Հարցազրույց

09.07.2014 16:11


Էլինար Վարդանյան. «Արդյոք ամենօրյա հացի խնդիր ունեցող մարդիկ դրա լուծումը կապում են Սահմանադրությա՞ն փոփոխության հետ»

Էլինար Վարդանյան. «Արդյոք ամենօրյա հացի խնդիր ունեցող մարդիկ դրա լուծումը կապում են Սահմանադրությա՞ն փոփոխության հետ»

Zham.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ.
- Տիկի՛ն Վարդանյան, երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, այդ բարեփոխումները պատրանք անվանեց, «ժողովրդին շեղելու փորձ» և հայտարարեց, որ Հայաստանին Սահմանադրության փոփոխություններ պետք չեն, և դրանք չեն բխում ՀՀ քաղաքացիների շահերից: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ տեսակետին:

- Ես լիովին կիսում եմ Րաֆիի Հովհաննիսյանի Ձեր կողմից մատնանշած բնորոշումները: Իրականում այսօր Սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջարկ չկա. սա արհեստական օրակարգ է, և պատահական չէ, որ շատերի մոտ այն հիմնավոր կասկածներ է առաջացնում: Խոսել սահմանադրական փոփոխությունների մասին այն պահին, երբ միջազգային տարբեր հեղինակավոր կառույցների կողմից հետազոտությունների արդյունքում Հայաստանի տնտեսությունը իր «պատվավոր» տեղն է զբաղեցնում աշխարհի վատագույն տնտեսությունների առաջին հորիզոնականներում, երբ արտագաղթն այնպիսի ահագնացող տեմպերի է հասել, որ դրա մասին կրկին բարձրաձայնելը դեժավյուի տպավորություն է թողնում, երբ բարեկեցությունը շատերի համար այլևս անիրատեսական է թվում, իմ գնահատմամբ, չի տեղավորվում բանականության շրջանակներում: Կարծում եք՝ այս բոլոր խնդիրների լուծումը սահմանադրական բարեփոխումներո՞վ է պայմանավորված, իհա՛րկե ոչ:
-Դուք խոսեցիք հասարակական պահանջի մասին, բայց այսօր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներ են ընթանում ՀՀ տարբեր մարզերում:

- Ինձ համար դա հերթական զավեշտներից մեկն է: Եվ ես, իհարկե, լավ հասկանում եմ, որ դա իմիտացիա ստեղծելու նպատակ ունի, և կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիներն էլ միամիտ չեն, և ամեն ինչ շատ ճիշտ գնահատում են: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ քննարկումները մարզերում, երբ այսօր մարզերի բնակիչների գլխավոր խնդիրն է դարձել պաշտպանել իրենց տնտեսությունը տարբեր բնական աղետներից՝ կարկուտից, քամուց, երբ մարզերի բնակիչների մեծ մասը արտագաղթել է Հայաստանից հացի խնդիր լուծելու համար, երբ սահմանամերձ բնակավայրերում մարդիկ ապրում են ամենօրյա գնդակոծությունների տակ: Հիմա ես եմ ուզում հարցնել՝ արդյոք այս մարդկանց որևէ կերպ մտահոգո՞ւմ է կամ կմտահոգի՞ Սահմանադրությունը, արդյոք այս մարդիկ իրենց խնդիրների լուծումը կապո՞ւմ են Սահմանադրության փոփոխությունների հետ: Ո՞ւմ ենք փորձում խաբել՝ ինքներս մե՞զ:

- Իսկ ինչպիսի՞ն է Ձե՛ր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների բովանդակության վերաբերյալ:
- Գիտեք՝ ես երբևէ չեմ անդրադարձել փոփոխությունների բովանդակությանը, և այս անգամ ևս զերծ կմնամ այն քննարկելուց: Այս պահին փոփոխությունները արհեստական օրակարգ ստեղծելու նպատակ ունեն, ուստի անիմաստ է մտնել բովանդակային քննարկման մեջ:
Կարծում եմ, որ ցանկացած գաղափար կարող է քննարկման առարկա դառնալ, բայց դա պետք է արվի ճիշտ պահին, գուցե չորս-հինգ տարի անց, այլ մթնոլորտում, տնտեսական զարգացման այլ աստիճանում: Նախաձեռնել Սահմանադրության փոփոխություններ ընդունելի է միայն համերաշխության մթնոլորտում, այլ ոչ թե կասկածների, ինչպիսին առկա է այսօր:
Երևի թե կկրկնվեմ, բայց սահմանադրական բարեփոխումներ պետք է կատարվեն միայն այն պահին, երբ առկա է դրանց հասարակական պահանջարկը: Մի առիթով պարոն Ծառուկյանը տվել էր հետևյալ բնորոշ ձևակերպումը, որ աշխատանքից հետո, երբ մարդ գնում է տուն, ուզում է տուն տանել երեխաների համար սնունդ, ծերերի համար՝ դեղորայք, և այդ պահին նրան ամենևին էլ չի մտահոգում Սահմանադրությունը: Եվ ես առաջարկել եմ և առաջարկելու եմ, որպեսզի ԲՀԿ-ն աշնանը Երևանում և մարզերում կազմակերպի հանահավաքներ՝ հասկանալու ժողովրդի մոտեցումը, լսելու նրանց մտահոգությունները և տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Պետք է անմիջապես ժողովրդից հարցնել՝ արդյոք այսօր իրենց առջև ծառացած աշխատանքի, զբաղվածության խնդիրը, գազի և էլեկտրաէներգիայի համար վճարումների ծանր բեռը, աղետներից կրած վնասները պայմանավորվա՞ծ են սահմանադրական փոփոխություններով: Պետք է անմիջապես ժողովրդից լսել՝ արդյոք այսօր վերջիններս սպասո՞ւմ են սոցիալ-տնտեսական վիճակի անհապաղ կարգավորման, արդարության վերականգնման, արտագաղթի կանխման, աղքատության վերացման, թե՞ սահմանադրական փոփոխությունների:
Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը