Հարցազրույց

09.07.2014 18:33


Արմեն Գրիգորյան. «Միայն Երևանն է պատրաստ զիջումների»

Արմեն Գրիգորյան. «Միայն Երևանն է պատրաստ զիջումների»

iLur.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը՝ 7 շրջանների վերադարձի անհրաժեշտության մասին:

-ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը առավել շատ է սկսել միջամտել Հայաստանի ներքին կյանքին: Նա ոչ միայն տարածքներ հանձնելու մասին է խոսում, այլ նաև պաշտպանում է օֆշորային սկանդալներում ներգրավված Տիգրան Սարգսյանին: Դեսպանը նաև ներգրավվել է հակասահմանադրական ծրագրերի իրականացմանը Հայաստանում (նկատի ունեմ կենսաթոշակային օրենքին աջակցումը, որի մի շարք դրույթներ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչվել): Տարածք հանձնելու գործընթացը, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Սերժ Սարգսյանը, հնարավոր չէ իրականացնել, որովհետև Արցախում լուրջ դիմադրություն կլինի: Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները շարունակում են կտրված մնալ իրականությունից, որի արդյունքում էլ նման հայտարարություններ են անում:

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ կողմից հնչեցված արձագանքը, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունները պարբերաբար խոսել են հավանական զիջումների մասին:

-Քանի որ Աղդամը Սերժ Սարգսյանի հայրենիքը չէ, միևնույն ժամանակ՝ Սարգսյանը ստանձնել է հողեր հանձնելու պատասխանատվությունը, ապա Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող նախարարությունը չի կարող հակասություն ունենալ նման հայտարարության հետ: Սարգսյանը այսօր նույնիսկ բանակցում է Արցախի կարգավիճակի շուրջ, ինչպես գիտեք, Մադրիդյան սկզբունքների համաձայն՝ Արցախին տրվելու է միջանկյալ ստատուս, իսկ դա նշանակում է, որ նրանք պատրաստ են բոլոր տեսակի զիջումների: Ի դեպ միայն Երևանն է պատրաստ զիջումների, Ադրբեջանը այսօր էլ հայտարարում է, որ ոչնչացնելու է Հայաստանը:

iLur.am

Այս խորագրի վերջին նյութերը