Կարծիք

08.07.2014 16:34


Սերժի շնորհիվ Հայաստանում բազմաստվածություն է

Սերժի շնորհիվ Հայաստանում բազմաստվածություն է

Երեկ մի արտառոց լուր տարածվեց, որ եկեղեցիներից մեկում՝ «Գաղտնի ընթրիք» նկարում, առաքյալներից մեկի դերում պատկերված է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Չենք մոռացել, որ մի որոշ ժամանակ առաջ էլ Երևանի դպրոցներից մեկում դասարան էր անվանակոչվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պատվին:

Բայց զավեշտն այն է, որ այս արատավոր երևույթներն առավել դաժանորեն քննադատում են այն լրագրողներն ու հանրային գործիչները, որոնք զօրուգիշեր մեր հասարակությանը ներշնչում են, թե Աստծուն պաշտելու մեջ ի՞նչ օգուտ կա, մանավանդ որ չգիտեք էլ՝ Աստված կա՞, թե՞ չկա: Ձեր աստվածը երկրի վրա Սերժ Սարգսյանն է, որ կարող է հաց տալ կամ հացից զրկել, ստիպել արտագաղթել կամ թողնել, որ այստեղ մի կերպ յոլա գնաք: Ա՛յ, աստվածն այսպես առարկայական պետք է լինի, ոչ թե…

Ու հենց Սարգսյանի այս պրոպագանդիստներն են խառնվել իրար, թե պատգամավորն ու մարզպետը չափն անցել են: Բայց հասարակությունը լավ էլ հասկացել է նրանց ասածը, էլ ինչի՞ են հուզվում. ով հաց է տալիս կամ կարող է հացից զրկել, նա էլ աստված է:

Իսկ հիմա մարդիկ էլ մտածում են՝ մենք ով, Սերժ Սարգսյանն՝ ով, մենք ուր, Բաղրամյան 26-ն՝ ուր, որ նրան պաշտենք, երբ մեր հացի հարցով զբաղվողը մեր մարզպետն է կամ ընտրատարածքի պատգամավորը: Ավելին՝ Հայաստանի անկախության այս երկու տասնամյակի ընթացքում երկրի ներսում ու նրա սահմաններից դուրս առաջացան ուժեր ու հզոր անհատներ, որոնք հսկայական նյութական միջոցներ ունեն, ու նրանց որոշ մասը տարբեր դրդապատճառներով դեմ են այս իշխանություններին: Ու եթե ով փող ունի, նա էլ աստված է, կարելի է փաստել, որ մեր երկրում հիմա բազմաստվածություն է տիրում, քանի որ Սերժ Սարգսյանին չհաջողվեց բոլորին սնանկացնել ու երկրի ողջ նյութական ռեսուրսն իր ձեռքում կուտակել: Այնպես որ, Սարգսյանը հիմա քաղում է իր վարած քաղաքականության դառը պտուղները՝ բումերանգի էֆեկտով։

Հետո էլ զարմանում ենք, թե մեր երկրում չեն պահպանվում մշակութային արժեքները: Ո՛չ պետությունն է ցուցաբերում պատշաճ հոգածություն, երբ ինչի վրա ասես՝ անիմաստ փողեր կծախսեն, բայց մշակութային արժեքների պահպանման համար այդպես էլ գումարները չեն հերիքի, ոչ էլ մեր հասարակությունն է դողում իր մշակութային արժեքների վրա, քանի որ իր հազարամյակների քաղաքակրթական արժենքերի կրողը չէ, քանզի բարոյազրկվում ենք ու բարոյալքվում կոսմիկական արագությամբ:

Եվ ասել՝ տեսեք, թե ինչ ստրկամիտ է այս նկարիչը, կամ այն դպրոցի տնօրենը, անիմաստ է. սրանք բոլորը հետևանք են մեր երկրի այս սահմռկեցուցիչ բարոյահոգեբանական մթնոլորտի՝ գաղջ մթնոլորտի, որը գալիս է ամենավերևի պաշտոնյայից ու մի կետից՝ Բաղրամյան 26-ից: Եվ միամտություն է կարծել, որ եթե տեղը փոխեն և Սերժին դարձնեն «գենսեկ», դրանով կպարտակեն այս արատավոր երևույթի գոյությունը: Դա նման է հոպոպի բունը փոխելուն, երբ բոլորը գիտեն, թե հոտածն ով է,ու միայն մեր «հոպոպն» է կարծում, որ Մելիք-Ադամյան տեղափոխվելով՝ հոտը կկտրվի:

Ժամն է «հոպոպազերծելու» Բաղրամյան 26-ը, քանի այս վարակը մարզպետարանից էլ ներքև չի իջել ու հասել գյուղապետարաններ, թե չէ շուտով ճանապարհային ցուցանակի վրա, տվյալ գյուղի անվան փոխարեն, գյուղապետի պորտրետը մեզ կդիմավորի ու կճանապարհի:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1437946899810426&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը