Լրահոս

31.08.2009 16:24


«Ժառանգության» և ՀՅԴ–ի ժամացույցները չեն համընկնում

«Ժառանգության» և ՀՅԴ–ի ժամացույցները չեն համընկնում

-Ձգձգումները ես կկապեմ Դաշնակցության հետ,- «Դե ֆակտո» ակումբում ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով ընդդիմադիր ուժերի համագործակցության հեռանկարի մասին։

-Եթե հիշում եք, Արտաշես Շահբազյանն ասաց, որ Դաշնակցությունը դեռ խնդիր ունի գտնել իր տեղը և ուղղությունը,- նշել է Լ. Ալավերդյանը՝ հավելելով, որ որևէ գաղափարի շուրջ միավորումը դեռ իրեն սպասել կտա.

-Արտաշես Շահբազյանի խոսքերն էին, որ «Ժառանգությունը»  մի քիչ շտապել է։ Այսինքն, ստացվում է, որ մեր ժամացույցները նույն ժամի վրա չեն դրված։ Ես չեմ կարծում, որ «Ժառանգությունը» շտապում է, ես չեմ կարծում, որ Դաշնակցությունը հետ է մնում։ Այսինքն, մենք տեսնում ենք, որ մենք անգամ ժամային տարբեր գոտիներում ենք գտնվում։

Սակայն, Լ. Ալավերդյանի խոսքերով, ոչ միայն կուսակցությունները պետք է համապատասխանեցնեն իրենց ժամանակը, այլ նաև հասարակությունը պետք է կողմնորոշվի։ Իսկ սա մեկ աշուն չէ, որ կպահանջի, քանի որ Հայաստանի հասարակությունը դեռ մոլորության մեջ է և ավելի քան ամորֆ է և չկողմնորոշված։

Այսպիսով, «Ժառանգություն» խմբակցության քարտուղարն առաջիկա աշնանը քաղաքական դաշտում որևէ թեժություն չի կանխատեսում, քանի որ «շարքերի վերադասավորումների և քաղաքական կոալիցիայի տատանումները ևս ցույց են տալիս, որ ոչ նրանք են միասնական, ոչ էլ, թեկուզ մինիմալ ֆորմատի մեջ, միասնության դեռ պատրաստ չի և ընդդիմությունը»։

ՀԱԿ-ի և «Ժառանգության» տարբերությունն էլ, ըստ Լ. Ալավերդյանի, այն է, որ ՀԱԿ-ը խոսում է իշխանափոխության, իսկ «Ժառանգությունը»՝ իշխանական համակարգի փոփոխման անհրժեշտության մասին.

-Մեկ խնդիր կա, որտեղ ՀԱԿ-ի հետ մենք կանգնած ենք նույն հարթության վրա՝ մարտի 1-ի դեպքերի վերհանումն է,- ավելացրել է Լ. Ալավերդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը