Ռ. Հակոբյան. «Քառյակի 12 կետերը, այո՛, քաղաքական պահանջներ են»
Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ
–Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի խոսքերը, որ քառյակը շտապողականություն է դրսևորել, և իր 12–կետանոց հայտարարությունում լեզվաշարադրական սխալ է թույլ տվել՝ գրելով «պահանջ» բառը։ Գուցե «խնդրա՞նք» պետք է գրեիք։
–Առիթ ունեցել եմ ասելու, որ քառյակի ներկայացրած 12 կետերից բաղկացած հայտարարությունը քաղաքակա՛ն փաստաթուղթ է, և դրանում օգտագործվել են քաղաքակա՛ն բովանդակություն ունեցող եզրույթներ։ Հիմա եթե պարոն Սերժ Սարգսյանն այդ փաստաթուղթն առաջին հերթին դիտում է լեզվաշարահյուսական տեսանկյունից, ուսումնասիրում է դրա շարադասությունը, ձևաբանությունը և ոճաբանությունը, ի՛ր խնդիրն է։ Իսկ քառյակի հայտարարությունում ներկայացված բոլոր հարցերը ունեն շատ հստակ քաղաքական առաջնահերթություններ, և ճիշտ կլինի, որ հենց քաղաքակա՛ն բովանդակությանն ուշադրություն դարձնի պարոն Սերժ Սարգսյանը։
–Այդ 12 կետերը քաղաքական պահանջնե՞ր են։
–Այո՛, դրանք քաղաքական պահանջնե՛ր են, և ամեն եզրույթ ունի իր հստակ բովանդակությունը։
–Անբեկանելի՞ պահանջներ են, որովհետև Սերժ Սարգսյանն ասում էր՝ կետեր կան, որոնք իրականացնում են, կետեր էլ կան, որոնք ընդդիմությանը կբացատրեն, թե ինչու հնարավոր չէ կատարել։
–Պետք է նկատի ունենալ, որ ոչ թե իրենք են բացատրում, այլ մենք ինքնե՛րս ենք ասում, թե ինչպես կարելի է երկիրը քայլ առ քայլ դուրս բերել ստեղծված վիճակից։ Մենք արդեն ծանոթ ենք իրենց բացատրություններին և գործունեությանը, ինչի արդյունքում Հայաստանը հայտնվել է այսպիսի ծանր վիճակում։ Հասկանալի է, որ այս պահանջներով միանգամից ամբողջական համակարգային փոփոխություններ չենք ակնկալում, բայց մինչև սեպտեմբերի վերջ այդ պահանջները կարելի՛ է իրականացնել, ինչն ինչ–որ տեղ հիմք կտա մտածելու, որ իշխանությունն իսկապես փորձում է իրականությանը համարժեք քայլեր իրականացնել երկիրը այդ վիճակից դուրս բերելու համար։
–Դրանք կատարելու պատրաստակամություն իշխանության կողմից տեսնո՞ւմ եք։
–Հատկապես վերջին 2-3 օրերին լսելով նրանց մոտեցումները՝ ինձ համար միանշանակ է՝ իշխանությունը պատրաստ չէ մեր 12 պահանջներից որևէ մեկն ամբողջությամբ իրականացնել։ Եվ եթե սկզբնական փուլում ՀՀԿ–ականներից ոմանք հայտարարեցին՝ ինչ հրաշալի, կառուցողական ընդդիմություն ունենք, այդ պահանջները, ըստ էության, կան մեր օրակարգում, և մենք դրանք կիրականացնենք, նրանք այն մարդիկ էին, ովքեր երևի ամբողջությամբ չէին էլ կարդացել այս փաստաթուղթը, կամ ուղղակի PR քայլ էին կատարում՝ ցույց տալով, որ իրենք ականջալուր են ընդդիմության պահանջներին։
–Կամ էլ հոգու խորքում ընդդիմադիր են Սերժ Սարգսյանին։
–Միգուցե նաև դա՛, բայց նրանք, ովքեր պետք է իրականացնեն քառյակի ներկայացրած 12 պահանջները, լուրջ կարդացել են և հասկացել, որ դրանց իրականացումը կվտանգի իրենց իշխանությունը։
–Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցն արդյոք ցո՞ւյց է տալիս, որ նա ադեկվատ է ընդունել քառյակի 12 պահանջները, և, ընդհանրապես, ադեկվատ է իրականությանը։
–Սերժ Սարգսյանի հարցազրույցից հասկանալի դարձավ, որ ընդհանրապես մերժվում են քառյակի 12 պահանջները՝ անկախ ձևակերպումների մեղմությունից։ Նա ասում է՝ մենք ունենք ծրագիր, և քառյակի որոշ դրույթներ ինչ–որ տեղ համընկնում են մեր ծրագրի հետ։ Բայց պետք է ասել, որ իշխանության վերջնական տրամադրվածությունը Սերժ Սարգսյանն արտահայտե՛ց, այն է՝ քառյակի 12 պահանջներն իրենց համար անընդունելի են։ Ի դեպ, դա ինձ համար անսպասելի չէր։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը