Լրահոս

01.09.2009 10:53


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ ու ծնողներ
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Մեր հասարակության մեջ գիտելիքի և ուսման նկատմամբ սերը մշտապես համարվել է առաքինություն, իսկ մեր ընտանիքներում զավակների կրթության ու դաստիարակության խնդիրը եղել և մնում է ծնողների ուշադրության առանցքային հարցը։ Այս ամենն առավել ևս կարևորվում է ներկայումս, երբ նոր ու արդիական գիտելիք ստեղծող, բանիմաց անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժը։
Այս հանդիսավոր օրը ևս մի առիթ է խորհելու ժամանակակից աշխարհում մեր տեղի ու դերի մասին, հասկանալու, որ կարող ենք առաջավոր ու զարգացած պետություն դառնալ միայն գիտելիքի ուժի ու հնարավորությունների շնորհիվ։
Ողջունելով բոլորիդ, իմ հատուկ շնորհավորանքն եմ ուղղում մեր մանկավարժներին, ովքեր, համոզված եմ, ջանք չեն խնայի, որ մեր զավակների համար ուսումնառության տարիները դառնան գիտելիքի կուտակման ու նոր բացահայտումների ժամանակաշրջան։
Կրկին շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ, մաղթում եմ հաջողություններ ու արդյունավետ ուսումնական տարի։

Այս խորագրի վերջին նյութերը