Հարցազրույց

04.07.2014 13:03


Շուտով կհրապարակվեն և ԱՄՆ պետդեպարտամենտին կհանձնվեն նոր աղմկահարույց գործեր Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ

Շուտով կհրապարակվեն և ԱՄՆ պետդեպարտամենտին կհանձնվեն նոր աղմկահարույց գործեր Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ

Ինչպես հայտնի է, օրերս ԱՄՆ հայկական ֆորումը ԱՄՆ-ում ստորագրահավաք է նախաձեռնել, որով հայ համայնքի ներկայացուցիչները հիմնավորում և իրենց բողոք-դժգոհությունն են արտահայտում Սերժ Սարգսյանի՝ Տիգրան Սարգսյանին Միացյալ Նահանգներում դեսպան նշանակելու որոշման դեմ: ԱՄՆ հայկական ֆորումն արձագանքել է ԳԱԼԱ-ի մի քանի հարցի:

-ԱՄՆ հայկական ֆորումը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ ստորագրահավաք է իրականացվում ՀՀ նախկին վարչապետին ԱՄՆ-ում արտակարգ ու լիազոր դեսպան նշանակելու Սերժ Սարգսյանի որոշման դեմ: Ովքե՞ր են միացել այդ ստորագրահավաքին, այս պահի դրությամբ՝ քանի՞սն են իրենց ստորագրությունը դրել այդ փաստաթղթի տակ:

-Ստորագրահավաքին, այսօրվա դրությամբ, online ձևաչափով միացել է մոտ 2000 անձ և մի շարք հասարակական-քաղաքական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Հայկական վերածնունդ» շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը, Լոս Անջելեսի Գեոքաղաքական ակումբը, «Հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, մի շարք համայնքների պատվավոր անդամներ, հասարակ քաղաքացիներ և այլք: Ճիշտն ասած՝ բարձրացված խնդրի շուրջ արձագանքը շատ ավելի մեծ է համացանցային ցուցանիշներից: Եթե տեսնեք՝ մարդիկ ինչպիսի խանդավառությամբ են մասնակցում այս գործընթացին, կարծում եմ՝ կհասկանաք ինչի մասին է խոսքը:

-ՀՀ ԱԳՆ-ից արձագանքում են, որ Տիգրան Սարգսյանին դեսպան ԱՄՆ-ում նշանակել է Սերժ Սարգսյանը, հետևաբար, նրա որոշումները չեն քննարկվում, ինչպիսի՞ն կլինեն ֆորումի ներկայացուցիչների հետագա քայլերը:

-Անկեղծ ասած, ԱԳՆ-ի արձագանքը մեծ ժպիտ առաջացրեց ֆորումի մասնակիցների մոտ: Բնականաբար, ԱԳՆ-ն ժողովրդավարությանը ծանոթ չէ և երևի չի պատկերացնում որևէ անհամաձայնություն նախագահի որևէ որոշման դեմ: Ավելին՝ դեսպանի լիազորությունների մերժումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը նախատեսվում է հենց ՀՀ դիվանագիտության ծառայության մասին օրենքով: Այնպիսի տպավորություն է, որ ԱԳՆ-ն չի տիրապետում այդ օրենքին: Մեր բարձրացրած խնդիրը շատ պարզ է, և մենք հետևողականորեն առաջ ենք շարժվելու:

-Ֆորումի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Տիգրան Սարգսյանի անունը շոշափվում է օֆշորային սկանդալում, ՀՀ պետական միջոցների տնօրինման մեջ և այլն: Այսինքն, ի՞նչ մտավախություն ունեն ֆորումի ներկայացուցիչները, և ներկայումս ի՞նչ են պահանջում:

-Ֆորումի մասնակիցները համոզված են, որ փորձ է արվում Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում դեսպան նշանակելով և նրան դիվանագիտական անձեռնմխելիությամբ ապահովելով՝ օգնել նրան խուսափել հայտնի օֆշորային գործի հետ կապված քրեական պատասխանատվությունից: Հարկ ենք համարում նշել, որ ներկայումս ուսումնասիրվում են մի քանի այլ աղմկահարույց գործեր, որոնցում նույնպես շոշափվում է Տիգրան Սարգսյանի անունը: ԱՄՆ Հայկական Ֆորումը կհրապարակի այդ տեղեկությունները փաստերի՝ պատշաճ կերպով ճշտելուց հետո, և դրանք նույնպես կներկայացնի պետդեպարտամենտին: Ինչ վերաբերում է մեր պահանջին, ապա այն հստակ է՝ թույլ չտալ հանցագործին խուսափել պատասխանատվությունից: Պահանջում ենք պետդեպից, որպեսզի այս խարդավանքին մեղսակից չդառնա:

Մանրամասները՝ galatv.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը