Աշխարհ

28.05.2014 12:26


Աբխազիայի ընդդիմությունը հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարումը ստանձնելու մասին

Աբխազիայի ընդդիմությունը հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարումը ստանձնելու մասին

«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ` Աբխազիայի ընդդիմության առաջնորդներից Ռաուլ Հաջիմբան հայտարարել է, որ երկրի կուսակցությունների և հասարակական շարժումների համակարգող խորհուրդն իր վրա է վերցնում հանրապետության կառավարումը: Ընդդիմությունը պահանջում է հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականը:

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում կառավարական շենքերի առջև կայացած ցույցի մասնակիցները պահանջել են իշխանական համակարգի փոփոխություն:
Երեկ երեկոյան ընդդիմության ներկայացուցիչները վերահսկողության տակ են վերցրել նախագահական պալատը, իսկ Ռաուլ Հաջիմբան իր կողմնակիցներին կոչ էր արել չլքել հրապարակն, ու հայտարարել, թե «ընդդիմությունը ստանձնում է երկրի ժամանակավոր կառավարումը»:
Իր հերթին Ալեքսանդր Անկվաբը հանդես է եկել հայտարարությամբ` հայտնելով, թե իշխանություններն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում հանրապետությունում օրինականության պահպանման ուղղությամբ:

«Ես գտնվում եմ Աբխազիայում: Անվտանգության խորհրդի հետ քննարկում ենք զարգացումների տարբերակներ: Իմ և գործընկերներիս գործողությունների նպատակն է կանխել երկրի համար վտանգավոր դեպքերի ընթացքը»,- հեռուստաուղերձում ասել է Անկվաբը:

Այս խորագրի վերջին նյութերը