Հարցազրույց

12.06.2014 10:15


Օրվա բոցը. ՀՀԿ–ականը սխալ է հանում Քրիստոսին և Սերժ Սարգսյանին համեմատում Քրիստոսի հետ

Օրվա բոցը. ՀՀԿ–ականը սխալ է հանում Քրիստոսին և Սերժ Սարգսյանին համեմատում Քրիստոսի հետ

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ

–Ձեր պատկերացումներում Ղարաբաղը Հայաստանի մաս կազմո՞ւմ է։

–Այո՛։ Ընդհանրապես ամբողջ հայությունը միասին է, ես այդպես եմ պատկերացնում։

–Բայց Սերժ Սարգսյանն ասում էր, որ իր և ձեր պատկերացումներում Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում։

–Միջազգային դիվանագիտական հարաբերություններում նախագահը չի կարող հանդես գալ՝ ինչպես սովորական հայ քաղաքացի։ Կան դիվանագիտական էթիկա, բանակցային գործընթաց։

–Դրանով Ադրբեջանի ջրաղացին ջուր չի՞ լցվում։

–Ո՛չ, Ադրբեջանի ջրաղացին ոչ մեկ ջուր չի լցնում։ Արցախի ժողովուրդը և Արցախի Հանրապետությունը կան, կլինեն և եղել են։ Ես ուզում եմ ձեզ հավատացնել, որ այս հարցը չի կարելի պրպտել, անընդհատ դրանից խոսել։ Լեզուն դիվանագետին տալիս են իր մտքերը թաքցնելու համար։ Մենք հաճախ չենք հասկանում՝ ինչ են միջազգային դիվանագիտական հարաբերությունները, և ուզում ենք, որ Սերժ Սարգսյանն անպայման ասի այն, ինչ որ մենք սովորաբար մտածում ենք։ Չի՛ կարելի կենցաղային մակարդակի իջնել և նախագահի ասածները կենցաղային մտածելակերպով վերլուծել։ Ես գիտեմ, թե կոնկրետ նախագահն ինչ է ասում, և ինչ նպատակներ ունի։

–«Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում» արտահայտությամբ Սերժ Սարգսյանն ի՞նչ էր ուզում ասել, և ի՞նչ նպատակներ էր հետապնդում։

–Գիտեք՝ ինչ, որովհետև Նազարբաևը կարդաց հենց այդ նամակը։

–Փաստորեն, Սերժ Սարգսյանը բավարարե՛ց Նազարբաևի ասածը։

–Ո՛չ։ Մաքսային միություն մտնելու խնդիրն էր, և երբեք ու ոչ մի ժամանակ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ Հայաստանը կմտնի Մաքսային միության մեջ Ղարաբաղի հետ միասին։ Որովհետև Ղարաբաղի ստատուսը առ այսօր դեռ ընդունելի չէ միջազգային կառույցների համար։

–Մինչև այդ տարբեր ՀՀԿ–ականներ հայտարարում էին, որ Հայաստանը Ղարաբաղի հետ միասին է մտնելու ՄՄ, իսկ հիմա պարզվում է Ղարաբաղը մեր պատկերացումներով մեզ հետ չէ։ Հնարավոր է նաև մաքսակետ դրվի երկու հայկական պետությունների արանքում։

–Ո՛չ, սահմանը բոլորովին ուրիշ բան է, մաքսակետը՝ բոլորովին ուրիշ բան, նախագահի ասածը բոլորովին ուրի՛շ բան է։ Եթե այդպես ենք վերցնում, մենք դե ֆակտո ճանաչում ենք Ղարաբաղը։ Ինչո՞ւ եք դուք ուզում՝ մեր բոլոր գաղտնիքները բացահայտ ասենք, թե ինչ ենք ուզում անենք, ոնց ենք ուզում անենք, մեր թշնամիներին ինչո՞ւ ենք գործ տալիս։ Կարելի է, չէ՞, այդ բանը չասել, բայց անել։

–Իսկ երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ Աղդամը մեր հայրենիքը չէ, թշնամիներին գործ չէ՞ր տալիս։

–Գիտեք՝ ինչ, էլի ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանը չի ասել այն, ինչ որ դուք մտածում եք։ Ինձ թվում է՝ հայրենիք ասելով՝ նա բոլորովին այլ բան է նկատի ունեցել։ Նախ՝ ես տեղյակ չեմ՝ այդպիսի բան ասե՞լ է, թե ոչ, և հետո, օրինակ, ես էլ Աղդամը ... ես Ճարտարն եմ իմ հայրենիքը համարում։ Երբ մեկն ինձ հարցնում է՝ քո հայրենիքը որտեղի՞ց է սկսվում, ես պատասխանում եմ՝ Ճարտարից։ Հիմա դուք կարող է՝ ինձ մեղադրեք, որ ես չեմ ասում՝ ես աղդամցի եմ։ Նաև մարդկային մտածելակերպ կա, չէ՞. արագ պատասխանում ես, հաճախ կարող է և...։ Ես 100%–ով համոզված եմ, որ նախագահը այն չի ասել կամ չի ուզեցել նա ասի ... ինչ–որ այդպես շատ–շատ բաներ։ Բա որ Աղդամը մեր հայրենիքը չի, խի՞ չենք տալիս Ադրբեջանին, թող այդ նույն նախագահը տա, էլի։ Այսինքն, իրականությո՞ւնն է ճիշտ, թե՞ լեզվի թռիչքը քննարկման առարկա դարձնելը։

–Բարձրաստիճան պաշտոնյան, առավել ևս՝ երկիրը ներկայացնող նախարարը կամ նախագահն իրավունք ունի՞ լեզվի այդպիսի թռիչքներ ունենալ։

–Նոր բաներից խոսեք. դա շատ վաղուց մոռացված անցյալ է։ Համենայնդեպս, իր գործունեությամբ նախագահն ապացուցում է, որ ոչ միայն Աղդամը, այլ հիմա Ղարաբաղին միացված շրջանները իրոք մեր հայրենիքն են։ Ինձ համար ավելի կարևորը գործունեությունն է և կոնկրետ արդյունքները։ Ուրիշ բան է՝ մենք կարողանալո՞ւ ենք պահել մեր հետ բերած հողերը։ Սրա՛ վրա մենք կանգ առնենք, սրա՛ վրա ուշադրություն դարձնենք։

–Սերժ Սարգսյանի սխալները մոռանանք, հա՞։

–Բայց ինչո՞ւ Սերժ Սարգսյանի սխալները...նա այնքա՜ն դրական բաներ է արել։ Մի օր չենք տեսել, որ այդ դրական բանի մասին հարցնեն. անպայման ման են գալիս, մի բան գտնեն։ Մարդը, ով աշխատում է, նաև սխալներ է ունենում։ Իսկ ո՞վ է ասում, որ Սերժ Սարգսյանն անսխալական է։ Հիսուս Քրիստոսն էլ է, չէ՞, իր գործունեության մեջ սխալներ թույլ տվել։

–Օրինա՞կ։

–Օրինակ՝ Հուդային հավատացել է։ (Համլետ Հարությունյանը հանուն Սերժ Սարգսյանի պաշտպանության, փաստորեն, ոտքի վրա Քրիստոսի գործունեության «դավանաբանական» հիմքերը խարխլեց–Ա.Մ.)

–Փաստորեն, Սերժ Սարգսյանին համեմատում եք Հիսուս Քրիստոսի հետ։

–Ես մեծ համեմատություններ չեմ անում, այլ ընդամենը ասում եմ, որ ամենամեծ մարգարեն՝ Հիսուս Քրիստոսն էլ է սխալներ թույլ տվել։ Գործունեություն ծավալող մարդը, իմ խորին համոզմամբ, ունենում է նաև սխալներ։ Բայց ես միշտ մարդուն գնահատում եմ հավաքական իր կերպարի մեջ՝ դրակա՞ն դեր է խաղացել, թե՞ բացասական։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը