Հարցազրույց

01.07.2014 17:08


Հայկ Խանումյան. «2013թ. սեպտեմբերի 3-ին հաջորդած զարգացումները լուրջ անհանգստություն են առաջացրել Արցախում»

Հայկ Խանումյան. «2013թ. սեպտեմբերի 3-ին հաջորդած զարգացումները լուրջ անհանգստություն են առաջացրել Արցախում»

Հարցազրույց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ.

-Ըստ Ձեզ՝ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ԼՂ հակամարտության կարգավորման համար առաջարկած աղմկահարույց 6 կետերի շուրջ խոսակցությունները դեռ ակտուա՞լ են հասարակական-քաղաքական դիսկուրսում, թե՞ թեման սպառել է իրեն:

– Ջեյմս Ուորլիքի կողմից հրապարակայնացված կետերը բոլորովին էլ աղմկահարույց չէին և բոլորովին էլ Ուորլիքի կողմից չէին առաջարկված: Դրանք, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակն էին, որը, այսպես թե այնպես, ծանոթ էր հանրությանը, հատկապես հարցով հետաքրքրվողներին: Այդ կետերի մեծ մասը քննարկվում է արդեն երկու տասնամյակ: ԱՄՆ համանախագահը այդ կետերը հնչեցրեց մի ժամանակ, երբ Վաշինգտոնն ակտիվ քայլեր էր ձեռնարկում Բաքվին սիրաշահելու համար: Սակայն ԱՄՆ կողմից Ադրբեջանին արած ռևերանսներն օգուտ չտվեցին, կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Ալիևի ռեժիմը գործում է հստակ՝ փորձելով չբարկացնել Ռուսաստանին և վերջինիս նախաձեռնած ծրագրերին միանալու համար փորձելու է առավելագույն օգուտներ քաղել:

2013թ. սեպտեմբերի 3-ին հաջորդած զարգացումները լուրջ անհանգստություն են առաջացրել Արցախում: Այս անհանգստությունն ավելի սրվեց Աստանայի գագաթաժողովից հետո: Արցախյան քաղաքականության մի շարք հայտնի դեմքեր և կուսակցություններ հանդես եկան հրապարակային ելույթներով՝ Երևանին առաջարկելով Ստեփանակերտի հետ կնքնել ռազմավարական դաշինք՝ որպես առաջին քայլ հետագա գործողությունների համար:

Մադրիդյան, քիուեսթյան, բուդապեշտյան և այլ սկզբունքները միշտ էլ լինելու են հակահայկական, եթե մենք չկարողանանք այս ամենին հակադարձել ստեփանակերտյան սկզբունքներով, և այս սկզբունքները պարտադրենք աշխարհին: Ստեփանակերտյան սկզբունքների հիմքում ընկած է Արցախի ճանաչումը այլ պետությունների կողմից՝ որպես Հայաստանի հետ վերամիավորման առաջին քայլ:

-Հիմա էլ Արտաշես Գեղամյանը Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակներում Արցախի հարցով իրեն թույլ է տվել այնպիսի արտահայտություններ, որոնք ոչ միանշանակ կերպով են ընդունվել հայ հանրության կողմից, եթե չասենք` ընդգծված արհամարհանքով: Ավելին, կան տեղեկություններ, որ Գեղամյանն իր ելույթը նախօրոք համաձայնեցրել է ՀՀ իշխանությունների հետ: Ձեր տեսակետը կամ որակումն այս հարցում ինչպիսի՞ն է:

-Ինձ բոլորովին չեն հետաքրքրում օտար երկրների կրեատուրա հանդիսացող անձանց ելույթները, և բնականաբար, չեմ կարող արձագանքել դրանց:

-Քաղաքականությունը՝ քաղաքականությամբ, բայց ի՞նչ կարծիք այս ամենի մասին ունի Արցախի ժողովուրդը. հանրային քննարկումներ կա՞ն, թե՞ արհամարհանքի մարտավարությամբ են առաջնորդվում արցախցիները:

-Արցախում ոչ հաճախ, սակայն հանրային քննարկումներ տեղի են ունենում, տարածվում են հայտարարություններ, հնչում են քաղաքական գործիչների և փորձագետների կարծիքներ: Դրանք միգուցե խլանում են հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացրած կարծիքների օվկիանոսում, որոնցում հաճախ տեղ են գտնում Արցախը չճանաչող, հակամարտության իրողությունները չհասկացող «փորձագետների» կարծիքներ:

-Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է պայմանավորված ԼՂ հարցի շուրջ վերջին տարիներին զիջողական խոսակցությունների բարձր հաճախականությունը: Խնդիրը ներքի՞ն, թե՞ արտաքին գործոններով է պայմանավորված:

- Մեր հասարակությունը վերջին 15 տարիների ընթացքում բավականին հասունացել և անզիջում է դարձել արցախյան հարցում: Սա մեծ ձեռքբերում է: Մեր հիմնական նպատակը պետք է լինի Արցախի հարցում զիջողական տեսակետ ունեցող գործիչներին հակառակում համոզելը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վերջիններիս որոշում ընդունելուց հեռու պահելը:
Խնդրի մյուս կողմը ենթադրում է նոր նախաձեռնություններ Արցախում՝ ուժեղացնելու արցախյան հասարակությունը, ժողովրդագրությունը, տնտեսությունը: Սա մի խնդիր է, որին պետք է ձեռնամուխ լինեն հայության բոլոր շերտերն անխտիր:

Hasarakutyun.am

Այս խորագրի վերջին նյութերը