի, որ այն վավերացվի։ Այլապես, եթե մենք վավերացնում ենք, իսկ թուրքերը՝ ոչ, ապա ամբողջ աշխարհի կողմից դիտվում է, որ թուրքերը նորից խաբեցին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը