Հարցազրույց

19.06.2014 17:24


Գալուստ Սահակյան. «Երբ գնացինք, կկործանվի, որովհետև մենք բավականին լուրջ խնդիրներ ենք լուծում»

Գալուստ Սահակյան. «Երբ գնացինք, կկործանվի, որովհետև մենք բավականին լուրջ խնդիրներ ենք լուծում»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է նաև «7օր»–ի հարցերին.

–ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատանքից գո՞հ եք. մարդաքանակ չի կարողանում ապահովել, և ԱԺ աշխատանքները տապալվում են։

–Վահրամ Բաղդասարյանը շատ լավ է աշխատում և չի էլ տապալվում։ Այլ բան է, որ ընդդիմությունը փորձում է ձախողման ճանապարհով գնալ։ Ես չէի կարող, օրինակ, Կորյուն Նահապետյանին չթողնեի՝ ՆԱՏՕ–ի սեմինարներին մասնակցեր։ Ընդդիմությունը 12–կետանոց առաջարկ է արել, բայց երբ գալիս է այն պահը, որ պետք է կատարես, ընդդիմությունն ընդվզում է։ Այդպես արեց բարձր տեխնոլոգիաներին հարկային արտոնություններ տալու օրինագծի դեպքում, որը բացարձակապես գովերգում էին նաև իրենք, բայց, փաստորեն, ձախողեց։

–Դե, դա բողոքի նշան էր, որ օրինագծերը վերջին րոպեին եք բերում ԱԺ։

–Բողոքի նշան էր, ու իրենց 12 առաջարկությունների հոգեբանությունը կործանո՞ւմ են։ Դա նեղ կուսակցական շահերի խնդիր է, ոչ թե պետական մտածողության։ Եվ այսօր էլ փորձեցին ձախողել բնականոն աշխատանքը՝ ինչ–ինչ պատճառներով, որպեսզի հերոսացման մի պրոցեսի գնան՝ «Դեմ եմ» շարժմանը։ Ես քաղաքական խաղերն ընդունում եմ, բայց ինչը պետությանը, պետության առաջընթացին է վերաբերում, և այն մեծախոսությունը, որ անընդհատ ասում են՝ մեր պետությունը կործանման եզրին է, պինդ հայը, ամուր հայը, արյան շրջանառություն ունեցող հայը երբեք ու երբեք չի մտածի, որ իր պետությունն ինչ–որ մի ժամանակ պիտի կործանվի։

–Տեսնո՛ւմ են, որ կործանվում է, ասում են։ Բա չասե՞ն։

–Դու էլ լավ հայ չե՛ս։ Պետությունը երբեք չի կործանվի։ Իշխանությունները կգնան, իսկ մեր ազգը հզոր է։

–Խնդիրն էլ հենց այն է, որ չի գնում իշխանությունը։ Որ չգնաք, կկործանվի, դա՛ են ասում։

–Երբ գնացինք, կկործանվի, որովհետև մենք բավականին լուրջ խնդիրներ ենք լուծում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը