Լրահոս

02.09.2009 16:47


Կմասնակցի՞ «Ժառանգությունը» ՀՅԴ–ի հանրահավաքին, և ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» կմիավորվե՞ն

Կմասնակցի՞ «Ժառանգությունը» ՀՅԴ–ի հանրահավաքին, և ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» կմիավորվե՞ն

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը «7օր»-ին ասել է, որ նախապես ծրագրած այլ հանդիպում ունի և չի մասնակցելու այսօր նախատեսված Հայ հեղափոխական դաշնակցության հանրահավաքին։ Ինչ վերաբերում է «Ժառանգության» մյուս անդամներին, ապա, Ս. Սաֆարյանի խոսքերով, իրենք որևէ հավաքի մասնակցելու հետ կապված որոշումներ չեն ընդունում, և յուրաքանչյուրն ազատ է մասնակցել-չմասնակցելու ընտրության մեջ։

Հայաստանի և Թուրքիայի նախաստորագրած արձանագրությունների վավերացումը կանխելու հարցում ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի հնարավոր համագործակցության մասին խոսելիս էլ Ս. Սաֆարյանն ասել է, որ դեռ պետք է մտածել՝ հնարավո՞ր է շտկել գործընթացը։

-Եթե պարզ լինի, որ որևէ քաղաքական, դիվանագիտական կամ իրավական եղանակներով հնարավոր չէ շտկել գործընթացը, ապա, ցավոք, վերջին տարբերակը, լուծումն ընդդիմադիր ուժերի համար մնում է գործընթացի կանգնեցումը՝ չվավերացնելով,- ասել է Ս. Սաֆարյանը՝ ավելացնելով,- բայց համագործակցաբար, թե առանձին-առանձին, անկախ նրանից՝ ինչպիսի՞ սցենարով կգնա, բոլոր երեքիս պարտքն է և թիվ մեկ առաքելությունը ուղղակի կանխել Հայաստանի շահերին դեմ գնացող զարգացումները և չեզոքացնել այդ ռիսկերը։ Եթե դա չկարողանանք, կներեք՝ դա արդեն կլինի բոլորիս տապալումը և ոչ միայն հավաքականություն չապահովելու առումով, այլ նաև՝ առանձին-առանձին, բայց միասնական դիրքորոշումներով այդ ամենը չկանխելու։

«Իսկ ինչո՞ւ վերոնշյալ արձանագրությունների հետ կապված՝ «Ժառանգությունը» մինչ այժմ հայտարարությամբ հանդես չի եկել» «7օր»-ի հարցին Ս. Սաֆարյանը պատասխանել է, որ այն, ամենայն հավանականությամբ, կլինի վաղը։

-Շտապելու խնդիր չկա։ Մենք երբեք չենք ուզում հայտարարություն անել, որպեսզի լինենք առաջինը։ Մենք խնդիր ունենք հասկանալու մեր սեղանին դրված այս փաստաթղթերի ողջ բովանդակությունը և սրա արդյունքում բացվող բոլոր հնարավոր հիպոթետիկ զարգացումները,- նշել է պատգամավորը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը