Կարծիք

03.06.2014 16:00


Սարգսյանի «դիվանագիտական սխոդկան»

Սարգսյանի «դիվանագիտական սխոդկան»

Երեկ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (որն, ի դեպ, աճուրդի է դրվել) հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Զարմանալին այն չէ, որ հանդիպել են, պարզապես փոքր–ինչ հետաքրքիր է, որ ծրագրավորված (իսկ պետական կառույցներում ընդհանրապես բոլոր հանդիպումները նախօրոք պլանավորվում են՝ արտակարգ դեպքերից բացի) հանդիպումը հաջորդել է Աստանայում «դիվանագիտական ապտակ» ուտելուն։ Ըստ նախագահի պաշտոնական կայքի հրապարակման՝ հանդիպման ընթացքում խոսել են երկրի արտաքին քաղաքականությունից, դիվանագիտական կառույցների արդյունավետությունից և այլ «по умолчанию» հարցերից։ Ամեն ինչ ոչինչ, եթե չլիներ մեկ հանգամանք։ Կայքում տեղադրված լուսանկարներն այնպիսի տպավորություն թողեցին, որ ոչ թե ատրաքին քաղաքականության հարցեր են քննարկում, այլ «դիվանագիտական սխոդկայի» են։ Այնպիսի մուննաթ դեմքեր էին, կարծես շեֆը բոլորին հավաքել էր «դաստիարակելու» նպատակով։ Երևի մարդը մուննաթ է եկել, որ նրանց մեղքով է, որ ինքը չի կարողանում ուրիշի «հայաթում» երկրի շահերը պաշտպանել։ Հավանաբար, նաև մեղադրել է այն բանի համար, որ նրանք թերացել են ոչ միայն իրենց աշխատանքում, այլ լավ խորհուրդներ էլ չեն տվել, կամ էլ ընդհանրապես նրան չեն բացատրել՝ ինչպես դիվանագիտորեն տեղը դնել բոլոր նազարբաևներին, պուտիններին, լուկաշենկոներին, ալիևներին, օբամաներին... Գյուլերի հետ դե քիփ է, դա հեչ... Իսկ ավելի լուրջ՝ Սերժ Սարգսյանը փոքր–ինչ ուշացել է ԼՈՒՐՋ հանդիպումներում դիվանագիտական կառույցների ղեկավարների հետ։ Նա դա պետք է աներ հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունը նախաձեռնելուց առաջ։ Այն ժամանակ պետք է պետության շահերից բխող խորհուրդներ հայցեր, ոչ թե հիմա, երբ «Հայաստանի արտաքին քաղաքականություն» հասկացությունը անիմաստ, ոչինչ չասող բնույթ է կրում։ Ելույթի ժամանակ նախագահը հնչեցրել է վերջերս շրջանառության մեջ դրված այն միտքը ( ի դեպ, դա հնչեցրել էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը, երբ ասում եր, թե ինչ պետք է արվԵՐ երկրում ներդրումային մթնոլորտի բարելավման համար), որ արտերկրյա մեր դիվանագիտական կառույցները պետք է նպաստեն երկրում ներդրումների ավելացմանը։ Սերժ Սարգսյանը լավ կաներ՝ ուրիշներին խորհուրդ տալու ու սահմանադրական բարեփոխումների հիվանդագին մտքով տառապելու փոխարեն՝ մտածեր՝ ինչպես կարելի է, քանի դեռ պետական իշխանությունն իր ձեռքում է, բարելավել երկրի սոցիալ–տնտեսական իրավիճակը, վերացնել հասարակական լարվածությունը, քաղաքական ռիսկային մթնոլորտը և այլն։ Աստանայում տեղի ունեցածը միայն Հայաստանին ապտակ չէր. դա առաջին հերթին ապտակ էր (ու բավականին լուրջ) հենց Սարգսյանին։ Նա լռեց ու սեփական լռությամբ անուղղակի համաձայնվեց այն ամենին, ինչ ասվեց գագաթաժողովում երկրի հարցով։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը