Հարցազրույց

25.06.2014 16:12


Արամ Հարությունյան. «Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ ասել է ճի՛շտ և ճի՛շտ ժամանակին։»

Արամ Հարությունյան. «Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ ասել է ճի՛շտ և ճի՛շտ ժամանակին։»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Ի՞նչ կարծիք ունեք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին, որտեղ նա անդրադարձել է քառյակի 12 պահանջներից մի քանիսին և քննադատել իշխանությունների գործելաոճը՝ այն որակելով անհեթեթ և ցինիկ՝ անկշտության էլեմենտներով։

–Որպես կանոն՝ շատ կարևոր հարցերի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանն արտահայտում է իր դիրքորոշումը՝ և՛ սահմանադրական փոփոխությունների, և՛ Մաքսային միության և այլն։ Հիմա էլ նա անդրադարձել է քառյակի 12 կետերին, և ամեն ինչ ասված է ճի՛շտ և ճի՛շտ ժամանակին։ Ընդ որում, բացի «Որոտանի» հէկի և արագաչափերի խնդրից՝ հատկապես շատ եմ կարևորում նրա դիրքորոշումը 100% համամասնական ընտրակարգի հետ կապված։ Նշեմ, որ դեռևս 1998-99թթ., երբ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ էի նաև ես, տարբեր առիթներով հանդիպել ենք Ռ. Քոչարյանի հետ, և նա հստակ ասում էր՝ կողմնակից է համամասնականին, և չի ուզում ստիպել, քրեականների միջոցով քաղաքական թիմ ձևավորել։ Նա նշում էր, որ պետք է ընտրատարածքները մեծացնել, որպեսզի ոչ քաղաքական տարրերը չմտնեն քաղաքական ասպարեզ։ Եվ մենք տեսանք, որ Ռ. Քոչարյանն իր պաշտոնավարման տարիներին համամասնական–մեծամասնականի համադրությունը փոխեց, ու ընտրատարածքներն ընդլայնվեցին։ Փաստորեն, այս հարցազրույցով նա վերահաստատեց իր դիրքորոշումը։ Ի դեպ, իշխող քաղաքական ուժերը, որպես կանոն, միշտ էլ դեմ են լինում 100% համամասնականին, բայց, ի պատիվ Քոչարյանի, պետք է նշել, որ նա միակ նախագահն է եղել, ով համամասնականի մեծացմանն իր կառավարման տարիների՛ն է կողմ եղել։

–Ռ. Քոչարյանի հարցազրույցը կոնկրետ ի՞նչ «մեսիջներ» էր պարունակում, և հատկապես ո՞ւմ էին դրանք ուղղված։

–Քոչարյանը, ընդհանրապես, շատ լակոնիկ է խոսում, և «մեսիջներն» ուղղված էին և՛ գործող նախագահին, և՛ քաղաքական ուժերին, և՛ հասարակությանը։ Ի վերջո, երկիրն այն վիճակում է (իսկ Քոչարյանն ամենաշատ ինֆորմացված մարդն է Հայաստանում), որ միակ ելքը համակարգային փոփոխություններն են։ Ի դեպ, երբ իշխող կուսակցությունից նույն մարդիկ և նույն ոգով են պատասխանում Քոչարյանին, նշանակում է՝ պատասխան չունեն, քանի որ երկրորդ նախագահի կողմից ամեն ինչ ասվել է շատ հստակ և տեղին։ Իսկ քաղաքապետի ասածն ընդհանրապես զավեշտալի է. Բաղրամյան 26–ը վերահաստատեց, որ քաղաքապետին դարձրել է գործիք։

–Արձագանքների վերաբերյալ հետաքրքիր փաստ կարելի է նկատել, որ իշխանական մամուլը, օրինակ, կոնկրետ «Որոտանի» հէկի կասկածելի գործարքի հետ կապված՝ ոչ թե հերքում է Քոչարյանի մեղադրանքները, այլ նրան է հիշեցնում ի՛ր պաշտոնավարման տարիներին կատարված որոշ գործարքների մասին։ Փաստորեն, ստացվում է՝ իշխանական մամուլը այդպիսով հաստատում է, որ Սերժ Սարգսյանը՝ իր թիմի հետ միասին, «Որոտանի» դեպքում կոռուպցիոն գործարքի է գնացել և սեփական ապօրինության մասին հնչեցրած կարծիքին հակադարձում է «Բա դու ինչու՞...» անհեթեթ ձևակերպմամբ։ Այսինքն՝ ընդունո՞ւմ են, որ թալանով են զբաղված։

–Իհա՛րկե, քանի որ, կրկնում եմ, ամեն ինչ ասված է շատ հստակ և ստույգ։ Իսկ երբ որ կոնկրետ փաստի հետ կապված՝ իշխանության ենթակայության տակ գտնվող մամուլն ասելիք չունի, բայց պատվերն էլ վերևից իջեցված է, բնականաբար, պետք է նման կերպ վարվի։ Անհերքելի է, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին կատարված գործարքները նման խայտառակ ձևով չեն կատարվել. ավելին՝ տեսնում ենք, որ այդ գործարքներից Հայաստանը ոչ միայն չի կորցրել, այլ նաև շահել է։ Իսկ «Որոտանի» հէկի վաճառքի գործարքը բոլոր սահմաններն անցնում է։ Քոչարյանի ժամանակ մենք տեսել ենք, որ մեր տնտեսությունն աճել է, աշխատատեղերն ավելացել են, փոքր ու միջին բիզնեսը զարգացել է, նույնիսկ ներգաղթի միտում է նկատվել, և շատ դժվար է այս փաստերի հետ հաշվի չնստելը։ Բայց քանի որ իշխանական մամուլի ներկայացուցիչներն ամբողջ օրը զբաղված են սրա–նրա մոտ վազվզելով՝ «кто даст больше» տարբերակով, պատրաստ են ամեն անհեթեթություն էլ գրել։ Երբ այդ գրածները դնում ես իրար կողք, տեսնում ես՝ ոչ մի հակափաստարկ չկա։

–Առաջիկայում ներքաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

–Շատ կարևոր է, որ գործի «կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» կարգախոսը։ Այսօր իշխանությունը փողոցում գցած է, և այն վերցնելու համար ընդամենը չպետք է իրար խանգարել։ Այսօր շատերը պետք է հասկանան, որ մեր նպատակը օր առաջ ազատվելն է Սերժ Սարգսյանի իշխանությունից. հակառակ դեպքում մնացած ցանկացած գործողություն նպաստելու է իշխանությունների կյանքի երկարացմանը։ Քաղաքական դաշտը պետք է համախմբվի, և զերծ մնա այդ համախմբումը պառակտող ցանկացած ելույթից կամ գործողությունից։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը