Հարցազրույց

26.11.2010 12:51


Քրիստինե Հովակիմյան

Քրիստինե Հովակիմյան

Հարցազրույց «Hip-Hop Life» պարային խմբի ղեկավար Քրիստինե Հովակիմյանի հետ

-«Մանկական Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում, որտեղ Հայաստանը ներկայացնող մասնակից Վլադիմիր Արզումանյանը փայլուն հաղթանակ տարավ, բեմ էին դուրս եկել նաև «Hip-Hop Life» պարային խմբի տղաները։ Այս հաղթանակը սպասելի՞ էր Ձեզ համար։

-Նախ՝ շնորհավորում եմ բոլոր հայերին՝ թե՛ Սփյուռքում, և թե՛ այստեղ, և ինչո՞ւ չէ՝ մյուս ազգերի ներկայացուցիչներին, ովքեր նույնպես շատ էին ուզում, որ Հայաստանը հաղթեր, ովքեր շատ էին հավանել Վլադիմիրին և ընդհանուր ելույթը։ Բոլորն էլ շատ էին ուզում, որ հաղթեինք, մանավանդ տղաները։ Անկեղծ պիտի ասեմ, որ ինձ համար անակնկալ էր, ավելի ճիշտ՝ երկնքից նվեր էր մեր հաղթանակը, որը մեծ ուրախություն պատճառեց մեզ։ Առաջին րոպեներին չէինք հասկանում՝ ի՞նչ է կատարվում, բայց բղավում էինք, գոռում-գոչում։ Այնտեղ պետք է լինեիք, որ ամբողջ ուրախությունը տեսնեիք։

- Պատահակա՞ն, թե՞ տրամաբանական եք համարում, որ այս մրցույթում առաջին անգամ հաղթած Հայաստանի ներկայացուցիչը ծնունդով Արցախցի է։ Արդյոք ինչ-որ առումով սա կարելի՞ է ղարաբաղյան պատերազմի հաղթանակի շարունակություն համարել։

-Կարծում եմ՝ ո՛չ պատահական և ո՛չ էլ տրամաբանական, ավելի ճշիտ՝ ի վերուստ նախանշված։

-Հայաստանի հոգևոր կյանքն այսօր արդյոք լճացա՞ծ չէ։ Ի՞նչ է անհրաժեշտ մեր երկրում մշակութային զարթոնք առաջացնելու համար։ 

-Չեմ կարծում, թե հոգևոր կյանքը մեզ մոտ լճացած է։ Կան շատ տաղանդավոր և մշակույթում յուրահատուկ ձեռագիր ունեցող մարդիկ, ընդ որում՝ թե՛ երեխաների, թե՛ պատանիների, թե՛ երիտասարդների, թե՛ մեծերի մեջ։ Ուղղակի պետք է գնահատել այն, ինչ որ ունենք՝ չանտեսելով սովորելու, զարգանալու, վերապատրաստվելու ճանապարհները։

-Ձեր բեմադրած պարերի միջոցով միայն գեղեցիկ արվե՞ստ եք ներկայացնում, թե՞ փորձում եք ավելի համամարդկային խնդիրներ բարձրացնել։

-Ես իմ առջև նպատակ եմ դրել և նույնպես աշխատում եմ, որ ոչ միայն ներկայացնեմ գեղեցիկ արվեստ, կամ իմ բեմադրած պարերը գեղագիտական հաճույք պատճառեն հանդիսատեսին, այլև դիպչեն մարդկանց սրտերին, հոգիներին, խոսեն մարդկանց հետ, հուզեն մարդկանց, հանդիսատեսը դառնա այդ բեմադրության մասնակիցը։ Եվ առաջիկայում պլանավորում եմ նաև բեմադրել համամարդկային խնդիրներ պարունակող պարեր։

-Այսօր հայկական էստրադայում պատահական մարդիկ շատ են հանդիպում, երգիչները սնկի նման ծնվում են ու ողողում հեռուստաեթերը։ Իսկ պարարվեստո՞ւմ իրավիճակն ինչպիսին է։

-Գիտեք, գուցե սնկի նման ծնվում են, շատանում են, անհետանում են, բայց այն մարդիկ, ովքեր որ իսկապես կոչված են երգելու կամ պարելու, ժայռի նման կանգուն կմնան։

-Հայ հանդիսատեսի նոր մտածելակերպի ձևավորման, տեսահորիզոնի փոփոխության անհրաժեշտություն կա՞։ Ի՞նչ արվեստ պետք է մատուցել նրան, և ի՞նչ պետք է պահանջել այդ հանդիսատեսից։

-Հանդիսատեսին երբեք չես կարող խաբել. բեմը մերկացնում է ամեն բան և ցույց է տալիս այն, ինչ որ դու կաս, այն, ինչպես որ դու աշխատել ես։ Մեր հանդիսատեսը շատ հասկացող է, գեղեցիկը գնահատող, թացը չորից տարբերող։ Կարծում եմ՝ դա պարտավորեցնող է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը   

Այս խորագրի վերջին նյութերը