Լրահոս

25.01.2011 17:07


ԵԽ գլխավոր քարտուղար. «ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ»

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տ. Յագլանդը։ Նա իր կարծիքը հիմնավորել է հաճախակի դարձած պատահարներով և շփման գծում հրադադարի խախտման դեպքերով։

-Շփման գծում վերջին ժամանակներս մարդկային կորուստներով ուղեկցվող միջադեպերը կարող են վատթարագույն հետևանքների հանգեցնել։ Մինչև հակամարտությունը լուծում չստանա, տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը պահպանվելու է։ Հայաստանն ու Ադրբեջանը՝ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն են ստանձել։ Հուսով եմ, որ իրավիճակը այդչափ չի սրվի,-նշել է Յագլանդը։

Նա նաև նշել է, որ բանակցություններն անցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և չեն մտնում Եվրոպայի խորհրդի լիազորությունների մեջ։  «Սակայն եթե մենք որևէ կերպ կարողանանք աջակցել այդ գործընթացին, ապա դա կանենք գերագույն հաճույքով»,-ընդգծել է Յագլանդը։

Այս խորագրի վերջին նյութերը