Հարցազրույց

27.05.2014 15:07


Հրանտ Տեր–Աբրահամյան. «Փաստացի, պետական հեղաշրջման հայտ է ներկայացվել»

Հրանտ Տեր–Աբրահամյան. «Փաստացի, պետական հեղաշրջման հայտ է ներկայացվել»

Հարցազրույց ՀԱԿ վաչրության անդամ Հրանտ Տեր–Աբրահամյանի հետ

–Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հիմնական ենթատեքստը ո՞րն եք համարում։

Սերժ Սարգսյանն անընդհատ խոսում է սահմանադրական բարեփոխումներից, բայց որևէ լուրջ հիմնավորում չի բերվում, թե ինչո՞ւ են դրանք այդքան կարևոր, ինչո՞ւ են դրանք օրակարգի թիվ մեկ հարց փորձում դարձնել: Իր ելույթում նա շատ երկար խոսում է, որ նպատակը երկրում դեմոկրատիայի հաստատումն է, անկախ դատական իշխանության և այլն: Բայց նախ՝ բոլորին էլ պարզ է, որ երկրում դեմոկրատիա հաստատելու համար ոչ թե իրավական բարեփոխում է անհրաժեշտ, այլ թեկուզ գործող Սահմանադրության բառացի կիրառում: Երկրորդ՝ զուտ իրավական գործողությունները բավական չեն դեմոկրատիա հաստատելու: Հիմա էլ ունենք, համենայնդեպս, ոչ բռնապետական Սահմանադրություն: Իրական քաղաքական կամք և ուժային բալանս է պետք դրա համար: Միով բանիվ, պարզ է, որ ելույթում հնչած հիմնավորումները համոզիչ չեն, և քողարկում են իրական նպատակները: Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանն ինքն այսքանը չի հասկանում: Իսկ եթե, այնուամենայնիվ, այդքան պնդում է այս խնդրի վրա, ուրեմն պետք է լինի ինչ-որ այլ շահ ու նպատակ, որի մասին ուղիղ չի ասվում: Հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանի հիմնական ռազմավարական նպատակն իշխանության պահպանումն է, մոտվիացիան պետք է այդտեղ փնտրել:

Այսինքն, սահմանադրական փոփոխություններն արվում են երկրի փաստացի ղեկավարի կարգավիճակում վերարտադրվելու նպատակո՞վ։

–Այո՛, կարծում եմ՝ հենց ա՛յդ խնդիրն է դրված: Դրա մասին հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, և ՀՀԿ խոսնակ Շարմազանովն են նույնիսկ ակնարկել: Նրանք փաստացի բարձրաձայնել են մի ծրագիր, համաձայն որի՝ իշխանությունը մոտակա տասնամյակում առնվազն պետք է մնա ՀՀԿ–ի ձեռքում: Այսինքն, հայտ է ներկայացվել փաստացի միակուսակցական համակարգի ձևավորման և փաստացի պետական հեղաշրջման՝ իշխանության վերջնական ուզուրպացիայի, որովհետև, եթե դու ասում ես, որ իշխանությունը մնալու է մեկ կուսակցության մոտ, նշանակում է՝ կանխորոշում ես ՀՀ քաղաքացիների ընտրությունը, կեղծում ես նախապես: Տվյալ դեպքում, ի դեպ, ՀՀԿ ասելով պետք է հենց Սերժ էլ կարդանք: Թող ոչ ոք հույսեր չունենա, որ ՀՀԿ-ն՝ որպես կառույց, այդտեղ դեր է ունենալու: Սերժը որ հասնի իր նպատակին, պետք է նաև ՀՀԿ-ի հարցերը լուծի: Այդ կառույցը, ճիշտ է, արդեն գրեթե 100-տոկոսանոց բյուրոկրատական է, բայց ծագմամբ քաղաքական է, և դրա որոշ հետքեր մնացել են: Սերժին պետք է ոչ թե այդպիսի կառույց, այլ դասական հետսովետական Ենի Ադրբեջան՝ բացարձակապես վերևից ձևավորված, որևէ քաղաքական անցյալից կամ մնացորդից զուրկ բան: Չմոռանանք, որ երիտսերժականները ՀՀԿ-ին իրենց թշնամին են համարում: Այնպես որ, էստեղ ավելի բարդ կարող է լինել ամեն ինչ: Բայց դա, անշուշտ, իրենց խնդիրն է. հասարակությունը պետք է հասկանա մի բան՝ վատից էլ վատը կա, ու Սերժն այսօր ռեալ մարտահրավեր է նետել բոլորիս, հերթական մարտահրավերը:

–Այդ դեպքում ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հայտարարում, որ մտադիր է բարձրացնել կուսակցությունների դերը։ Ի դեպ, դրան զուգահեռ՝ Սերժ Սարգսյանը ԱԺ ՀՀԿ–ական մեծամասնության ձեռքերով մերժում է 100% համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը, ինչը լրջագույն խոչընդոտ է կուսակցությունների կայացման համար։

–Սերժ Սարգսյանը կեղծո՛ւմ է: Բնականաբար, նա չի՛ ուզում բարձրացնել կուսակցությունների դերը: Պարզապես տեսնում է, որ հակառակ իր ցանկության՝ վերջին շրջանում ուժեղացել են ընդդիմադիր ուժերի դիրքերը (ես ընդդիմադիր ասելով նկատի ունեմ, այսպես կոչված, ոչիշխանական ուժերին): ԱԺ-ում արդեն մեծամասնության խնդիր ունի իշխող ուժը: Սերժը փորձում է ձև տալ, որ դա իրեն չի մտահոգում, նույնիսկ իր պլանների մեջ է մտնում: Դա ծիծաղելի է: Իր պլանների մեջ մտնում է միայն սեփական իշխանությունը: Նա փորձում է հիմա մի քանի ուղղությամբ «կտուղերձներ» հղել: Ասենք, ասում է՝ եկեք երկկուսակցական համակարգի անցենք: Դա հիմարություն է, որովհետև իրապես երկկուսակցականի համար պետք է երկու կուսակցությունն էլ մերթընդմերթ դերերով փոխվեն ընդդիմություն-իշխանություն համակարգի մեջ: Պատկերացնո՞ւմ եք ՀՀԿ-ին ընդդիմություն: Հաջորդ օրն այդտեղ մարդ չի մնա՝ Սերժից սկսած: Ուզում է սրանով ԲՀԿ-ին ուղերձներ հղի, մասամբ այլ ուժերին, որ ես պատրաստ եմ փոխզիջման և այլն: Բայց դա փոխզիջում չէ, այլ ոչնչացման ծրագիր, որովհետև, եթե դու, թեկուզ որպես երկրորդ կամ երրորդ ուժ, չես կարող, չես հավակնում իշխանություն ձևավորել, ուրեմն դու դեկորատիվ ես. դա չեղավ երկկուսակցական համակարգ: Այդ մոդելը՝ արհեստական երկկուսակցականության, բազմակուսակցականության, կա էսօր Ռուսաստանում, դա արհեստական բան է: Ի դեպ, Սերժին մոտ կանգնած փորձագետներն էլ այսօր «կանխատեսում են», որ 17 թվին կունենանք խորհդարան՝ երկու կամ երեք ուժից: Սա իրենց ուղերձն է մեզ՝ արտաքուստ շատ բարի, «անմաղձ», բայց պետք է սթափ վերլուծենք դրա իրական բովանդակությունը: Կարծում եմ՝ քաղաքական ուժերից ոչ մեկը դա չի ընդունի հալած յուղի տեղ: Զարգացումների տրամաբանությունն այլ տեղ է տանում մեզ՝ ոչ թե փոխզիջում, այլ հակասության խորացում:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը