Լրահոս

03.09.2009 16:39


Սերժ Սարգսյանի համար է՞լ էին անակնկալ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները

Սերժ Սարգսյանի համար է՞լ էին  անակնկալ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները

-Այս արձանագրություններն անսպասելի էին բոլորիս համար։ Ինձ թվում է՝ նույնիսկ Սերժ Սարգսյանի համար էր անակնկալ, որովհետև մինչև օգոստոսի վերջը նա խոսում էր այն մասին, որ Թուրքիան չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, պայմանավորվածությունները, և, հավանաբար, հրաժարվի ֆուտբոլային  հանդիպմանը գնալուց,-«Փաստարկ» ակումբում խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ հայտարարել է «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ Թուրքիան և Արևմուտքն ամեն ինչ պայմանավորվում են, հետո ուղղակի տեղյակ են պահում այդ մասին, և ՍերԺ Սարգսյանն էլ այդ մասին իմանում է վերջում։

-Կարծում եմ՝ նման հարաբերություններ հաստատելուց առաջ պետք էր հաշվի առնել  նաև սփյուռքի կարծիքը, որովհետև այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Թուրքիա-Հայաստան պայմանագրով, առնչվում են նաև սփյուռքին, և նրանք են ուղիղ զգացել Ցեղասպանության հետևանքները,-նշել է Լյուդմիլա Սարգսյանը։

Նա նաև հավելել է, որ այս արձանագրությունները վավերացնելով՝ մենք կասկածի տակ կդնենք Ցեղասպանության հարցը. կամա թե ակամա կընդունենք Կարսի պայամանգիրը և կհանձնենք նաև Ղարաբաղը։

-Պարտադիր չէ, որ Ղարաբաղը  շեշտվի, բայց տողատակերում ամեն ինչ գրված է, և երբ ընդունվում է փարիզյան խարտիան, և ասում ենք՝ ճանաչում ենք տարածքային ամբողջականությունն ու սահմանները և չի խոսվում ազգերի ինքնորոշման մասին, դա ուղիղ ասում է, որ վաղը մյուս օր մենք պարտավոր ենք լինելու ճանաչել նաև Ադրբեջանի տարածքային ամողջականությունը։ Դա ավելի է բարդացնում մեր խնդիրը, և պարզ է դառնում, որ առաջիկա ամիսներին հանձնելու ենք նաև Ղարաբաղը,-շեշտել է ՍԴՀԿ ատենապետը։

7or.am  

 

 

Այս խորագրի վերջին նյութերը