Լրահոս

31.08.2009 11:41


Ինտերակտիվ արվեստի փառատոն

         Սեպտեմբերի 22-26-ը «Փոփոխությունների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ինտերակտիվ արվեստի փառատոն, որին կմասնակցեն Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի ինտերակտիվ ֆորում թատրոնների պրոֆեսիոնալ դերասանները: Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաև երեքօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ Մեծ Բրիտանիայից հրավիրված ինտերակտիվ ֆորում թատրոնի հանրահայտ մասնագետ Քարին Չափման Քլարքի կողմից:

Ինտերակտիվ «Ֆորում թատրոն» մեթոդը մշակվել է յոթանասունական թվականներին բրազիլացի հանրահայտ ռեժիսոր և քաղաքական գործիչ Ավգուստո Բոալի կողմից՝ նպատակ հետապնդելով խթանել հասարակական կարևոր գործընթացներում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը: Ֆորում թատրոնն իր հանդիսականներին հնարավորություն է տալիս ընդհատել ներկայացումը, ինտերակտիվ կապ հաստատել կերպարների հետ և կենդանի խաղի միջոցով իրատեսական լուծումներ առաջարկել ներկայացված իրավիճակներում:

Փառատոնի նպատակը շարքային քաղաքացիներին հասարակական ոչ ֆորմալ քննարկումներին ներգրավելն է՝ ինտերակտիվ Ֆորում թատրոնի միջոցով ստեղծված անկաշկանդ և կառուցողական մթնոլորտում: Միաժամանակ նախագիծը նպատակ ունի խթանել Հայաստանում և մասնակից երկրներում «Ֆորում թատրոն» մեթոդի արմատավորումն ու տարածումը՝ փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև համագործացկության հեռանկարների ստեղծման ճանապարհով:  

         Փառատոնի շրջանակներում հանրությանը կցուցադրվեն չորս ինտերակտիվ ֆորում ներկայացումներ՝ նվիրված կանանց իրավունքներին, հանդուրժողականությանը, բազմակարծությանը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

Այս խորագրի վերջին նյութերը