Հարցազրույց

16.06.2014 13:35


Տիգրան Բադալյան. «Պարտադիր բաղադրիչը հանելու միակ ճանապարհը իշխանափոխությունն է»

Տիգրան Բադալյան. «Պարտադիր բաղադրիչը հանելու միակ ճանապարհը իշխանափոխությունն է»

Հարցազրույց «Դեմ եմ» շարժման անդամ Տիգրան Բադալյանի հետ

–Ակնհայտ է, որ իշխանությունները ցանկանում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրը լուծել՝ այն հարկատեսակ կամ նման մեկ այլ կարգի վճար դարձնելու միջոցով։ Հնարավոր համարո՞ւմ եք դա թույլ չտալը, և ի՞նչ ճանապարհով։

–Նախ՝ պարտադիր բաղադրիչի հանելը և հարկատեսակով փոխարինելը նույնն է, ինչ Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի փոխարեն գա և նախագահի աթոռին նստի Սաշիկ Սարգսյանը: Իշխանությունների կողմից դա հարկատեսակով փոխարինելը զուտ բլեֆ է, որպեսզի հասարակությանը ցույց տան, թե «պարտադիր» բառն այլևս չի լինելու, այլ, փոխարենը, լինելու է «հարկատեսակ» բառը: Փոփոխության իմաստը «պարտադիր» և «հարկատեսակ» բառերն են. այս ամենի տակ ուրիշ իմաստ չկա և չի էլ կարող լինել: Ինչպես սկզբից, այնպես էլ հիմա պարտադիր կերպով գումարները պահվում են: Միակ ճանապարհը, որ իշխանությունները կարող են կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը չեղյալ համարել, համաժողովրդական պայքարն է, կարճ ասած՝ իշխանափոխությո՛ւն:

–Ոչիշխանական քառյակը ներկայացրեց իր 12 պահանջ–կետերը։ Շատերի համոզմամբ՝ դա հանգեցնելու է նոր գործընթացների և բավականին թեժ աշնան։ Համամի՞տ եք։

–Այո՛, միանշանակ համամիտ եմ, որ թեժ աշուն է լինելու: «Հրաշալի քառյակի» 12 պահանջները չկատարելու դեպքում իշխանությունները շատ կզղջան: Իշխանությունների վերջնաժամկետն աշունն է:

–Իսկ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների փորձը ընդվզման ալիք կբարձրացնի՞ հանրության շրջանում և կհանգեցնի՞ արտահերթ ընտրությունների։

–Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ 2008թ. 10 զոհերի արյան գնով աթոռը զավթած և նրա կողմից ձևավորված իդեալական թալանչի իշխանությունների հավերժացումը կերկարի ևս 10 տարով: Իմ կարծիքով, եթե նման բան տեղի ունենա, ապա արտագաղթի տեմպերը մի քանի անգամ կավելանան, աշխատատեղերը մի քանի անգամ կնվազեն, մենաշնորհի զարգացումը կկրկնապատկվի, կեռապատկվի, նույնիսկ՝ կքառապատկվի, իսկ կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը երբեք չի հանվի և այլն: Միայն իշխանափոխությամբ երկրում դրական փոփոխություններ կլինեն. այլ տարբերակ գոյություն ունենալ չի կարող:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը