Հարցազրույց

27.05.2014 17:25


«Պետք է սահմանադրական փոփոխությունների՝ իշխանության նախաձեռնությանը չտրվել»

«Պետք է սահմանադրական փոփոխությունների՝ իշխանության նախաձեռնությանը չտրվել»

Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ

–ՀՀԿ 15–րդ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները նաև կատարվում են կուսակցությունների դերի բարձրացման համար։ Բայց մենք տեսանք, որ ՀՀԿ–ն դեմ քվեարկեց 100% համամասնական ընտրակարգին անցնելուն։ Այս երկու փաստերն իրար չե՞ն հակասում։

–Երբ հաստատվում էր Կառավարության ծրագիրը, իմ ելույթում ասացի՝ այս կարճ ժամանակահատվածում քաղաքական մեծամասնությունն արդեն հասցրեց արժեզրկել սահմանադրական փոփոխությունների գաղափարը։ Ինչի մասին խոսում ենք՝ հղում են անում սահմանադրական բարեփոխումներին։ Իսկ եթե կոնկրետ անդրադառնանք 100% համամասնական ընտրակարգին և կուսակցությունների դերի բարձրացմանը, ապա Ընտրական օրենսգրքով է կարգավորվում համամասնականի և մեծամասնականի բաշխվածությունը։ Այսինքն, դրա համար Սահմանադրություն փոխել պետք չէ՛։ Ի դեպ, այս մեկ տարվա ընթացքում և՛ «Ժառանգությունը», և՛ վերջերս ՀՅԴ–ն, որպես հրատապ հարց, 100% համամասնականին անցնելը ներկայացրեցին ԱԺ–ին, բայց երկու անգամն էլ մերժվեց։ Ծիծաղելին գիտե՞ք՝ որն է՝ եթե երկրորդ անգամ մերժելը հիմնականում պայմանավորեցին սահմանադրական փոփոխություններով (ինչն անընդունելի է և երեսպաշտություն), ապա «Ժառանգության» կողմից այդ օրինագծի ներկայացման ժամանակ դեռ սահմանադրական փոփոխությունների հարց չկար։ Այդ անգամ իրենց հիմնական հակափաստարկն այն էր, որ քաղաքական դաշտը կայացած չէ։

–100% համամասնականին անցնելը մերժելու իրական պատճառը ո՞րն է։

–Հստակ է, որ չկա՛ ցանկություն, և ուղղակի ուզում են սողանցնքներ գտնել՝ արդարացնելու իրենց բուն նպատակը։ Բոլորս շատ լավ հասկանում ենք՝ իշխանությունը չի ուզում հայտարարել, որ առանց 41 մեծամասնական մանդատի՝ չի կարող ընտրություններում հաղթել։ Գուցե ճիշտ կլինի՝ տղամարդկություն ունենան և ասեն՝ պահում ենք մեծամասնական համակարգը, որովհետև ուզում ենք վերարտադրվել։ Բոլոր մյուս բացատրությունները երեսպաշտություն են։ Պարզ է, որ քաղաքական դաշտի, քաղաքական ուժերի, ընտրական գործընթացների կայացման, պետության զարգացման համար բացահայտ խոչընդոտ է հանդիսանում այդ 41 տեղ մեծամասնական համակարգը։

–Ասացիք՝ համամասնական համակարգին ՀՀԿ–ն չի ուզում անցնել, որովհետև վախենում է չվերարտադրվելուց։ Իսկ սահմանադրակա՞ն փոփոխություններ նախաձեռնելու բուն նպատակը ո՞րն է։

–Տարբեր առիթներով ասել եմ՝ սահմանադրական փոփոխությունների հղումները՝ ստվերային տնտեսություն, մենաշնորհներ, կոռուպցիա, տնտեսական մրցակցության բացակայություն և այլն, սահմանադրական փոփոխությունների հետ բացարձակապես կապված չեն։ Այսօր եղած օրենսդրությամբ էլ կարելի է այդ բոլորը վերացնել։ Դրա համար ընդամենը մեկ շատ կարևոր բան է պակասում՝ իշխանությունը դրանք վերացնելու քաղաքական կամք չունի։ Հետևաբար, շատ հստակ է՝ այս ծանր իրավիճակում սահմանադրական բարեփոխումները օրակարգ բերելը մեկ նպատակ է հետապնդում՝ շեղել թե՛ քաղաքական դաշտի, թե՛ ժողովրդի ուշադրությունը։

–Չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանի բուն նպատակն իր վերարտադրությունն ապահովելն է։

–Ցանկացած փոփոխություն, որը հիմա արվում է (և դա տառապանքի փորձով է ապացուցված), մեկ նպատակ է հետապնդում՝ ապահովել այս իշխանության վերարտադրումը։ Դա միանշանա՛կ է։ Եվ իշխանությունների ձեռնարկած քայլերը, կամ այն շեշտադրումները, որ հնչեցին ՀՀԿ համագումարում՝ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ մյուսների ելույթներում, իրենց բովանդակությամբ բացարձակ համարժեք չեն հայաստանյան այսօրվա իրականությանը։ Կարծում եմ՝ հիմնական քաղաքական ուժերը ճիշտ են ընկալել, որ սահմանադրական փոփոխություններն ուշադրությունը շեղելու համար են։ Պետական կառավարման պառլամենտական համակարգը՝ որպես այլընտրանք, մեր քաղաքական իրականությունում արդեն 25 տարվա պատմություն ունի։ Ես 1993թ. լինելով Սահմանադրական հանձնաժողովի անդամ՝ ինքս Սահմանադրության այլընտրանքային նախագծի (որտեղ պետական կառավարման համակարգը պառլամետականն էր) ներկայացնողներից մեկն էի։ Այսինքն, այս հարցը միշտ էլ եղել է քաղաքական օրակարգում։ Բայց վերցնել և պետության այս ծանր պահին ամեն ինչ պայմանավորել սահմանադրական փոփոխություններով բացարձակ քաղաքական նպատակ է հետապնդում, և քաղաքական ուժի՛ շահից բխող քաղաքական նպատակ։

–Ինչպե՞ս կարելի է կանխել այդ նպատակի իրագործումը։

–Քաղաքական ուժերը պետք է ճիշտ գնահատեն ստեղծված իրավիճակը, նաև նրանք, ովքեր կողմ են խորհրդարանական համարագին։ Պետության վիճակը երբեք այսքան վատ չի եղել։ Ես նկատի ունեմ և՛ սոցիալ–տնտեսական, և՛ բարոյահոգեբանական իրավիճակը։ Պետք է հասկանալ, որ այս պահին սահմանադրական փոփոխությունների հարցն ուշադրությունը շեղելու համար է։ Այդ փոփոխություններն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ համեմատաբար կայուն իրավիճակ, և այդ ժամանակ նոր լրջորեն զբաղվել այդ հարցով։ Եվ եթե իշխանությունը ձևավորել է միայն իշխանության ներկայացուցիչներից կազմավորված Սահմանադրական հանձնաժողով, և ինքն այս պահին փորձում է դա մատուցել որպես փրկության միակ ճանապարհ, իրական քաղաքական գործիչները հասկանում են՝ դա ուշադրություն շեղելու համար է։ Սա կանխելու համար պետք է իրավիճակին համարժեք քայլեր ձեռնարկել, որից մեկն էլ սահմանադրական փոփոխությունների՝ իշխանության նախաձեռնությանը չտրվելն է և այս իրավիճակից դուրս գալու համապատասխան մեխանիզմներ առաջարկելը։ Հատկապես 4 քաղաքական ուժերի համագործակցության արդյունքում ամենատարբեր ոլորտներին առնչվող նախագծեր են ներկայացվել, և լուծման ճանապարհ է ցույց տրվել։ Ցավոք, ինչքան էլ իշխանությունն ասում է՝ ականջալուր ենք, իրականում ականջալուր չեն։ ՀՀԿ–ի համագումարն էլ ցույց տվեց, որ ականջալուր չեն ժողովրդի կողմից բերված օրակարգերին։ Այսինքն, 4 քաղաքական ուժերն իսկապես ականջալուր են ժողովրդի պահանջներին, և մեր օրակարգում բացարձակապես հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են, իսկ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի համակարգը պահի և վերարտադրվի՝ զորօրինակ սահմանադրական փոփոխությունները։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը